Լրահոս
Օրվա լրահոսը

«Իքս ժամը» մոտենում է

Հունվար 25,2003 00:00

«Իքս ժամը» մոտենում է Վերջին հարցումների համաձայն, ֆրանսիացիների 75 եւ բրիտանացիների 47 տոկոսը իրենց անհամաձայնությունը հայտնեցին Իրաքի դեմ պատերազմին, իսկ ԱՄՆ-ի մի շարք քաղաքներում հակապատերազմական ցույցեր տեղի ունեցան։ Միայն Վաշինգթոնում այդ ցույցերին մասնակցեց (տարբեր հաշվարկներով) 200-500 հազար մարդ։ Ցուցարարները մեղադրում էին նախագահ Բուշին, որ նա ուզում է նավթի համար զոհել ամերիկյան զինվորների կյանքը։ Պետական մակարդակով պատերազմին դեմ են Ռուսաստանը, Չինաստանը, Գերմանիան եւ Ֆրանսիան։ Վերջինը պատրաստ է անգամ հարկ եղած դեպքում օգտագործել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում իր վետոյի իրավունքը։ Չինաստանը եւ Ռուսաստանը պնդում են, որ միջազգային դիտորդներին պետք է հնարավորություն տալ վերջացնել իրենց աշխատանքը Իրաքում։ Ի պատասխան դրան, Բուշը հայտարարեց, որ անհրաժեշտության դեպքում ԱՄՆ-ն կգործի առանց ՄԱԿ-ի սանկցիայի։ Պենտագոնի ղեկավար Դոնալդ Ռանքավիլդը ասաց, որ Ֆրանսիայի եւ Գերմանիայի դիրքորոշումը, իհարկե, պրոբլեմ է ԱՄՆ-ի համար, բայց դա դեռ ամբողջ Եվրոպան չէ։ Թվում է, որ դա անզգույշ հայտարարություն էր, քանզի հենց Ֆրանսիան եւ Գերմանիան միշտ որոշիչ ազդեցություն են ունեցել Եվրոպայի հավաքական դիրքորոշման վրա։ Ուշագրավ է, որ հենց վերջին օրերին տեղի է ունեցել Ֆրանսիայի եւ Գերմանիայի միասնական նստաշրջանը, որտեղ կողմերը որոշում են կայացրել առավել սերտ համագործակցել քաղաքական եւ տնտեսական ոլորտներում։ Որոշ մեկնաբաններ խոսում են անգամ հեռավոր ապագայում երկու երկրների միավորման մասին։ Պարզ է, որ այդ միջոցառումը առաջին հերթին կոչված էր ցույց տալու ԱՄՆ-ին, որ երկու տերությունները այլեւս չեն ուզում «հալած յուղի» տեղ ընդունել ԱՄՆ-ի ցանկացած դիրքորոշում։ Անտեսելով այս ամենը, ԱՄՆ-ն շարունակում է Իրաքի շուրջ կուտակել զինվորական ստորաբաժանումներ եւ ռազմական տեխնիկա, հասցնելով ավիակիրների քանակը չորսի, իսկ զինվորականների քանակակազմը՝ 150 հազարի։ Արեւմտյան մամուլը բացահայտ եւ վստահ գրում է արդեն, որ պատերազմը սկսվելու է փետրվարի 20-ից հետո (երեւի Բուշը սպասում է Հայաստանի նախագահական ընտրությունների ավարտին)։ Իսկ եթե լուրջ՝ իրավիճակի հանգուցալուծումը այդքան էլ հստակ չէ։ Կամ ԱՄՆ-ն կկարողանա «համոզել» առնվազն Ֆրանսիայի եւ Գերմանիայի ղեկավարներին, կամ ստիպված կլինի սկսել պատերազմը հզոր ընդդիմության ներքո, ինչը կարող է բավականին լուրջ հետեւանքներ ունենալ։ Առաջին հերթին, վերջնականապես պարզ կդառնա, որ միջազգային իրավունքը այլեւս չի գործում, քանզի երկրներից մեկը քայլեր է կատարում հիմնվելով միայն իր ռազմական ուժի գերակայության վրա։ Մեծ հարցականի տակ կդրվի զանգվածային ոչնչացման սպառազինությունների չտարածման գաղափարը որպես այդպիսին։ Իսկապես, եթե սուվերեն երկրները պաշտպանված չեն ՄԱԿ-ի եւ միջազգային օրենսդրության կողմից, օրինակ, ԱՄՆ-ի կամայականություններից, որը կարող է ցանկացած պահի տվյալ երկիրը «չարիքի առանցքին» պատկանող հայտարարել եւ պատերազմ սկսել նրա դեմ։ Վերջին տասնամյակների փորձը ցույց է տալիս, որ լուրջ զսպող գործոն ցանկացած ագրեսիայի դեմ կարող է հանդիսանալ միայն միջուկային զենքը։ Քաղաքագետների մեծամասնության կարծիքով, 3-րդ համաշխարհային պատերազմը իրողություն կդառնար, եթե խոշոր տերությունները այդ զենքը չունենային։ Փորձենք այս տեսանկյունից նայել նույն Իրաքի կամ Հյուսիսային Կորեայի խնդիրներին։ Ինչո՞ւ մենք, հետեւելով ԱՄՆ-ի տրամաբանությանը, իրավունք չենք վերապահում այդ երկրներին սեփական միջուկային վահան ունենալ։ Իհարկե, նման մոտեցումը կարող է բերել միջուկային զենքի «չափից ավելի» լայն տարածմանը եւ անգամ ահաբեկչական խմբավորումների եւ կազմակերպությունների ձեռքում հայտնվելուն։ Սակայն այդ գործընթացին այլընտրանք կարող է հանդիսանալ միայն միջազգային նորմերի վերականգնումը եւ ՄԱԿ-ի դերի բարձրացումը։ Իսկ դրա համար Իրաքի դեմ ապօրինի պատերազմը պետք է կանգնեցվի։ Ստացվում է փակ շրջանակ։ ԱԼԵՔՍԱՆԴՐ ԱՂԱՄԱԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել