Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

ՉԵՆ ՀԱՍՑՆՈՒՄ, ՈՐՈՎՀԵՏԵՎ ՇԱՏ ԵՆ ՍԻՐՈՒՄ

Հունվար 28,2003 00:00

ՉԵՆ ՀԱՍՑՆՈՒՄ, ՈՐՈՎՀԵՏԵՎ ՇԱՏ ԵՆ ՍԻՐՈՒՄ Արաբկիր համայնքի Թբիլիսյան խճուղում անժամկետ տարածք վարձակալած այս աղբակույտին օրերս հարեւան է եկել ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նախընտրական շտաբը։ Որպես կանոն, նախագահի այս թեկնածուի նախընտրական շտաբները «բնավորություն» ունեն տեղակայվելու շատ ավելի նախընտրելի ու լավ պայմաններով տեղերում։ Ինչեւէ, այս աղբակույտի ճակատագիրն, ամենայն հավանականությամբ, վտանգի տակ է։ Աղբակույտում բնակվող մանրէների կամ այդտեղ սնվող չորքոտանիների մասին՝ չենք կարող ասել, սակայն հարակից շենքերի բնակիչներին նախընտրական շտաբի առկայությունը փոքր-ինչ ոգեւորել էր։ Քանի որ, վերջիններիս կարծիքով, թաղապետարանի կողմից ամիսներ շարունակ անուշադրության մատնված աղբը գոնե այս օրերին կտեղափոխվի։ Եվ մինչ նշյալ տարածքի ընտրազանգվածը շարունակում է ենթադրել, աղբը՝ ավելանալ, իսկ երկու հարեւաններն՝ անխռով ապրել, հակասանիտարական վիճակից շրջապատի երեխաներն են տուժում, որոնք ամեն վայրկյան անմիջական շփման մեջ են լինում աղբանոցի հետ՝ այնտեղից դուրս բերելով իրենց համար անհրաժեշտ իրեր։ Հասկանալի է, թե երեխաների առողջությունն ինչքան է վտանգվում։ Իսկ տեղական ինքնակառավարման մարմինները, սեփական պարտականությունները մոռացած, ներկայիս նախագահի քարոզարշավում բուռն գործունեություն են ծավալում։ Նախընտրելի կլիներ, որ թաղապետերն ու իրենց ենթակաները նախագահի նախընտրական շտաբներում «ներկա» ստանալու, իրենց ներկայությունը ժամերով ապահովելու, մեկ-մեկ էլ ճառ ասելու կամ երկրին անմնացորդ ծառայելու երդումներ տալու փոխարեն օրումեջ էլ իրենց գործով զբաղվեին։ Հատկապես, որ իրենց (ՏԻՄ) ընտրությունների ժամանակ շատ բծախնդիր են նման հարցերում եւ համայնքի տարածքն ուղղակի փայլեցնում են։ Սա, կարծում ենք, նախագահ Քոչարյանի նախընտրական շտաբի PR-ի բացթողումն է, որը գուցե փորձել են լրացնել, իրենց կարծիքով, հնարամիտ քայլով։ ՀՀ Ընտրական օրենսգրքի 21-րդ հոդվածի 3-րդ կետով «արգելվում է քարոզչական պաստառի վրա Հայաստանի Հանրապետության զինանշանը եւ դրոշը պատկերելը»։ Ինչպես երեւում է երկրորդ լուսանկարում, դրոշը «պատկերված» է պաստառին կից։ Ի տարբերություն շատ այլ դեպքերի, երբ պետական հիմնարկների շենքերում է տեղակայված նախագահի նախընտրական շտաբը, այս երկուսը նման հիմնարկներ չեն եւ պարտադիր չէ դրոշի առկայությունը։ ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել