Լրահոս
Օրվա լրահոսը

«Արմենիկումը»՝ ծույլ ուսանող

Հունվար 28,2003 00:00

«Արմենիկումը»՝ ծույլ ուսանող «Արմենիկումը» շուկայում եղած համանման դեղերից վատն է։ Նույնիսկ նրա նախահայրերն են ասում, որ այն սպիդը չի բուժում»,- «ԶԼՄ-ների դերը ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարում» թեմայով սեմինարին հայտարարեց «Վորլդ Վիժըն» կազմակերպության ՄԻԱՎ/ՁԻԱՀ ծրագրի տարածաշրջանային կոորդինատոր Լաուրենթիո Զոլոտուչկան։ Դոկտորը տեղեկացել էր, որ «Smith Klain Beecham» դեղագործական ֆիրման մոտավորապես մեկ տարի առաջ ՀՀ կառավարությունից մի քանի հազար էջանոց փաստաթուղթ է ստացել՝ «Արմենիկումի» մասին։ Երեք ամիս տեւած թարգմանական եւ հետազոտական աշխատանքից հետո ֆիրման հայտարարել է, որ հետաքրքրված չէ «Արմենիկումով»։ Բացի վերջին հանգամանքի՝ տխուր ու հիասթափեցնող բնույթից, մեզ մտահոգեց նաեւ այն, որ մեր կառավարությունը կարող էր իրեն միամիտի տեղ դնել ու հազարավոր էջերով չթարգմանված նյութ ուղարկել՝ ծախսի տակ դնելով դիմացինին։ Հուսով ենք, որ առնվազն այս հարցում դոկտոր Զոլոտուչկան սխալվում էր եւ «փնթի» թղթատարության մեղավորը «Արմենիկում» ծրագրի պատասխանատուներն են։ «Առավոտը» ուրիշ անգամների պես այս անգամ չի դիմելու «Արմենիկումի» այսպես կոչված պատասխանատուներին, քանի որ մոտավորապես մեկ տարի առաջ այդպիսիք մենք չհայտնաբերեցինք. «Արմենիկում» կլինիկայի մասին մեր սկանդալային տեղեկությունները ստիպված էինք տպագրել առանց ծրագրի ղեկավարների եւ ջատագովների մեկնաբանությունների, քանի որ վերջիններս մեկը մեկի վրա էին գցում հարցերին պատասխանելու «պատիվը»։ Դոկտոր Զոլոտուչկայի հայտնած տեղեկությունը արժեքավոր է հատկապես այնքանով, որ վերջապես մի օտարերկրյա մասնագետ խոսում է «Արմենիկումի» մասին։ Եվ հայտնում է դեղագործական ֆիրմայի կարծիքը։ «Արմենիկումի» օգտին չէ նաեւ այն հանգամանքը, որ դրա փորձարկում-ուսումնասիրությունների մեջ ներգրավված չէ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը։ Իսկ նման «դարի ձեռնարկի» դեպքում մասնագետները պետք է որ ծանոթանան «ամենափրկիչ» դեղերի ճանաչման ընթացակարգին, առանց որի միջազգային հանրությունը չի ընդունի դրանք։ Դատելով թարգմանական նյութի բացակայությունից, կարելի է պատկերացնել մնացած աշխատանքների լրջության աստիճանը։ Համենայնդեպս, մեր այսօրվա տեղեկություններով էլ «Արմենիկում» կլինիկայում բուժվող չկա, բուժանձնակազմը մեծ մասամբ ցրվել է, իսկ դեղի «հոտն» էլ չի գալիս։ Վաղուց նաեւ Կոլյա Կոլեսնիկովից ձայն չկա։ Ի դեպ, անցյալ տարվա հրապարակումից հետո ոչ ոք պաշտոնապես չհերքեց, փոխարենը բազմաթիվ աղբյուրներ «աչքունքով» հաստատեցին հոդվածում բերված բոլոր տեղեկությունները՝ իհարկե խնդրելով չհրապարակել իրենց անունները։ Եթե «Արմենիկումի» հաղթարշավն ավարտվել է, հարկ է, որ այդ մասին պաշտոնապես հայտարարվի, որ՝ ժողովուրդ, հույսներդ կտրեք ու… պահպանակ օգտագործեք։ Համենայնդեպս, «հրաշագործ» դեղի մուտքը շռնդալից ու աղմկոտ էր, ավելի՝ քան 11-րդ Կարմիր բանակինը՝ Երեւան։ Ինչեւէ, մեր «Արմենիկումը» մի քննությանն արդեն կտրվել է։ Թեեւ անգամ այսքանից հետո դոկտորը խորհուրդ տվեց չշտապել եւ դեռ մի հինգ տարի էլ սպասել վերջնական եզրակացությունը տալու համար։ ԱՐԵՎՀԱՏ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել