Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

ԹԵԿՆԱԾՈՒՆ ՀՅՈՒՍԻՍԻՑ

Հունվար 28,2003 00:00

ԹԵԿՆԱԾՈՒՆ ՀՅՈՒՍԻՍԻՑ Եթե նույնիսկ Եվրախորհրդի տատը պապի ձեռքից բնած գա՞ ՀՀ նախագահի թեկնածու Արամ Կարապետյանը իր նախընտրական անդրանիկ քարոզարշավը սկսեց Շիրակի մարզից (Մարալիկ) եւ այն ավարտեց Արագածոտնի մարզով (Թալին)։ Մինչ այդ նա հանդես էր եկել Մամուլի ազգային ակումբում եւ հարցազրույց տվել մոսկովյան թերթերից մեկին, գտնվելով այնտեղ։ Արամ Կարապետյանին դիմավորեցին աղուհացով եւ, համենայնդեպս, տարվա խորհրդանիշը նրա պատվին որեւէ տեղ չմորթվեց։ Կերպարը, որ մատուցվել էր ժողովրդին, ընդունված է դիտել իբրեւ թեկնածու հյուսիսից եւ այցելությունների ժամանակ հատկապես ազդեցիկ էին նրա կենսագրության հետեւյալ պահերը. ջահել լինելը (ծնվել է 1964թ.), աշխատանքային փորձը (աշխատել է ՌԴ Պետդումայում, Ազգային անվտանգության խորհրդում՝ Հարավային ուղղության ղեկավար) եւ այն, որ 1996-99թթ. ՌԴ գիտությունների ակադեմիայի Քաղաքական հետազոտությունների ինստիտուտի դոկտորանտուրայում, 35 տարեկանում, ստացել է քաղաքագիտության դոկտորի գիտական աստիճան։ Երկու պարագայում նրան նմանեցնում են մոսկվաբնակ քաղաքագետ Արկադի Վարդանյանին եւ միակ մտավախությունն այն էր, թե հանկարծ թեկնածուին չսպառնա նույն այն ճակատագիրը, ինչ սպառնացել է Արկադի Վարդանյանին։ Չնայած այս թեկնածուի ինտելիգենտ կերպարի տակ (ինչ-որ տեղ՝ փափուկ) բավականին հաջող դրվեց հարթակային փորձառու քաղաքական գործչին բնորոշ հատկանիշներ։ Նա կարողանում էր լսարանը վերցնել, շահել համակրանքը եւ շահում էր հետաքրքիր բառամթերք մատուցելով։ Օրինակ, երբ խոսում էր (Թալինի մշակույթի պալատի դիմաց) քաղաքացիների անպաշտպանվածության մասին, հետեւյալ միտքն արտահայտեց. «Ո՞ւր պիտի դիմի քաղաքացին, դատական համակարգը սպառված է, առաջին ատյանի՞ն, բայց նա գերադասում է բիրիք վերեւին տալ եւ իր հարցերը լուծել։ Բիրիք ավելի էժան կլինի»։ Երբ Մարալիկում թեկնածուին դիմեցին պարոն բառով, նա անմիջապես գրավեց ընտրազանգվածին եւ արժանացավ նույնիսկ ծափերի իր այս հայտարարությամբ. «Պարոն բառը իմ պարագայում կվերանա»։ Խոսելով «Ես քեզ, դու՝ ինձ» սկզբունքի մասին, նա այն որակեց «ախպերական», ինչը դարձյալ դուր եկավ նրա հետ հանդիպման եկածներին։ Արամ Կարապետյանին դիմավորեց «Արաբկիր» պարի համույթը, իսկ նրա ոտքը դեպի Թալին համընկավ մի հարսանիքի շարասյան հետ։ Նա գրավեց նաեւ մասսաներին, առատորեն բաժանելով իր գունավոր օրացույցը եւ ծրագիրը։ Չընտրվելու դեպքում, այս թեկնածուին էլի հիշելու ենք՝ օրացույցն ամեն օր օգտագործելով։ Ծրագիրը, որը նախատեսված է ԶԼՄ-ներին բաժանել այսօր, մի քիչ շուտ մեր ձեռքի տակ է։ Թեկնածուն նախատեսում է ֆինանսական համաներում կիրառել հանրապետությունից դուրս հանված ֆինանսների նկատմամբ, այդ իսկ պատճառով նախատեսում է ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարությունում ստեղծել ֆինանսական հետախուզական խումբ։ Մի յուրօրինակ միտք է արտահայտում թեկնածուն, կապված «27»-ի քրեական գործը քաղաքական շահարկումներից ազատելու նպատակով։ Նա առաջարկում է իր ծրագրով նշանակել անկախ դատախազ եւ նույնիսկ գտնում. «Եթե անկախ դատախազ Հայաստանի ներսում չկա, ապա պետք է հրավիրել դրսից»։ Այս դեպքում անհասկանալի չէ ծրագրի կոչը. «Դիմում եմ բոլոր մասնագետներին. մի հեռացեք Հայաստանից»։ Ի դեպ, «27»-ի գործով մի հետաքրքիր միտք էլ արտահայտեց թեկնածուն, ասելով. «Եթե նույնիսկ Եվրախորհրդի տատը պապի ձեռքից բռնած գա, միեւնույն է՝ ոճրագործները գնդակահարվելու են։ Կասկածները պետք է փարատվեն»։ Այս թեկնածուն վստահ է, որ իրենք 2-րդ փուլ դուրս կգան առանց Ռոբերտ Քոչարյանի։ Մարալիկում գտնվելով, Ընտրական օրենսգրքի միակ խախտումը, որ նկատեցինք, հետեւյալն էր. քաղաքապետարանի շենքի վրա գրված էր «Ռոբերտ Քոչարյանի շտաբ»։ Հետաքրքիր է, ո՞վ էր երկնել այն եւ մի՞թե նրանք չեն անսացել թեկնածու Արամ Կարապետյանի այն զգուշացմանը, թե «գալիս են նոր ժամանակներ։ Այդ ժամանակները կերտվելու են մաքուր ձեռքերով»։ ՍԻՄ-ի ցանկացած թեկնածու, որքան մեզ հայտնի է, միշտ էլ հանդես է գալիս առանց ձեռնոցների։ ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել