Լրահոս
Օրվա լրահոսը

Եզակի նվիրատվություն

Հունվար 28,2003 00:00

Եզակի նվիրատվություն Աշոտ Ամիրյանն իր բացառիկ հարուստ գրադարանը (2000 կտոր գիրք) 2002թ. տարեվերջին նվիրեց Եղեգնաձորի Խաչիկ գյուղի միջնակարգ դպրոցին, որի տնօրենն է եղել 71 տարի առաջ։ Թե ինչպես եւ ինչու է Ամիրյանը ստեղծել անհատական գրադարան, այդ մասին գրում է հետեւյալը. «Ես մոլի ընթերցող եմ եղել եւ դա է պատճառը, որ ամբողջ կյանքում ստեղծել եմ անհատական շատ հարուստ գրադարան։ Թեմատիկայի բազմազանությամբ իմ գրադարանը հասարակական եւ ոչ դպրոցական գրադարան է։ Այն ստեղծել եմ 1925-ից ի վեր։ Հարյուրավոր գրքեր եմ նվիրել Վրաստանի հայկական եւ Ղարաբաղի դպրոցներին։ Այս նվիրատվությամբ ես ցանկացել եմ կոչ անել մասնավոր գրադարան ունեցող ընկերներին, որ հետեւեն իմ օրինակին եւ իրենց գրքային նվիրատվությամբ օգնեն հայ դպրոցին»։ Ա. Ամիրյանը հեռավոր Խաչիկում, Ալավերդու Սանահին կայարանի եւ Երեւանի Աբեղյանի անվան դպրոցներում հայոց լեզու եւ գրականություն դասավանդելուց հետո, 1943-ին հրավիրվում է աշխատանքի լուսժողկոմատ։ «45 տարի, առանց որեւէ ընդմիջման, շրջեցի Հայաստանի բոլոր գյուղերում ու քաղաքներում։ Չկար դպրոց, որ մի քանի անգամ այցելած չլինեի»։ Այս տարիներին ծավալվում է նրա բեղուն գործունեությունը. մեկը մյուսի ետեւից լույս են ընծայվում նրա դասագրքերը՝ հայոց լեզուն դպրոցներում ամուր հիմքերի վրա դնելու համար («Հայոց լեզվի գրավորներում աշակերտների կատարած տիպիկ սխալները եւ այդ սխալները վերանայելու միջոցառումները»- 1948թ., «Գրական խմբակը եւ նրա աշխատանքը»- 1954թ., «Գրավոր խոսքի բարելավման մի քանի հարցեր»- 1972թ., «Թելադրության եւ փոխադրության նյութերի ժողովածու ռուսական դպրոցների 2-10-րդ դասարանցիների համար»,- 1975թ., «Դպրոցական առձեռն բառարանահավաք»- 2000թ.)։ «Խոնարհվում եւ որդիաբար համբուրում եմ ձեր աջը. այն է ինձ կյանքի ուղի կանխորոշել»,- իր մի նամակում՝ ուղղված Ամիրյանին, գրում է Իջեւանի նախկին շրջկոմի քարտուղար Ջեմմա Անանյանը։ Ամիրյանի նկարագիրը լրացնում են նրա բազում աշակերտների եւ վաստակավոր այլ ուսուցիչների նամակները։ Այս տարի օգոստոսի 18-ին լրանում է մեծ ուսուցչի ծննդյան 95-ամյակը։ Հուսով եմ ու հավատով, որ ԿԳ նախարարը եւ Խաչիկ գյուղի միջնակարգ դպրոցի տնօրեն Սուրեն Թադեւոսյանը կանեն հնարավորը՝ դպրոցը Աշոտ Ամիրյանի անվամբ անվանակոչելու։ Այդ իրավունքը նա լիուլի վաստակել է։ ԱՆՅԱ ՉՈԲԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել