Լրահոս
Օրվա լրահոսը

«ԵՎ ՈՐՊԵՍ ԲԱՐԴԻՆ՝ ՍՈՍԱՓԵՑ ՀԱՅՈՑ ԵՐԿՆԱԿԱՄԱՐՈՒՄ»

Հունվար 29,2003 00:00

«ԵՎ ՈՐՊԵՍ ԲԱՐԴԻՆ՝ ՍՈՍԱՓԵՑ ՀԱՅՈՑ ԵՐԿՆԱԿԱՄԱՐՈՒՄ» ՀՀ նախագահի թեկնածու Ռ. Քոչարյանի այցը Արմավիր ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանն Ազգային բանակի ծննդյան 11-րդ տարեդարձի օրն այցելեց Հայաստանի մարդասիրական ականազերծման կենտրոն եւ Մարշալ Բաղրամյանի անվան բրիգադ։ Իսկ ՀՀ նախագահի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը երեկ Արմավիր քաղաքում հանդիպեց ընտրողների հետ։ Սա ճիշտ այն դեպքն է, երբ ասում են՝ ՊՉՈ Չ ՏՊվՏՎ։ Զինվորականները գլխավոր հրամանատարին դիմավորեցին զինվորական պատիվներով, զգաստ կանգնած երգեցին հանրապետության օրհներգը։ Մարշալ Բաղրամյանի անվան բրիգադում գլխավոր հրամանատարը բացատրում էր զինվորներին, որ «ծառայությունը դժվար է լինում, բայց հետո կյանքում տեսնում ես, որ ճիշտ էր», հետո էլ շնորհակալություն էր հայտնում ծառայության համար։ Պաշտպանության փոխնախարար Մանվել Գրիգորյանը զինվորական ճաշարանում բացատրում էր, որ սա ճաշարանն է, այնտեղ խոհանոցն է, որ օրը չորս անգամ հաց են ուտում։ Գլխավոր հրամանատարն էլ հետաքրքրվեց, թե «որտե՞ղ է մենյուն», ու գեներալ Մանվելի ուղեկցությամբ մենյուն ծայրից ծայր կարդացին, խոհանոցն էլ նայեցին։ Նույնիսկ մեր նման անպատասխանատու մամուլը նկատեց, որ ամեն ինչ հրաշալի էր. աման-չամանը՝ մաքուր, կոտլետը՝ թմբլիկ, սեղանին էլ թխվածք ու խնձոր կար։ Պարզապես կասկած կա, որ այդ ամենը հատուկ էր արված գլխավոր հրամանատարին ցույց տալու համար, իսկ եթե իրոք ամեն օր է այդպես եւ բոլոր զորամասերում (ոչ միայն ցուցադրականում) զինվորներն այդպես լավ ու մաքուր են սնվում, ուրեմն մենք շատ ավելի ուրախ ենք զինվորների ու նրանց մայրերի փոխարեն եւս։ Զինվորական բորշչի մասին խոսակցությունների արանքում էլ «Առավոտը» հարցրեց. «Պարոն հրամանատար, վերջին անգամ ե՞րբ եք զինվորական ճաշ կերել»։ Ռոբերտ Քոչարյանին հարցը չզարմացրեց՝ «նոյեմբերին, այո, նոյեմբերին»։ Դե ինչ, ուրախ ենք, որ զինվորները երեկ կուշտ փորով հաց կերան։ Զորամասն, իրոք, հրաշալի վիճակում էր, մաքուր եւ հավաք, զինվորական համազգեստը՝ թարմ, զինվորական երգերը զրնգում էին։ Իսկական բանակի տոնին արժանի վիճակ էր, ափսոս գլխավոր հրամանատարը զինվորներին նվերներ չէր տարել ու մեկ էլ հուզմունքն էր պակաս, այն հուզմունքը, որը բոլորս տեսանք 98 թ. մայիսին՝ զինվորական շքերթի ժամանակ, երբ Սպարապետ Վազգեն Սարգսյանը հայացքով ուղեկցում էր զորքերին։ Այսքանը՝ Բանակի օրվա եւ զորքերի գլխավոր հրամանատարի այցի մասին։ Հիմա՝ ՀՀ նախագահի թեկնածու Ռոբերտ Քոչարյանի նախընտրական այցի մանրամասները։ Ինչպես եւ սպասելի էր՝ Արմավիր քաղաքի հրապարակը մարդաշատ էր՝ ասեղ գցեիր՝ ներքեւ չէր ընկնի։ Ակնհայտորեն գերազանց էին աշխատել մարզպետ Վ. Հերոյանը, համակարգող նախարար Հ. Աբրահամյանը, ՀՅԴ տեղական կառույցը, մի խոսքով՝ ամբողջ իշխանական համակարգը։ Ամոթ էլ էր, որ այդքան մարդ չհավաքվեր, բա թեկնածուն չէ՞ր ասի՝ էս որ հետեւս շարվել եք, ձեր բերած ժողովուրդն ո՞ւր է։ Իսկ ժողովուրդ կար, թեպետ նրանց մի մասը կիսաթաքուն ասում էր, թե «զոռով» են բերվել, չէին կարող չգալ՝ աշխատանքից կզրկվեին։ Դե, քանի որ մարդիկ եկել էին, հենց հրապարակում էլ իմացան, որ Ռոբերտ Քոչարյանը «ազգային միասնության խորհրդանիշն է», որ նա «հավասարակշռված, ճկուն, հայանպաստ քաղաքականություն է իրականացնում», որ «Սարդարապատի հերոսների ժառանգներն ընտրելու են նրան», որ «նրա խոսքը տղամարդու խոսք է», որ Արմավիրի բոլոր գյուղերն ու համայնքները Քոչարյանի հետ են։ Նախագահական քարոզարշավի ընթացքում ակնառու է մի բան՝ ամենալավն այս օրերին օգտագործվում են ուսուցչուհիները։ Նրանց ելույթներն ուղղակի սպանում են իրենց բառարանային դժվար գործածելի բառերի առատությամբ։ Արմավիրցի ուսուցչուհի Աիդա Գրիգորյանն իր բոցաշունչ, բանաստեղծահեղափոխական ելույթում այնպիսի բառեր էր գործածում, որ ինձ՝ բանասիրական բարձրագույն կրթություն ստացածիս համար էին դժվարընկալելի, ուր մնաց՝ «լեզուների հմուտ գիտակ» թեկնածուի։ Ուսուցչուհին ոգեւորված այնքան խոսեց, որ արմավիրցիներից մեկն էլ չդիմացավ՝ «Դե պրծի էլի», ոգեւորությունը պատել էր նաեւ հարթակում կանգնածներին՝ ժպտում էին ե՛ւ թեկնածու Ռ. Քոչարյանը, ե՛ւ կրթության ու գիտության նախարար Լ. Մկրտչյանը, բոլորը։ Իսկ երբ ուսուցչուհին հասավ այն տեղին, երբ ասաց. «այդ բոցեղեն մարտերում թրծվեց, դարձավ ամրակուռ եւ որպես բարդին հայկական՝ սոսափեց հայոց երկնակամարում։ Երդվեց նա սուրբ խորանում, երդվեց Սուրբ գրքի վրա, անթեղված կրակը՝ երկիր շենացնելու, ժողովրդին կյանքի կոչելու համար, երբեք հանգիստ չտվեց երիտասարդ նախագահին», ոմանց նյարդերն այլեւս անկառավարելի դարձան։ Բայց ո՞վ կհամարձակվեր հռհռալ «հայկական բարդու» ներկայությամբ։ Եթե նկատենք, որ մինչ այդ էլ ելույթ ունեցողները՝ նորացված կոմունիստ Յուրա Մանուկյանը, ՀՀԿ փոխնախագահ Տիգրան Թորոսյանը եւ Ցեղասպանության թանգարանի տնօրեն Լավրենտի Բարսեղյանը թեկնածու Ռ. Քոչարյանին միայն դրական լույսով էին ներկայացրել՝ պատկերն ամբողջական կլինի։ Լավրենտի Բարսեղյանը, օրինակ, հայտարարեց, որ ցեղասպանություն տեսած ժողովրդի ժառանգները պետք է ընտրեն Ռոբերտ Քոչարյանին, իսկ Յուրա Մանուկյանը դիմեց ներկաներին. «Եղած 10 թեկնածուների մեջ կա՞ Ռ. Քոչարյանին արժանի այլընտրանք»։ Առաջին շարքում կանգնածները արձագանքեցին՝ չկա, ու ծափահարեցին։ ՀՀԿ փոխնախագահ Տիգրան Թորոսյանն էլ իր հերթին խոսեց հրաշքներից. «Դուք շատ լավ գիտեք, որ հրաշք չի լինում, այն, ինչ առաջարկում են՝ փետրվարի 20-ին կարթնանաք ու տեսնեք, որ ամեն ինչ լավ է, դուք երջանիկ եք, երկիրը բարգավաճ է, բնականաբար, շատ լավ գիտեք, որ նման բան չի լինում։ Անգամ ամենալավ հրաշքը, շատ լավ գիտեք՝ ինչպե՞ս է ստեղծվում։ Դրա համար հող պետք է փորել, ակոս պետք է բացել, անգամ այդ ժամանակ բահն ու խոփը քարին երբեմն կարող են առնել»։ Իրական հրաշքը, ըստ Տ. Թորոսյանի, երեւի այն է, որ իրենց թեկնածուն առաջարկում է աշխատել միասին։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել