Լրահոս
Օրվա լրահոսը

Մեր հարազատները տեղյակ չէին

Հունվար 29,2003 00:00

Մեր հարազատները տեղյակ չէին Բաց նամակ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանին Մեծարգո նախագահ, Ձեզ են դիմում «Արդշինբանկ» ԲԲԸ «Կենտրոն» մասնաճյուղի այն աշխատակիցների հարազատները, որոնց մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 17-90 հոդվածի 4-րդ մասով (խոշոր չափերի հափշտակության օժանդակություն)։ Դատաքննության ընթացքում ամբաստանյալների եւ նրանց պաշտպանների համար միանշանակորեն պարզ դարձավ, որ մեղադրանքը ճիշտ չէ որակված եւ նրանց գործողությունները չեն համապատասխանում ՀՀ քրօրի 17-90 հոդվածի 4-րդ մասին։ Դա ապացուցվեց ոչ միայն ամբաստանյալների, ավանդատուների, այլեւ վկաների մեծամասնության ցուցմունքներով։ Այս ամենից հետո հույս ունեինք, որ դատախազը կփոխի իր վերաբերմունքը եւ կանի դատաքննության ընթացքում ապացույցների հիման վրա ձեռք բերված միջնորդություն՝ մեղադրելով յուրաքանչյուր ամբաստանյալին իր կատարած արարքի համար։ Սակայն շատ անսպասելի, դատախազը վերահաստատեց իր միջնորդությունը՝ տառ առ տառ կարդալով ամբաստանյալների վերաբերյալ մեղադրական եզրակացությունում նշված մեղադրանքի կարճ բովանդակությունը։ Առանձնահատուկ ցանկանում ենք մեջբերել մեղադրանքի «գլուխգործոցը» հանդիսացող այն դրվագը, որ իբրեւ, մեղադրյալները կատարված հափշտակության փաստերը թաքցնելու նպատակով, նախապես համաձայնության գալով Գագիկ Ստեփանյանի հետ, 2002թ. փետրվարի 22-ին ստեղծել են պաշտոնական, բանկային եւ հաշվապահական կեղծ փաստաթղթեր, որոնց միջոցով «Ատլաս» ՍՊԸ-ի անունով ձեւակերպվել է խոշոր գումարի վարկ (վերջինը) եւ կեղծ փաստաթղթերով ցույց է տրվել որպես կանխիկ ելք։ Սակայն գործով վկա «Ատլաս» ՍՊԸ-ի տնօրեն Արմեն Ստեփանյանը դատարանում հաստատեց, որ այդ վարկի հետ կապված փաստաթղթերը (չլրացված, դատարկ վիճակում) ստորագրվել եւ կնքվել են իրենց բնակարանում, որ այդ գործարքի հետ կապված որեւէ խոսակցության, որեւէ պայմանավորվածության մեղադրյալները ներկա չեն եղել։ Եվ վերջապես այդ փաստաթղթերը Գագիկ Ստեփանյանին հանձնվել են իրենց հաշվապահի կողմից։ Այս փաստը, մեր կարծիքով, վկայում է այն մասին, որ հանցավոր համաձայնությունը եղել է ոչ թե բանկի աշխատակիցների, որոնք ձեւակերպել են կնքված եւ ստորագրված փաստաթղթերը, այլ վարկառուների հետ, որոնք տրամադրել են նման փաստաթղթեր։ Սեծարգո նախագահ, քրգործով անցնող ամբաստանյալները անցել են աշխատանքային մեծ ճանապարհ, ունեն բանկային համակարգում աշխատելու մեծ փորձ, ստացել են բազմաթիվ խրախուսանքներ լավ եւ ազնիվ աշխատանքի համար։ Բացի այդ, նույն 2002թ., ինչպես եւ 2001թ. տարեվերջին վերադաս եւ այլ վերստուգիչ մարմինների կողմից կատարված ստուգումների ժամանակ որեւէ խախտում կամ չարաշահում չի հայտնաբերվել, դա, ըստ մեզ, վկայում է այն մասին, որ մասնաճյուղի կառավարիչ Գագիկ Ստեփանյանը հիշատակված չարաշահումները թաքցրել է բոլորից, մինչեւ «Ատլաս» ՍՊԸ-ի կողմից ստացված վարկի կեղծ ձեւակերպման բացահայտումը։ Մեծարգո նախագահ, խնդրում ենք Ձեր միջամտությամբ օգնել իրավապահ մարմիններին՝ արդարացի լուծելու մեր հարազատների ճակատագիրը։ Հարգանքներով՝ ՀԱՍՄԻԿ ՋՈՆԻ ԳԱԼՍՏՅԱՆ ՎԵՆԵՐԱ ՎԱՍԻԼԻ ԿԱՆԴՈՅԱՆ ԱՆՆԱ ԷԼՄԻՐԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԷԴԻԿ ՇԱՎԱՐՇԻ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ Խմբագրությունը պատասխանատու չէ նամակում նշված տեղեկությունների հավաստիության համար։ Ամբաստանյալների հարազատներին պարզապես արտահայտվելու հնարավորություն ենք տալիս։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել