Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԱՊՐԻԱՏԻՆ ԱՄԵՆԱԿՈՊԻՏՆ ԷՐ

Հունվար 29,2003 00:00

ԿԱՊՐԻԱՏԻՆ ԱՄԵՆԱԿՈՊԻՏՆ ԷՐ Թեեւ թենիսի Ավստրալիայի բաց առաջնությունը ավարտվել է, սակայն զանգվածային լրատվամիջոցներում դրա արձագանքները դեռ շարունակվում են։ Մարզաձեւի աստղերը մշտապես գտնվում են բոլորի ուշադրության կենտրոնում. նրանց լուսանկարում են, հարցազրույցներ վերցնում։ Բայց կյանքում թենիսիստները միշտ չէ, որ ժպտերես են ու բարեհամբույր։ Եվ ահա «Australian Open»-ում լրագրողները որոշել էին ուշադրություն դարձնել խաղի ժամանակ մարզիկների պահվածքին։ Այդ նպատակով բանակցել էին նրանց գնդակներ մատակարարողների եւ սպասարկող անձնակազմի այլ ներկայացուցիչների հետ։ Պարզվել է, որ այդ մարդիկ ունեն թենիսիստների դասակարգման իրենց տարբերակը, որում կարեւորը ոչ թե խաղի որակն ու մակարդակն է, այլ այն, թե այս կամ այն մարզիկն իրենց հետ ինչպես է վերաբերվում։ Եվ այսպես, Մելբուռնում ամենակոպիտ թենիսիստ համարվել է ամերիկուհի Ջենիֆեր Կապրիատին, որը այս տարի Ավստրալիայի կորտում անցկացրել է ընդամենը մեկ մենամարտ։ Խաղի ժամանակ մարզուհուն օգնելու ուղարկված տղայի խոսքերով ամերիկուհին չափից ավելի անբարեհամբույր էր ու կոպիտ։ «Նա անընդհատ կոպիտ տոնով պահանջում էր նոր սրբիչներ մատակարարել եւ երբեք չէր ասում շնորհակալություն»։ Ընդ որում, գնդակներ մատակարարող երեխաների կարծիքով, կոպիտ վերաբերմունքը կորտում ավելի բնութագրական է քիչ հայտնի թենիսիստներին։ «Նրանցից ոմանք, պարզապես, անտանելի են»,- հավաստել է կորտի մեկ այլ աշխատակից։ Ամենից ավելի բարեհամբույր գնահատվել են Անդրե Աղասին, Ջեյմս Բլեյքը, Կիմ Կլիյստերսը եւ Ուիլյամս քույրերը։ Նրանք երբեք սպասարկող անձնակազմին վերեւից չեն նայում։ Իսկ ահա ավստրալացի Լեյթոն Հյուիթը մրցամարտից հետո նույնիսկ սեղմում է գնդակ մատակարարող պատանիների ձեռքը։ Թենիսի պատմության մեջ ամենաբարեկիրթ թենիսիստ համարվում է Ջոն Մաքինրոյը։ Պարզվում է, որ ամերիկացին ժամանակին նույնպես թենիսի մրցաշարերի ժամանակ աշխատել է ցածր պաշտոններում։ Դրա համար էլ նա երբեք իր զայրույթը չի թափել շրջապատի մարդկանց վրա, անկախ այն բանից, հաղթե՞լ է, թե՞ պարտվել։ ՔՆԱՐԻԿ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել