Լրահոս
Օրվա լրահոսը

Վ. Մանուկյանն ավելի է պարտավորվում

Հունվար 29,2003 00:00

Վ. Մանուկյանն ավելի է պարտավորվում Մեղրեցին «Առավոտ» կկարդա, իսկ տաբակիչներից կփրկվենք Հայաստանի Երրորդ Հանրապետության առաջին վարչապետ Վազգեն Մանուկյանը երրորդ անգամ է մասնակցում ՀՀ նախագահի ընտրություններին։ 2003-ի ընտրություններում Վազգեն Մանուկյանը հայցում է ընտրողների վստահության քվեն, ներկայացնելով 1996-ին եւ 1998-ին ներկայացված ծրագիրը՝ փոքրիկ փոփոխություններով եւ լրացումներով։ Եթե 1996-ին եւ 98-ին թեկնածու Վազգեն Մանուկյանը ժողովրդի առաջ 11 կետով ձեւակերպված պարտավորություններ էր ստանձնում (խաղաղ ճանապարհով Ղարաբաղի անկախ կարգավիճակի ճանաչում, Հայաստանը նորից դարձնել արդյունաբերական երկիր, զարգացնել գյուղատնտեսությունը, կիրառել հարկային պարզեցված համակարգ, կառուցել ապահով ու ժամանակակից ատոմակայան եւ այլն), ապա այսօր նա իր պարտավորությունները ավելացրել է երեքով՝ Հայաստանը դարձնել կրթագիտական հզոր կենտրոն մեր տարածաշրջանում, պետական հովանավորությամբ մշակել եւ իրականացնել ազգային արժեքների վրա հիմնված կրթադաստիարակության համալիր ծրագիր, կասեցնել քաղաքներում այժմ իրագործվող կառուցապատումների վնասակար գործելակերպը, հանգստյան գոտիներն ու այգիները վերադարձնել ժողովրդին։ Կրկնվող պարտավորություններում կատարված փոփոխություններից ուշագրավ է հետեւյալը. այսօր Մանուկյանը պարտավորվում է 2 տարում ընդունել նոր սահմանադրություն եւ անցնել կառավարման խորհրդարանական ձեւին։ Նախկինում սույն պարտավորությունը ժամկետ չուներ. երբ կստացվի, նախագահության 5 տարվա ընթացքում։ Այլ փոփոխություններ. 1996 եւ 98-ին Մանուկյանը խոստանում էր վերականգնել անվճար բուժհամակարգը, այսօր՝ պետպատվերով իրականացվող առողջապահական ծրագրի շրջանակի ընդլայնում եւ բոլորին հասանելի բուժսպասարկում, 1996 եւ 98-ին առաջնահերթ խնդիր էր էկոլոգիապես մաքուր պղնձաձուլական գործարանի կառուցումը, այսօր՝ անկախ հանույթի տեսակից (ոսկի, թե պղինձ), ապահովել դրա վերջնական արտադրանքի թողարկումը եւ իրացումը, 1996 եւ 98-ին աղետի գոտու վերականգնումը համազգային խնդիր էր, այսօր՝ «երկրաշարժից տուժած եւ սահմանամերձ շրջաններում ստեղծել նպաստավոր պայմաններ արդյունաբերության, շինարարության եւ ձեռնարկատիրության զարգացման համար»։ 1996-ին եւ 98-ին Մանուկյանը խոստանում էր, որ իրականացվող ծրագրի հետեւանքներից մեկն էլ կլինի բյուջետային աշխատողների աշխատավարձերի ու թոշակների առնվազն 10-ապատիկ ավելացումը։ Այսօր, սակայն, նույն ծրագրի իրականացումը կբերի թոշակների քառակի, իսկ բյուջետային աշխատողների աշխատավարձերի՝ եռակի ավելացման։ Պարզ չէ, այս փոփոխությունը առավել սթափ հաշվարկների արդյո՞ւնք է, թե՞, Մանուկյանի կարծիքով, Հայաստանի ներուժն է պակասել։ Իսկ ընդհանրապես, Մանուկյանը առաջվա նման խոստանում է, որ առանձին կուսակցությունների պետական հովանավորչությունը կվերացվի (ենթադրե՞նք, որ ՀՅԴ-ները նախարարական աթոռներ նվեր չեն ստանա, իսկ Օրինաց երկիրներն էլ բիզնես չեն ծավալի), օրենքով կպաշտպանվեն մասնավոր ձեռնարկություններում աշխատողների իրավունքները (ենթադրեն՞ք, որ որեւէ Գրանտ Տաբակիչ չի կարողանա հանգստյան օրերին մարդկանց աշխատեցնել ու դեռ չվճարել), թերթերը ժամանակին կհասնեն ընթերցողին (ենթադրե՞նք, որ միայն Հանրային հեռուստաընկերությունը դիտելու հնարավորություն ունեցող մեղրեցին կամ տաշիրցին «Առավոտ» կկարդա)։ ԱՐԱՄ ԶԱՔԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել