Լրահոս
Օրվա լրահոսը

ԶԻՆՎՈՐՆ ԱՅՆՔԱՆ Է ՍԱՌՉՈՒՄ, ՈՐ ՄԱՏԻՑ ԱՐՅՈՒՆ ՉԻ ՎԵՐՑՎՈՒՄ

Հունվար 30,2003 00:00

ԶԻՆՎՈՐՆ ԱՅՆՔԱՆ Է ՍԱՌՉՈՒՄ, ՈՐ ՄԱՏԻՑ ԱՐՅՈՒՆ ՉԻ ՎԵՐՑՎՈՒՄ Հունվարի 27-ին Վանաձորում, Սպայի տան դահլիճում, մեկամսյա ընդմիջումից հետո վերսկսվեց N զորամասի նախկին զինվոր, գյուղակադեմիայի ասպիրանտ Արտյոմ Սարգսյանի մահվան փաստի առթիվ հարուցված քրգործի դատաքննությունը։ Վկա, հոսպիտալի բուժքույր Վարդանուշ Մելիքյանին Արտյոմ Սարգսյանի հայրը՝ իրավահաջորդ ճանաչված Ռաֆիկ Սարգսյանը հարցրեց. «Դուք լսե՞լ եք, որ բժշկուհի Սաքանյանն Արտյոմին հարցրել էր՝ քեզ խփե՞լ են»։ «էն էլ քանի անգամ. ..» (այսինքն՝ «էն էլ քանի անգամ» է լսել), պատասխանեց վկան։ Ռ. Սարգսյանը հիշեցրեց, որ նախաքննական ցուցմունքներում վկայի կողմից նման բան չի ասվել։ Դատավոր Աղասի Մկոյանն էլ իր հերթին հիշեցրեց, որ նախաքննական ցուցմունքներում նման բան չկա։ «Ոչ, կա»,172 պնդում էր վկան։ Ասվածն ավելի ամրապնդելու նպատակով՝ ավելացրեց. «Որ ծեծելու պահով հարցնում էինք, ծիծաղելով ասում էր՝ չէ, ի՞նչ եք ասում, էդպիսի բան չի եղել»։ Արտյոմ Սարգսյանի մոր, իրավահաջորդ ճանաչված Կարինե Աղաբալյանի հարցին. «Ոչ մի բժիշկ չի՞ զարմացել, որ մատից արյուն չի գալիս» (անալիզ վերցնելիս), վկա Մելիքյանը պատասխանեց. «Աղջիկներն ասին, որ մատից արյուն չի գալիս, մատները սառած են»։ «Մի կերպ մի կաթիլ արյուն է եկել, դրանով էլ հեմոգլոբինն են որոշել»,172 հիշեցրեց Կ. Աղաբալյանը։ Ի դեպ, վկա Մելիքյանը տեղեկացրեց, թե «հիմա էլ ունենք այդպիսի զինվորներ, որոնց մատից արյուն չի վերցվում»(՜): Ա. Սարգսյանի մատից արյուն չվերցվելու հանգամանքը շեշտեց նաեւ վկա էդիտա Ղազարյանը՝ հոսպիտալի լաբորանտ, որը նշեց. «Երկրորդ անգամ մատից լավ չէր արյուն գալիս, հեմոգլոբինը իջել էր, լեյկոցիտները բարձր էին»։ «Խնդրում եմ պատմեք, ի՞նչ ցավեր ուներ Արտյոմը»,172 բուժակ Սվետլանա Գասպարյանին հարցրեց Ռաֆիկ Սարգսյանը։ Գասպարյանը իր մարմնի վրա ցույց տալով, պատասխանեց. «Ասում էր այստեղից մինչեւ այստեղ ցավում է»։ Նա տեղեկացրեց, որ Արտյոմն իր այն հարցին, թե «էդ ի՞նչ ես կերել, որ թունավորվել ես», պատասխանել է՝ «Կերել-խմել եմ»։ Ի դեպ, վկա Գասպարյանին Ռ. Սարգսյանը շնորհակալություն հայտնեց՝ իր որդու նկատմամբ ցուցաբերած ջերմ, մարդկային վերաբերմունքի համար։ Իսկ հոսպիտալի ընդունարանի վարիչ Սերժիկ Շահումյանի նկատմամբ Ռ. Սարգսյանը միջնորդեց քրեական գործ հարուցել։ Նշենք, որ այդ միջնորդությանը նախորդել էր Հելսինկյան ընկերակցության ներկայացուցիչ Արարատ Մարգարյանի՝ այդ առթիվ համապատասխան հայտարարությունը։ …Հունվարի 28-ի դատական նիստի ժամանակ դատապաշտպան Մելս Ղարագյոզյանը ներկայացրեց տեղեկանք՝ N զորամասի հրամանատար, ամբաստանյալ (կալանքի տակ գտնվող) Անդրանիկ Սահակյանի վերաբերյալ։ «Կողմերը դեմ չե՞ն տեղեկանքը գործին կցել»,- հարցրեց դատավոր Ա. Մկոյանը։ «Իմաստը ո՞րն է, պարոն դատավոր»,172 զայրացած հարցրեց Ռ. Սարգսյանը։ «Այն, որ կինը չի աշխատում, մայրը հիվանդ է, թոշակառու»,- դատավորի պարզաբանման առնչությամբ էլ Ռ. Սարգսյանը հակադարձեց. «Կալանքից ազատելու համար դա հիմք չի կարող հանդիսանալ։ Մենք էլ կարող էինք փաստաթղթեր ներկայացնել, որ Երեւանից չհասնենք Վանաձոր։ Դա անհիմն փաստաթուղթ է»։ Մ. Ղարագյոզյանը ստիպված էր հրաժարվել միջնորդությունից, ասելով. «Հետ տվեք տեղեկանքը, չեմ ուզում այդ միջնորդությունը»։ ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել