Լրահոս
Օրվա լրահոսը

Չկա հայցապահանջ, կա վճիռ

Հունվար 30,2003 00:00

Չկա հայցապահանջ, կա վճիռ Իրավական օգնության փոխարեն՝ Միջնորդ դատարանի վճիռ «Միջնորդ համաձայնագրերը միանգամայն նորություն են»,- եղավ տիկին Մսրյան-Օքսուզյանի արձագանքը, երբ նրան տեղեկացրի, որ Կենտրոնի տնօրեն Սմբատ Մարտիրոսյանն ինձ ծանոթացրել է միջնորդ համաձայնագրերին: Ի դեպ. համաձայնագրերի կողմեր հանդես եկած Ս. Պարունովայի ներկայացուցիչն ու Ալինա Օքսուզյանը հայտնեցին, որ միջնորդ համաձայնագիրը ստորագրել են տարբեր ամիսների՝ առաջինը ստորագրել է 2001թ. օգոստոսին, մյուսը՝ 2002թ. փետրվարին: «Երբ Ս. Մարտիրոսյանը ցույց տվեց Պ. Մսրյանի ստորագրությունը համաձայնագրի տակ՝ մենք համաձայնեցինք ստորագրել այն»: Նշենք նաեւ ՄԴ-ի մասին օրենքի հոդված 17-ի պահանջը: «Հայցվորն իր հայցը շարադրում է հայցադիմումի ձեւով եւ ուղարկում է պատասխանողին՝ փոստով, պատվիրված: Հետը պետք է լինի Միջնորդ դատարան կազմավորելու առաջարկությունը եւ հայցվորի նշանակած դատավորի անունը»: Իհարկե, օրենքի այս պահանջը նույնպես չի իրականացվել: Գումարը, որը Կենտրոնի ղեկավարությունը դատական ծախս է համարում՝ վճարված է 2001թ. հունիսի 16-ին, իսկ միջնորդ համաձայնագիրը գրվել է 2002թ. փետրվարի 20-ին, այսինքն, այն օրը, որով թվագրվել է վճիռը: Եթե տիկին Մսրյանը դատական ծախս է վճարել, ուրեմն ինչո՞ւ միջնորդ համաձայնությունը (ՄՀ) նույն ժամկետում չի կնքվել, այլ՝ 6 ամիս հետո: ՄԴ-ի մասին օրենքի 7-րդ հոդվածը սահմանում է, որ միջնորդ համաձայնությունը կողմերի միջեւ գրավոր կնքված համաձայնություն է վեճը Միջնորդ դատարանի լուծմանը հանձնելու մասին: Թե ինչպես են առանց կողմերի համաձայնության, այսինքն առանց միջնորդ համաձայնագրի դատաքննություն սկսել, թե ինչպես են վճիռը կայացնելու օրը միջնորդ համաձայնագիր կնքել, երբ նույն համաձայնագրով կողմերը նաեւ դատավոր պետք է ընտրեին, որը պետք է դատաքննությունը նախապատրաստեր՝ ՄԻՊՀԿ-ին առընթեր միջնորդ դատավորները բացատրություն չունեն: Դատաքննություն՝ առանց հայցվորի ու առանց դատավորի Մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոնի տնօրեն Ս. Մարտիրոսյանը հաստատեց, որ մինչեւ վճիռ կայացնելը՝ այսինքն 2002թ. փետրվարի 20-ից առաջ, դատական նիստեր եղել են. «Առաջին նիստը ես եմ նախագահել, սակայն հետո Պ. Մսրյան-Օքսուզյանը չհամաձայնեց, Ս. Բեգլարյանը նախագահեց»: «Չհամաձայնեց» ասելով տնօրենը նկատի ունի դատավորին հայտնվող բացարկը, սակայն ՄԴ-ի մասին 14 հոդվածի 2-րդ մասը սահմանում է, որ դատավորին կարող է բացարկ հայտնվել մինչեւ գործի քննությունն սկսելը: «Բացարկը հայտնվում է գրավոր, որում շարադրվում են դրա հիմքերը»: Դատաքննությունը նախագահող պրն Բեգլարյանը նույնպես հայտնեց, որ մի քանի անգամ նիստ է եղել, որին Պ. Մսրյան-Օքսուզյանը մասնակցել է, շեշտեց, որ Պ. Մսրյանը Ս.Մարտիրոսյանին բացարկը հայտնել է բանավոր: «Նրանց դատական նիստի մասին ծանուցվել է պատշաճ կարգով: Մենք 3 նիստի մասին ծանուցել ենք: Պերճանուշ Մսրյանը մասնակցել է իր աղջկա՝ Էլինա Օքսուզյանի ու նրա ամուսնու հետ: Նրանք հարմարվել էին վճռին, ոչինչ չեն խոսել, արձանագրության մեջ ոչինչ չկա»,- ասում է պրն Բեգլարյանը՝ պատշաճ ծանուցման վերաբերյալ ոչ մի փաստարկ չներկայացնելով: Փաստաթղթերը հիմնավորում են, որ 2001թ. հոկտեմբերի 19-ին Պ. Մսրյանը երկրորդ դիմումն է գրել Կենտրոնի տնօրենին՝ հիշեցնելով, որ ինքը պատասխանի է սպասում: Դարձյալ դիմումը մնացել է անպատասխան: «Հոկտեմբերի 19-ի դիմումը ստացել եմ, պատրաստվում էի պատասխանել, որ գործի նյութերը չենք կարող հետ ուղարկել, քանի որ միջնորդ համաձայնագիրը կնքված է եւ գործը գտնվում է Միջնորդ դատարանի վարույթում, իսկ ես չեմ կարող Միջնորդ դատարանի նախագահին պարտադրել գործը հեչ անել»,- ասում է Մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոնի գլխավոր տնօրեն Սմբատ Մարտիրոսյանը՝ դարձյալ մոռանալով, որ միջնորդ համաձայնագիրը, եթե նույնիսկ այն իրականություն է, կնքվել է 2002թ. փետրվարի 20-ին, իսկ դիմումը գրվել է 2001թ. հոկտեմբերի 19-ին: Այդուհանդերձ, փետրվարի 20-ին վճիռ կայացնելը Պ. Մսրյանն անհնարին է համարում մի քանի պատճառով. նախ՝ իրենք չեն ծանուցվել դատական նիստի մասին: Վճիռը թվագրել են փետրվարի 20-ին, որովհետեւ ինքը մարտի 18-ին դիմել է Ս. Մարտիրոսյանին՝ պահանջելով վերադարձնել գումարը եւ փաստաթղթերը, պատասխան չստանալով՝ ապրիլի 9-ին պատվիրված նամակ է ուղարկել: Օրենքը նախատեսում է, որ եթե մինչեւ դատավարությունը հայցվորը հրաժարվում է հայցից՝ գործի վարույթը կարճվում է: «Մենք նման դիմում չենք ստացել: Նա դիմել է վճիռը կայացնելուց հետո, ապրիլ ամսին, վճիռը կայացվել է փետրվար ամսին, դիմումը բնականաբար…»,- ասում է Սմբատ Մարտիրոսյանը այդպես էլ չպատասխանելով՝ եթե ճիշտ է, որ Պ. Մսրյանը մասնակցել է դատաքննությանը, ուրեմն ինչո՞ւ Կենտրոնը նրան չի պատասխանել, որ դատաքննությունն արդեն ավարտված է, ի՞նչ փաստաթղթեր ու գումար եք պահանջում: «2002թ. փետրվարի 20-ին նշված եռյակ դատավորների կազմով դատավարություն տեղի չի ունեցել, դատավոր հանդես եկած Կենտրոնի նախագահ Ս. Մարտիրոսյանը, Ա. Բեգլարյանը եւ Մանուկյանը երբեք միատեղ չեն գտնվել»,- պնդում է Պ. Մսրյանը: Շարունակելի ՍԱՌԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել