Լրահոս
Օրվա լրահոսը

«ԱՄԵՆ ԾԱՌԻՑ ԿԱԽՎԱԾ, ԱՄԵՆ ՔԱՐԻ ԿԱՆԳՆԱԾ…»

Հունվար 30,2003 00:00

«ԱՄԵՆ ԾԱՌԻՑ ԿԱԽՎԱԾ, ԱՄԵՆ ՔԱՐԻ ԿԱՆԳՆԱԾ…» ՀՀ նախագահի թեկնածու Վազգեն Մանուկյանն, ինչպես ինքն ասաց Սյունիքի մարզում, մասնավորապես Կապան քաղաքում, այդքան հանդիպումներ ու ելույթներ է ունեցել։ «Փետրվարի 5-6-ին արդեն հավանաբար միասնական թեկնածուն հայտնի կլինի»,- Կապանի տարածաշրջանի Դավիթ Բեկ գյուղի բնակիչներին նախընտրական հանդիպման ժամանակ տեղեկացրեց ՀՀ նախագահի թեկնածու Վազգեն Մանուկյանը։ Իսկ «Բոլորն էլ խոստանում են, ինչպես իմանանք ով է լավը, ով՝ վատը» կապանցիների հարցին, նախագահի թեկնածուն կեսկատակ խորհուրդ տվեց ձմերուկի նման ստուգել՝ գլուխը սեղմելով ու կտտացնելով։ Բարեբախտաբար, բնակիչները ձեռնպահ մնացին այդ գաղափարն իրականության կոչելու գայթակղությունից։ Սյունիքցիներին առավելապես մեկ հարց էր հետաքրքրում. «1996-ին մենք մեր ձայները քեզ ենք տվել, բայց չպաշտպանեցիր»։ «Դա ոչ թե իմ ձայներն էին, այլ ձերը,- պարզաբանեց Վազգեն Մանուկյանը եւ հավելեց,- դրանց ես տեր կանգնեցի այնքանով, որքանով պահանջեցի վերանայել ընտրությունների արդյունքները։ Բայց երբ սկսեցին կրակել անզեն ժողովրդի վրա, իմաստ կա՞ր նրանց տանել տանկերի դեմ։ Պաշտպանության նախարար եղած ժամանակ, մարդիկ իմ հրամանով գնացել-զոհվել են։ Ես ինձ պատասխանատու եմ զգում այդ թափված արյան եւ այդ մարդկանց կյանքի համար։ Բայց երկրի ներսում, իշխանության համար չարժեր արյուն թափել. դա ոչ մեզ, ոչ էլ պետությանը օգուտ չէր բերի»։ Ու ինչպես իրավացիորեն նկատեց Վ. Մանուկյանը. «Դուք էլ կասեիք՝ ժողովրդի արյունը թափեց նախագահի աթոռի համար»։ Ամենուր այս պատասխանին հետեւում էր նույն տրամաբանական հարցը. «Բա որ հիմա է՞լ էդպես լինի»։ Բայց Վ. Մանուկյանը համոզված է, որ պատմությունը չի կրկնվի, քանզի «այժմ չկան այն ժամանակվա զինված ջոկատները, չկա նաեւ նման հրաման տվող» եւ որ ամենակարեւորն է՝ «այդ հրամանը կատարող էլ չկա»։ Ու ըստ այդմ. «եթե ժողովուրդը այժմ էլ միահամուռ լինի, ապա հաղթելուց հետո հաղթանակին տեր կանգնելն էլ հեշտ կլինի»։ Իսկ հաղթանակից հետո թեկնածուն մտադիր է սահմանադրական ու կառուցվածքային փոփոխությունների միջոցով երկրում այնպիսի իրավիճակ հաստատել, որ «ով էլ էդ աթոռին նստի՝ ժողովրդի հսկողության տակ լինի»։ Իր ընտրվելու դեպքում նաեւ խոստանում է. «Արդարություն կլինի ու ժողովուրդն էլ տնտեսապես զարգանալու հնարավորություն կունենա»։ Իսկ, ընդհանրապես, ժողովուրդը մի բանում է հաստատ կողմնորոշվել՝ ընտրելու է ընդդիմության թեկնածուին, չնայած ոչ մեկին էլ առանձնապես չի վստահում։ Համենայնդեպս, մեծամասնությունը պատրաստ է ձայնը տալ միասնական թեկնածուին, ընդ որում, նրա անձը չի կարեւորվում։ ՀՌԱԿ-ի գորիսյան ներկայացուցիչ Էդիկ Ստեփանյանի խոսքով. «Մեր կուսակցությունը գործող նախագահին է պաշտպանում», ուստի «ես կարծում եմ, որ նրա ծրագրերն իրատեսական են»։ Գորիսի «Հանրապետություն» կուսակցության լիդերներից Շահեն Զեյնալյանին վրդովեցնում է, որ «5000 դրամով Քոչարյանի համար մարզպետն ու մեր պատգամավոր Սուրիկ Խաչատրյանը ձայներ են գնում, մարդկանց հիմիկվանից սկսել են պարտադրել, Տաթեւում, Սվարանցում, Կոռնիձորում սկսել են գազ ու ջուր քաշել… ինչի՞ մինչեւ հիմա չէին անում»։ Իսկ, այսպես ասած, գեղամյանական Ռեդիկ Հայրապետյանը տնտեսական աճի վերաբերյալ խորհրդային տարիների մի անեկդոտ վերհիշեց. «Բրեժնեւն ասում է, որ մենք հաջորդ տարի ավելի լավ կապրենք, ու դահլիճից հնչում է հարցը՝ իսկ մե՞նք»։ Մինչդեռ 70-ն անց տնտեսագետ Լեւոն Կանդալյանը հավատում է տնտեսական աճին վերաբերող նախարարի «ցույց տված գրաֆիկներին»։ Ճիշտ է, չնայած այդ հավատին, պարոն Կանդալյանի սոցիալական վիճակը շարունակում է մնալ ծանր, ու նա համոզված է, որ «Լեւոնի ու Վազգեն Մանուկյանի արտաքին պարտքն ենք փակում»։ Իսկ մեկ ուրիշի համոզմամբ էլ. «Վազգենից լավը չկա»։ Բացի ներքաղաքական եւ տնտեսական ու սոցիալական հարցերից, սյունիքցիները ճշտեցին նաեւ նախագահի թեկնածուի դիրքորոշումները աշխարհում ընթացող «գլոբալիզացիայի եւ դրա՝ Հայաստանի վրա ազդեցությունների» վերաբերյալ։ Մի շինուհայրցու առավել հետաքրքրեց, թե «Հայաստանում էլ ծախելու բան մնացե՞լ է»։ Պատասխանը միանշանակ էր՝ «ոչ», ու հենց «դրա համար էլ գալիս եմ նախագահ, գալիս եմ, որ կառուցեմ»,- մանրամասնեց Վ. Մանուկյանը։ Սիսիանի եւ Եղեգնաձորի հանդիպումների ժամանակ եւս մարդկանց նույն հարցերն էին հետաքրքրում։ «Մի ընկճվեք,- խորհուրդ տվեց նախագահի թեկնածուն,- մեջքներդ ուղղեք, ու միասին մեր երկրին տեր կանգնենք»։ Հանդիպման վերջում եղեգնաձորցի դպրոցականները Վ. Մանուկյանի ինքնագիրը ստանալու համար հերթ էին կանգնել։ ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել