Լրահոս
Օրվա լրահոսը

Կամերայինը «կավրալիտե» բեմո՞ւմ

Հունվար 30,2003 00:00

Կամերայինը «կավրալիտե» բեմո՞ւմ Կամերային երաժշտության տան շինվերանորոգման աշխատանքները պիտի ավարտվեին դեկտեմբերի 16-ին։ Հայաստանի պետական կամերային նվագախմբի տնօրեն Արմեն Արաբյանը մտավախություն ունի, թե դրանք կձգվեն մինչեւ համերգաշրջանի ավարտը։ «Գոհ կլինենք, եթե գոնե հաջորդ համերգաշրջանը՝ սեպտեմբերը սկսենք նորմալ գործունեությամբ, թե չէ, մի տեսակ գնչուի նման անընդհատ տեղափոխվում ենք ու չենք կարողանում մեր ծրագրերը կանոնակարգել»,- ասում է Ա. Արաբյանը։ Նրան զարմացնում է նաեւ այն, որ իրենց համերգասրահի վերանորոգմանը մեծ ծախսեր են ուղղվում, սակայն դրանք նպատակային չեն օգտագործվում։ Օրինակ, ըստ ՀՊԿՆ-ի տնօրենի, չգիտես ինչ տրամաբանությամբ, որոշել են բետոնե բեմը ծածկել «կավրալիտով, այն դեպքում, երբ աշխարհի որեւէ երկրում նման բեմ գոյություն չունի։ Սովորաբար բեմերը պատրաստված են լինում տախտակից ու որեւէ փափուկ գործվածքով չեն ծածկվում, որովհետեւ Ա. Արաբյանի կարծիքով, դա հակասում է ակուստիկ բոլոր օրենքներին. «Սա թյուրիմացություն է։ Բեմը պետք է տախտակից լինի, որ ռեզոնանսի ու արձագանքի հնարավորություն ունենա։ Իսկ մեզ մոտ նման բաները, չգիտես ինչու, հաշվի չեն առնվում։ Շինարարները եւ ճարտարապետները պարտավոր էին համապատասխան մասնագետի դիմել»։ Ա. Արաբյանի համոզմամբ, հրաշալի համերգային բեմ ունի «Մոսկվա» կինոթատրոնի դահլիճը։ Ու չնայած այն կառուցված է կինոյի համար, ապահովում է չտեսնված հնչողություն։ Ի դեպ, նույն դահլիճում էլ փետրվարի 22-ին կկայանա ՀՊԿՆ-ի այս տարվա առաջին համերգը։ Հաջորդ համերգը (10 մարտի) նվիրված կլինի կանանց տոնին՝ մարտի 8-ին, սպասվում է անակնկալ ծրագիր՝ նվիրված կանանց։ Չնայած Հայաստանի մշակութային օջախների վերանորոգման պատճառով ծագած ժամանակավոր դժվարություններին՝ ՀՊԿՆ-ն ոչ միայն համերգներ է ունենում ուրիշների «հարկի» տակ («Մոսկվա» կինոթատրոն, Պարոնյան թատրոն), այլեւ փորձում է տարբեր երկրներից ստացված հյուրախաղերի հրավերները «հարմարեցնել» սեփական հնարավորություններին։ Թեեւ Ա. Արաբյանի հավաստմամբ, իրենց «հյուրախաղային աշխարհագրությունը մեծ է», հաճախ պրոբլեմներ են առաջանում՝ խմբի ճանապարհածախսի հետ կապված։ Ընդհանրապես վերակազմավորումից հետո՝ վերջին 5-6 տարիներին ՀՊԿՆ-ը համերգներով հանդես է եկել Հունաստանում, Անգլիայում, ԱՄՆ-ում, Կիպրոսում, Լիբանանում, Շվեյցարիայում։ Ավելի ճիշտ, այն տարեկան 7-8 հյուրախաղ է ունենում արտասահմանում։ Ա. Արաբյանը հատկապես կարեւորեց նյույորքյան համերգը՝ «Լինքոլն» կենտրոնում, որտեղ ելույթ ունենալն արդեն մեծ պատիվ է։ Պակաս նշանակալից չէին ՀՊԿՆ-ի համար համերգները Ֆրեզնոյում (հրավերը Ամերիկյան հանձնախմբի կողմից էր) եւ Գերմանիայում։ Ի դեպ, Ա. Արաբյանի պնդմամբ, հենց Բեռլինում էլ նոյեմբերի 4-ին Գերմանիայի եւ Հայաստանի առաջին տիկինների հովանավորությամբ անցկացված համերգն էլ ընդունվել է իբրեւ խաչատրյանական միջոցառումների պաշտոնական բացում։ Գարնանը ՀՊԿՆ-ն հյուրախաղերով կմեկնի Իրան, ուր հանդես կգա հետաքրքիր ծրագրով։ «Անպայման կլինի Խաչատրյան։ Կունենանք ստեղծագործություններ, որոնք պատվիրված են մեր կողմից ազգային-ֆոլկլոր գործիքների (դուդուկ, զուռնա, քամանչա) եւ կամերային նվագախմբի համար»,- ասում է Ա. Արաբյանը։ Իսկ ընդհանրապես, նրա կարծիքով, ամենապասիվը Հայաստանն է խաչատրյանական տոնակատարությունների առումով, այն դեպքում, երբ «Խաչատրյանը համաշխարհային արժեք է եւ նրա 100-ամյակը ողջ աշխարհն է նշում»։ Գ. ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել