Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԵԶ ԿԻՍԵԼ ԵՆ «ՎԵՐԵՎՆԵՐԻՑ»

Հունվար 30,2003 00:00

ՄԵԶ ԿԻՍԵԼ ԵՆ «ՎԵՐԵՎՆԵՐԻՑ» Լրատվամիջոցներին «մեջ-մեջ» անելու փաստն ամենասուր ձեւով արտահայտվում է նախընտրական օրերին։ Հաշվի առնելով կարեւոր մի հանգամանք՝ ԶԼՄ-ների նյութական կամ, գոնե թե՝ մեքենաներով վատ ապահովման խնդիրը, իրենց մարզային-քաղաքական «հյուրախաղերի» ժամանակ այս կամ այն թեկնածուն փոխադրամիջոց չի տրամադրում իր համար ոչ ցանկալի լրատվամիջոցներին։ Ո՛չ մամուլի, ո՛չ էլ ընտրական օրենքներով խախտում այս դեպքում չկա՝ «եկեք լուսաբանեք, ո՞վ է ձեզ խանգարում»,- արդարանում են սահմանափակող շտաբներից, նաեւ՝ մտքում չարախնդում՝ «եթե կգա՜ք», լավ հասկանալով, որ մարզ (հատկապես՝ հեռու) հասնելն այնքան էլ հեշտ չէ։ Հետո էլ՝ հարց է, թե, այնուամենայնիվ, տեղ հասած «անկոչ» լրատուին ինչպե՞ս կվերաբերվեն թեկնածուի զինակիցները։ Մեր տվյալներով, քարոզարշավի հենց սկզբից գործող նախագահ Ռ. Քոչարյանի նախընտրական շտաբը «բոյկոտել էր» «Հայկական ժամանակ», «Այբ-Ֆե» եւ էլի մի քանի թերթերի թղթակիցների տեղափոխումը։ Հեռուստատեսությունների հետ, հասկանալի է, պարոն Քոչարյանը պրոբլեմ չունի ու վաղուց։ Իսկ Արտաշես Գեղամյանի շտաբն, ընդհակառակը, «բացարկ» է հայտարարել հենց հեռուստատեսայիններին եւ սահմանափակվել 5 լրատվամիջոցի հետ աշխատելով՝ «Առավոտ», «ՀԺ», «Այբ-Ֆե», «Նոյյան տապան» եւ «Չորրորդ իշխանություն»։ «Որովհետեւ մյուսները գալու են ոչ թե լուսաբանելու, այլ՝ ծառայելու գործող իշխանություններին, իսկ մեզ պետք է, որ ժողովուրդն իմանա իրականությունը»,- պատճառաբանեց շտաբի պետ Ալեքսան Կարապետյանը։ Ասվածի մեջ ճշմարտություն կա, իհարկե։ Ի դեպ, գոնե վերջինիս «Հայլուր» ծրագրով (որից ամենաշատն են «նեղվում» Գեղամյանի շտաբում) առայժմ հատուկ վատաբանող սյուժե չի հեռարձակվել։ Իսկ Գեղամյանի մասին ստիպված են լինում լսածով նյութ պատրաստել եւ, իրականությանը մոտ լինի թե հեռու՝ մեղավոր չեն, որովհետեւ պարզաբանումներ ստանալ շտաբից հնարավոր չէ։ Ուրեմն եւ «բոյկոտն» այս դեպքում ոչ թե հօգուտ, այլ ի վնաս է աշխատելու։ ՌՈՒԶԱՆ ԱՐՇԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել