Լրահոս
Օրվա լրահոսը

«ԱՅՔԵՐԻՆ Ո՛Չ ԿԱՇԱՌՈՒՄ, Ո՛Չ ԷԼ ԱՀԱԲԵԿՈՒՄ ԵՆ»

Հունվար 31,2003 00:00

«ԱՅՔԵՐԻՆ Ո՛Չ ԿԱՇԱՌՈՒՄ, Ո՛Չ ԷԼ ԱՀԱԲԵԿՈՒՄ ԵՆ» Երեկ ԵԱՀԿ դիտորդական պատվիրակության ղեկավար Պիտեր Այքերն ու իր տեղակալ Իեն Գորվինը հանդիպեցին «16»-ի միավորման անդամ կուսակցությունների կողմից առաջադրված նախագահի թեկնածուների նախընտրական շտաբների ղեկավարների հետ։ Պիտեր Այքերը ժամանեց ուշացումով, քանի որ չնախատեսված հանդիպում ուներ ԿԸՀ նախագահ Արտակ Սահրադյանի հետ, ինչը, Արտաշես Գեղամյանի լիազոր ներկայացուցիչ Աղասի Արշակյանի գնահատմամբ, «ենթադրելի» էր։ «Սահրադյանն ասել է՝ թափանցիկ քվեատուփերի մասին խոսք չի եղել։ Ես ենթադրում եմ, որ դա է եղել պատճառը, որ պարոն Սահրադյանը գրաֆիկից դուրս Ձեզ հրավիրել է իր մոտ»,- հանդիպման ժամանակ հայտարարեց Աղասի Արշակյանը։ Պիտեր Այքերը չհերքեց, որ ԿԸՀ նախագահի հետ քննարկել է այս հարցը՝ ասելով, որ Արտակ Սահրադյանը ողջունել է թափանցիկ քվեատուփերի տեղադրումը եւ պատրաստակամություն է հայտնել բանակցել Հայաստանում գտնվող միջազգային դոնոր կազմակերպությունների հետ՝ առաջիկա նախագահական ընտրություններում դրանք ապահովելու համար։ Պիտեր Այքերը անդրադարձավ նաեւ մամուլում հրապարակված այն տեղեկատվությանը, թե ինքը Սահրադյանին առաջարկել է թափանցիկ քվեատուփերի տեղադրումը իրականացնել իրենց դիտորդական առաքելության կողմից. «Դիտորդական առաքելությունը օգնության առաքելություն չէ։ Սակայն, որքան հասկանում եմ, Հայաստանում կան միջազգային դոնորներ, որոնք հետաքրքրված են դրանով»,- վստահեցրեց Պիտեր Այքերը։ Հանդիպման ընթացքում նախագահի ընդդիմադիր թեկնածուների շտաբների ղեկավարները մեկ առ մեկ մատնանշեցին բոլոր այն խախտումները, որոնք արդեն իսկ իրականացնում են իշխանության ներկայացուցիչները։ «16»-ի միավորման ներկայացուցիչ Դուստրիկ Մխիթարյանը, որը համակարգում է բոլոր խախտումները, դիտորդական պատվիրակության ղեկավարներին տեղեկացրեց, որ արդեն իսկ խախտված են Ընտրական օրենսգրքի բոլոր հոդվածները, որոնց վերաբերյալ իրենք բողոքներ են ներկայացրել ԿԸՀ, ՀՀ դատախազություն եւ Կենտրոն-Նորք-Մարաշ առաջին ատյանի դատարան։ «Միայն Շենգավիթ համայնքի առաջին տեղամասում, 2000 ընտրողի դեպքում, ընտրացուցակում 340 անճշտություն կա»,- ասաց Դուստրիկ Մխիթարյանը՝ շարունակելով, թե շատ են նաեւ ԿԸՀ ընդունած որոշումների հակասությունները օրենքների նկատմամբ՝ մասնավորապես մատնանշելով Ռոբերտ Քոչարյանի գրանցման օրինականությունը։ «6 թեկնածուներին միացել է նաեւ Արամ Կարապետյանը, եւ մենք այսօր դիմել ենք առաջին ատյանի դատարան՝ Քոչարյանի գրանցումն անվավեր ճանաչելու եւ նրան տրված տեղեկանքը անօրինական ճանաչելու պահանջով»,- հայտարարեց տիկին Մխիթարյանը։ Ստեփան Դեմիրճյանի նախընտրական շտաբի պետ Գրիգոր Հարությունյանը Այքերին տեղեկացրեց, որ նախորդ գիշերն Աբովյան քաղաքի ՀԺԿ մարզային շտաբի ապակիները ջարդել եւ «մեծ» քարեր են նետել ներս։ «Դա երեխայական խուլիգանություն լինել չէր կարող»,- վստահեցնում էր Գ. Հարությունյանը՝ նշելով, որ իրենք արդեն դիմում-բողոք են ներկայացրել ԿԸՀ եւ ՀՀ դատախազություն։ Գ. Հարությունյանի մատնանշած փաստերից մեկն էլ վերաբերում էր Նոր Նորքի համայնքի Սոցիալական ապահովության վարչության պետի պաշտոնից իրենց համակիրի ազատմանը։ «Նրան ստիպել էին դուրս գալ աշխատանքից, այլապես կհետապնդեն ու քրեական գործ «կսարքեն»։ Իսկ նորանշանակ պետը հայտարարել է, որ բոլորը պետք է աշխատեն Քոչարյանի համար»,- ասաց Գ. Հարությունյանը։ Նա անդրադարձավ նաեւ թեկնածուների նախընտրական շտաբների համար հատկացվող տարածքներին ու պաստառներին՝ նշելով, որ խստորեն արգելվում է, բացի Ռ. Քոչարյանի նկարներից, այլ թեկնածուի նկար փակցնելը։ «Ահաբեկում են մասնավոր խանութներ, գրասենյակներ ունեցող մարդկանց, որպեսզի նրանք մեզ տեղ չհատկացնեն։ Անգամ պայմանագրեր ստորագրելուց հետո բերում, ասում են՝ կներեք, չենք կարող։ Մտնում են գործող շտաբներ եւ սպառնում, որ եթե 24 ժամվա ընթացքում դուրս չգանք՝ այրելու են»,- ասաց Գրիգոր Հարությունյանը՝ Այքերին տեղեկացնելով, որ իրենք բոլորովին չեն վախենում նման սպառնալիքներից։ Խոսվեց նաեւ Ռոբերտ Քոչարյանի հետ հանդիպումներին բռնի կերպով բնակչությանը հրապարակ դուրս բերելու, ավտոբուսներով այս կամ այն մարզ մի խումբ մարդկանց պտտեցնելու մասին։ Բոլոր թեկնածուների ներկայացուցիչները միաձայն բողոքեցին հեռուստատեսությունների, մասնավորապես Հ1-ի գործունեությունից։ Իսկ Արամ Կարապետյանի լիազոր ներկայացուցիչը նշեց, որ գիշերներն իշխանության «մանգլավիկները» պատռում են պաստառները, որպեսզի հակազդեցություն գործեն ժողովրդի վրա։ Սակայն ժողովուրդը դրանից ավելի է բորբոքվում ու սկսում է մասսայաբար պատառոտել Քոչարյանի նկարները։ Շուրջ 2 ժամ տեւած հանդիպման ընթացքում Պիտեր Այքերը զարմացած լսում ու իր մոտ գրանցում էր նշված բոլոր խախտումները։ Վերջում պայմանավորվածություն ձեռք բերվեց շաբաթը մեկ անգամ հանդիպել, որպեսզի ավելի հանգամանալից դիտարկվեն բոլոր խախտումները։ ԼԻԼԻԹ ՍԵՅՐԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել