Լրահոս
Օրվա լրահոսը

Նախագահական քարոզարշավ

Փետրվար 01,2003 00:00

Նախագահական քարոզարշավ Ֆինանսներ եւ ռոմանսներ Ինչպես արդեն տեղեկացրել էինք՝ նախագահի թեկնածուներից միայն երեքը՝ Ռոբերտ Քոչարյանը, Ստեփան Դեմիրճյանը եւ Արամ Կարապետյանը, վստահ էին, որ իրենց նախընտրական հիմնադրամում կհավաքվի սահմանված առավելագույն գումարաչափը՝ 60 մլն դրամ, վճարովի եթերաժամի ողջ չափաքանակը իրենք կարող են գնել, հետեւաբար եւ՝ առանց ֆինանսական տրտունջների մղել քարոզարշավ: Իսկապես էլ մյուս թեկնածուներն առայժմ միայն անվճար եթերն են զբաղեցնում. ոմանք՝ համոզելու համար, թե իրենց Հայաստանում այնուամենայնիվ ճանաչողներ կան, մյուսները՝ մերձքաղաքական թեմաներով դասախոսելու, երրորդներն էլ՝ Քոչարյանի հրապարակային դիմակազերծման համար: Հասկանալիորեն մի 5-10 օրից կավարտվի անվճար եթերի լիմիտը, եւ շատերն այլեւս հեռուստաէկրանին չեն լինի: Իսկ «Արմենիայի» կամ ԱԼՄ-ի եթերում այսօր էլ միայն Կարապետյանը, Քոչարյանը եւ Դեմիրճյանն են: Եվ արդեն կարելի է որոշակի եզրահանգումներ կատարել՝ արդյո՞ք ֆինանսների առկայությունն ինքնաբերաբար ապահովում է ռոմանսներ: Պարզվում է՝ ոչ այնքան: Արամ Կարապետյանն առայժմ հեռուստաէկրանին ցուցադրում է հիմնականում իր մասին պատմող եւ նախընտրական ծրագրերը լուսաբանող հոլովակներ: Հուսանք, ժամանակի մեջ այդ հոլովակները կզուգորդվեն նաեւ ակտիվ, բովանդակալից, դիտարժան ընտրարշավի ցուցադրությամբ: Երեւի ինչ-որ պահից կլինեն ռոմանսներ, որպեսզի ֆինանսներն էլ դրանք հանրությանը տեսանելի դարձնեն: Ռոբերտ Քոչարյանի քարոզչությունը, ըստ էության, իրականացվում է հեռուստաընկերությունների լրատվական թողարկումներում: Քոչարյանի շտաբում նկատե՞լ են, թե՞ ոչ, բայց գովազդային եթերաժամին իրենք լրատվականների ռեպորտաժների դրվագներ են կրկնում՝ ընդամենը երաժշտության ուղեկցությամբ: Անժխտելի մի վկայություն, որ հեռուստաընկերությունների կողմից ոչ թե նախագահական ընտրարշավ է լուսաբանվում, այլ Քոչարյան է գովազդվում: Այլապես, գոնե Երեւանի տարբեր թաղամասերում Քոչարյանի հետ հանդիպումները ցուցադրելիս՝ օբյեկտիվությունը կպահանջեր նախ մայթեզրին շարված ավտոբուսները նկարել, որոնցով տեղափոխվում են այդ հավաքների մասնակիցները: Չէ՞ որ, այդ ավտոբուսները տեսնում են անհամեմատ մեծ թվով մարդիկ, քան հավաքների մասնակիցների հանրագումարն է: Ինչեւէ8230 էկրանին ցուցադրվող այցերն ու հանդիպումներն էլ այնքան միապաղաղ, նախապես սցենարագրված են, որ մնում է հորանջես ու Քոչարյանի հետ հանդիպումների բերվողների թվով կամա-ակամա դաշնակցականների մարդահամար անցկացնես: Երբեմն միայն աշխուժանում ես, երբ սցենարագրված քծնանքը հասնում է գրոտեսկի՝ «լեզուների հմուտ գիտակ», «հայկական բարդի»: Ամփոփելով՝ Քոչարյանի մասին ռոմանսները երգվում են իշխանամետ հեռուստաալիքների լրատվական թողարկումներում եւ ֆինանսներն այդտեղ առանձնակի դեր չունեն: Ստեփան Դեմիրճյանի դեպքում՝ ֆինանսներն առայժմ ծառայում են քարոզարշավի՝ պաշտոնական լուսաբանումից տարբերվող պատկեր հասարակությանը հասցնելուն: Աչոք կույրերը եթե չտեսնեն էլ Դեմիրճյանի՝ տոնակատարությունների վերածվող այցերը, լսվող բացականչություններից, հորդացող օրհնություններից ու մեծարումից այդ ֆուրորը մտովի կպատկերացնեն: Այլ են կույրերը մտոք: Թող մտոք կույրերը տասնամյակների, նույնիսկ հարյուրամյակների հոլովույթի մեջ մատնացույց անեն Հայաստանի հողին քայլած գեթ մեկ գործչի՝ աշխարհիկ կամ հոգեւոր, քաղաքական կամ հասարակական, ում մուտքը երկրի հասարակական-քաղաքական կյանք նման մեծարումով է ուղեկցվել: Դեմիրճյանի պարագային ռոմանսներ երգում է ժողովուրդը, ֆինանսները հնարավորություն են ընձեռում դա հասցնել հեռուստաեթեր: Իսկ այժմ այն, ինչը ֆինանսների եւ ռոմանսների դիալեկտիկական կապի տեսանկյունից ամենից հետաքրքրականն է ներկա քարոզարշավում. նախագահության թեկնածուներին ինչ հնարավորություն կընձեռվի հեռուստաեթերից հասարակությանը ներկայանալու՝ անկախ ֆինանսներից: Մտադի՞ր են արդյոք հեռուստաընկերությունները կազմակերպել բանավեճեր նախագահի թեկնածուների մասնակցությամբ, կամ նրանց հրավիրել ուղիղ եթեր՝ հարցազրույցների: Հանրային հեռուստատեսության տնօրեն Ալիկ Հարությունյանը ասում է, որ իրենք թեկնածուներին ուղիղ եթեր հրավիրում են «Օրակարգից դուրս» ծրագրում եւ «Հայլուրից» հետո, ինչ վերաբերում է բանավեճեր կազմակերպելուն, ապա առայժմ ո՞ւմ ում հետ բանավեճի հրավիրես, ա՛յ, երկրորդ փուլում, երբ մնում է երկու թեկնածու, բանավեճի նախաձեռնություն կլինի: ԱԼՄ տնօրեն Տիգրան Կարապետյանը, ընդհակառակը, հավատացնում է, որ ինքը միայն ուրախ կլինի նախագահության թեկնածուներ հյուրընկալելու բանավեճի սեղանի շուրջ կամ թեկուզ հարցազրույցի ուղիղ եթերում, սակայն թեկնածուներն առայժմ հետաքրքրություն չեն ցուցաբերել, թերեւս ընտրարշավի վերջնագծին մոտենալով՝ աշխուժությունը մեծանա: Այսպիսով, ճշմարտությունը պահանջում է, որ որեւէ թեկնածու չդժգոհի, թե իր խոսքը ժողովրդին հասցնելու հնարավորություն չունի: Գովազդի համար իհարկե պետք է վճարել, սակայն ներկայանալու համար, ի պատիվ հայաստանյան գոնե որոշ հեռուստաընկերությունների, ֆինանսները դեր չունեն: Եվ վերջապես, ֆինանսական միջոցների առումով հեգեմոն դերում գտնվող եռյակից Ռոբերտ Քոչարյանը խոստանում է եթերում երեւալ: «Նախագահը եթերում կլինի»,- վստահեցրեց Վահե Գաբրիելյանը: Ստեփան Դեմիրճյանն ասում է, թե ինքը բանավեճի կմասնակցի միայն Քոչարյանի հետ: Իսկ Արամ Կարապետյանը, հավատարիմ իր բարեհոգությանը, թե՛ եթերում է պատրաստակամ հյուրընկալվել, թե՛ բանավեճերի մասնակցել: ԼՈՒՍԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել