Լրահոս
Օրվա լրահոսը

«ՍԵՐԺԸ ՔԵԶԻ ՀԱՎԱՆԵՑ»

Փետրվար 04,2003 00:00

«ՍԵՐԺԸ ՔԵԶԻ ՀԱՎԱՆԵՑ» Այսպես ներկայացրեց Արտաշես Գեղամյանի եւ Սերժ Սարգսյանի բանավեճից իր տպավորությունը Մաստարա գյուղի բնակչուհի տիկին Շողիկը: Համեմատելու առումով բավական հետաքրքիր է նախագահի մի թեկնածուի հետ այցելել այն բնակվայրերը , ուր շրջել ես մեկ այլ թեկնածուի հետ: Երեկ Արտաշես Գեղամյանի հետ մեկնելով Թալին՝ զուգահեռներ էինք տանում նրան եւ օրեր առաջ նույն տարածաշրջանում Ստեփան Դեմիրճյանին ցուցաբերված ընդունելությունների միջեւ: Վերջինիս ավելի ջերմ էին ընդունել Թալինում՝ գորգ ու արհեստական ծաղիկներ փռել ոտքերի տակ, իսկ Գեղամյանին դիմավորեցին փոքր-ինչ ավելի զուսպ: Թեեւ թալինցի ծերունի Ռաֆիկ Թամոյանը, որ ելույթ էր ունեցել նաեւ Դեմիրճյանի հետ հանդիպման ժամանակ, «Ազգային միաբանության» առաջնորդի մասին ասաց. «Ես նրա ծրագիրը տառետառ կարդացել եմ: Ոնց որ թալինցիները գրեն՝ տան Արտաշես Գեղամյանի ձեռքը»: Վերջինիս շատ ջերմ՝ գինով ու դհոլ-զուռնայով դիմավորեցին Արտենի գյուղում, որտեղ ՀԺԿ նախագահին ընդունել էին փոքր-ինչ սառը (տեղացի ընդդիմադիրները սա պատճառաբանել էին նրանով, որ Արտենիում զորեղ են գործող նախագահի կողմնակիցները): Եվս մի համեմատություն՝ առաջին իսկ կանգառում, որ Կաթնաղբյուր գյուղում էր, փողոցը փակած գյուղացիներից մեկը գոչեց. «Բոլորս միասին ձայները տալիս ենք Գեղամյանի՛ն, Դեմիրճյանի՛ն, Արամ Սարգսյանի՛ն»: Այդպես եղավ նաեւ Թալինում, ուր Գեղամյանին աղուհաց մատուցելուց հետո, մի տղամարդ բացականչեց. «Մեր բոլորիս հույսը Ձե՛ր վրա է, Ստեփան Դեմիրճյանի՛ վրա է, Արամ Սարգսյանի՛ վրա է… Կեցցե՜ միասնությունը, կեցցե՜ միասնական թեկնածուն»: Իսկ վերոհիշյալ Ռաֆիկ Թամոյանն ասաց. «Հարգելի Գեղամյան, ես խնդրում եմ՝ դու ոչ թե մենակ ասես, թե ե՛ս ու ե՛ս եմ, այլ թիկունք տաս 12 առաքյալների հետ»: Այլ թեկնածուների զիջելու հորդորներ չէին հնչում Ստեփան Դեմիրճյանի հետ հանդիպումներում եւ, առավել եւս՝ «16»-ում գործընկերների հասցեին չէին արվում բացասական շեշտադրումներով ակնարկներ, որոնք արեց երեկ Գեղամյանի աջակիցներից մեկը: Մեկ այլ զուգահեռ՝ ՀԺԿ նախագահի քարոզարշավի ընթացքում քննադատվում է գործող իշխանությունը, իսկ եթե դատեինք Հմայակ Հովհաննիսյանի երեկվա ելույթից՝ տպավորություն կառաջանար, թե Հայաստանի նախագահը դեռ Լեւոն Տեր-Պետրոսյանն է: Ասելիքի զգալի մասը նա նվիրեց Թատերական հրապարակից ժողովրդին ներկայացած անհայտ դոկտորի պատճառով «քայքայման եւ ավերածությունների տասնամյակին», հիշեցրեց անգամ Մասիսի թունավորումները: Թափանցիկ էր ակնարկը. «Վտանգավոր են այն մարդիկ, ում դուք չեք ճանաչում, չգիտեք: Պետք է անպայման ընտրությունը կատարել՝ ելնելով այն բանից, թե որքանով է տվյալ թեկնածուն իր գործերով ապացուցել, որքանով է նա ունակ առաջ քաշել գաղափարներ ու ծրագրեր»: Հմայակ Հովհաննիսյանը փորձում էր ազդել հորից Ստեփան Դեմիրճյանին փոխանցված ընտրազանգվածի վրա նաեւ հետեւյալ փաստարկով. «Արտաշես Գեղամյանը ներկայացնում է քաղաքական ղեկավարման նույն դպրոցը, որը ներկայացնում էր Կարեն Դեմիրճյանը: Ա՜յն փառապանծ դպրոցը, որ ձեզ տվեց անվճար կրթություն»: Գագիկ Կոստանդյանը, բացառություն չանելով անգամ ընդդիմության թեկնածուների համար, պնդում էր, թե միայն «ԱՄ» առաջնորդը կարող է երկիրը դուրս բերել առկա համընդհանուր ճգնաժամից, միայն նա ունի աշխատանքային նման փորձ. «11 թեկնածուներից ամենաիմաստո՛ւնը, գիտելիքներով հարո՛ւստը, գործո՛ւն, կարո՛ղ մարդը Գեղամյան Արտաշեսն է»: Իսկ Գեղամյանն իր ելույթներում մեծ մասամբ ներկայացնում էր սեփական ծրագիրը՝ խոստանում եռապատկել թոշակները եւ բյուջետային աշխատավարձերը: Եվ չէր անդրադառնում ո՛չ նախկիններին, ո՛չ էլ «16»-ի գործընկերներին: Հակառակը՝ հայտարարեց. «Ընդդիմությունը դատապարտված է միաբանվել, հանդես գալ միասնական թեկնածուով, քանզի նա, ում դեմ դուրս ենք եկել, ընդունակ է ծայրաստիճան վայրագ, հայ մարդուն ու քրիստոնյային ոչ հատկանշական գործողությունների»: Հանդիպումներում անդրադառնում էին նաեւ «Օրակարգից դուրս» Գեղամյանի եւ Սերժ Սարգսյանի բանավեճին: ԱԺ պատգամավոր Աղասի Արշակյանն ասաց, թե այդ հաղորդումից հետո, համեմատելով այլ 10 թեկնածուների հետ, մարդիկ «պետք է արդեն որոշումներ կայացրած լինեին, կողմնորոշված, թե իրականում ինչ տիպի նոր գործիչ ենք իջեցնում ասպարեզ»: Իսկ Մաստարա գյուղում 77-ամյա տիկին Շողիկը Գեղամյանին ասաց. «Քո ելույթները ես միշտ լսել եմ ու հավանություն եմ տվել: Մեր հույսը քո վրա է: Դու պիտի մեզ համար աշխատատեղեր բանաս… Իրիգուն տեսա՝ Սերժն էլ քեզի հավանեց, ըսեց, որ հըմնեն գիտակ մարդը դու ես, դու պիտի ղեկավարես, ըլնիս մեր թագավորը: Ինչքան խոսացիք, իրար տարաք-բերիք՝ վերջը գտավ, որ գիտակը դու ես: Ես ըդպես հասկցա: Ես գիտեմ, որ քեզի էնի հավանեց, ըսեց՝ դու եղի»: Արտաշես Գեղամյանը ներկայացրեց այդ բանավեճի մի արդյունքը. «Որ Սերժին Ռոբերտի հետ կռվացրեց՝ այդ հաստատ է»: ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել