Լրահոս
Օրվա լրահոսը

ՈՒՂՂՎԵԼՈՒ ՓՈՐՁԵ՞Ր

Փետրվար 06,2003 00:00

ՈՒՂՂՎԵԼՈՒ ՓՈՐՁԵ՞Ր ԿԸՀ նիստը երեկ սկսվեց նրանով, որ հանձնաժողովի անդամ, ԱԺՄ ներկայացուցիչ Պավել Եդիգարյանն առաջարկեց, որպես հրատապ հարց, նախատեսված օրակարգում լրացուցիչ ընդգրկել նախորդ օրը Արտաշատում տեղի ունեցած միջադեպերը, որից մեկին՝ ՀՀ նախագահի թեկնածու Վազգեն Մանուկյանի հետ կատարվածին, ինքն անմիջական մասնակից է եղել: Ու թեեւ ԿԸՀ-ն այդ առիթով արդեն նախապես հայտարարության տեքստ էր պատրաստել, այդուհանդերձ, թերեւս, նկատի ունենալով, որ դրա շուրջ հանձնաժողովում քննարկում չի ծավալվելու եւ որոշում չի կայացվելու, Պ.Եդիգարյանը հարկ էր համարում կատարվածը որպես ականատես ներկայացնել իր գործընկերներին: Նա հույս ուներ, որ տեղի ունեցածի մասին մանրամասն տեղեկությունները կստիպեին իր գործընկեր հանձնաժողովականներին՝ խիստ լղոզված ու անորոշ հայտարարության տեքստը վերանայել: Պ.Եդիգարյանը, մեղմ ասած, համաձայն չէր դրա բովանդակությանը եւ մեզ հետ զրույցի ժամանակ էլ պնդեց, որ Արտաշատում տեղի ունեցածը «կազմակերպված հանցագործություն էր նաեւ պատկան մարմինների կողմից»: Մեր այն հարցին, թե այդ դեպքում ինքն ինչո՞ւ չի պնդել հայտարարության մեջ փոփոխություններ անելու համար, պրն Եդիգարյանը պարզաբանեց. «Պնդել եմ: Հայտարարության տեքստը փոխել էին, բայց ոչ բավարար չափով»: ԿԸՀ նախագահ Արտակ Սահրադյանը Պ.Եդիգարյանի առաջարկը հակադարձեց նրանով, որ հայտարարեց, թե օրակարգում որեւէ հարց ընդգրկելու մեկ տարբերակ կա՝ գոնե նիստում ներկայացնել որոշման նախագիծ, ինչն այդ պահին Պ.Եդիգարյանը չկարողացավ անել: «Իրավունք եւ միաբանություն» դաշինքի ներկայացուցիչ Զ.Պլուզյանն էլ համաձայնեց, թե «կատարվածը շատ մանրակրկիտ քննարկման նյութ պետք է դառնա, եւ դրա առնչությամբ համապատասխան որոշում կայացվի, իսկ այդ ընթացքում պարոն Եդիգարյանը կպատրաստի որոշման նախագիծը»: Առաջարկի ընդդիմախոսների փաստարկն այս էր՝ «Հայտարարություն ենք անում: Ուրիշ ի՞նչ պետք է որոշենք»: Պ.Եդիգարյանը չբացառեց, թե որոշումները կարող են տարբեր լինել, ընդհուպ՝ մինչեւ «ընտրությունների ընթացքում ստեղծված անհաղթահարելի խոչընդոտների» պատճառաբանությամբ ընտրությունների հետաձգումը: Իհարկե, քննարկման արդյունքում պրն Եդիգարյանի առաջարկությունը ԿԸՀ-ի հավանությանը չարժանացավ, ու վերջինս անցավ օրակարգում ընդգրկված հարցերին: ԿԸՀ-ն ստիպված եղավ անդրադառնալ ու փորձել կարգավորել ՀՀ նախագահի թեկնածուների նախընտրական քարոզարշավը արբանյակային կապով հեռարձակելու խնդիրը: Որոշում ընդունվեց «Հանրային հեռուստառադիոընկերության եթերաժամով նախընտրական քարոզչության իրականացումը զուգահեռաբար հեռարձակել նաեւ Հանրային հեռուստառադիոընկերության արբանյակային կապով»: Ինչպես Զ.Պլուզյանն ու Պ.Եդիգարյանը նկատեցին, որոշումը ուշացած էր, թեեւ մինչ այդ էլ ԿԸՀ-ում ահազանգեր էին հնչել խնդրո առարկայի շուրջ: «Ինչո՞ւ է այդ հարցը քննարկվում քարոզարշավի ավարտից մեկ շաբաթ առաջ. որ վերջին օ՞րը ընդդիմության քաղաքական գովազդները տեղ հասնի»,- հռետորական հարցադրում արեց Պ.Եդիգարյանը: Թեկնածուների քաղաքական գովազդները մինչ օրս արբանյակային կապով չեն հեռարձակվում, եւ ոչ միայն արտերկրի, այլեւ՝ ՀՀ որոշ մարզերում մեր քաղաքացիները դրանք դիտելու հնարավորություն չունեն: Ի դեպ, այսօրինակ որոշում կայացնելով՝ ԿԸՀ-ն, ըստ էության, ընդունեց, որ մինչ օրս թեկնածուների միջեւ անհավասար պայմաններ են եղել, որ, ի վերջո, «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքի հոդ. 4-ին հակառակ՝ «պետությունն անհրաժեշտ պայմաններ» չի ստեղծել «եւ միջոցներ» չի «ձեռնարկել ՀՀ ամբողջ տարածքում Հանրային հեռուստառադիոընկերության ծրագրերի ընդունման համար»: Եվ ԿԸՀ անդամ Պ.Եդիգարյանը, եւ թեկնածու Արամ Զ.Սարգսյանի լիազոր ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանը ԿԸՀ-ից պահանջեցին՝ առաջարկել այս ամենի համար մեղավորներին պատասխանատվության ենթարկել: Իհարկե, ԿԸՀ-ն, ինչպես եւ պետք էր ակնկալել, նման հանձնառություն չստանձնեց: ԿԸՀ անդամները նաեւ չընդունեցին նույն Պ.Եդիգարյանի առաջարկը՝ ուղղել կատարված սխալն ու Հանրային հեռուստառադիոընկերությանը պարտավորեցնել արբանյակային կապով հեռարձակել հունվարի 20-25-ից հեռարձակված քաղաքական գովազդները: Առաջարկի ընդդիմախոսները վկայակոչում էին քաղաքական գովազդի համար 60 եւ 120 րոպե սահմանելու մասին արդեն ընդունված որոշումը, մինչդեռ առաջարկն ընդունելու պարագայում կստացվի, որ սույն որոշումը խախտելու գնով սահմանված ժամաքանակից ավելի ժամանակ է տրամադրվելու թեկնածուների գովազդի համար: Առաջարկն, իհարկե, չընդունվեց: Փոխարենն ընդունվեց ԿԸՀ նիստում ներկայացված նախագիծը, որին դեմ քվեարկեցին միայն «ԻՄ» դաշինքի եւ ԱԺՄ-ի ներկայացուցիչները: Իհարկե, նույնիսկ այս որոշումը կիրառության մեջ դնելու համար դեռեւս օրեր է պահանջելու, որովհետեւ այն դեռ պետք է որպես իրավական ակտ հաստատվի ՀՀ արդարադատության նախարարությունում: Իսկ դա կնշանակի, որ լավագույն դեպքում քարոզարշավի ավարտի միայն վերջին օրերին ընդդիմադիր թեկնածուները հնարավորություն կունենան իրենց գովազդով ինչ-որ չափով հակակշռել այն դիսբալանսին, որ կա այսօր վերջիններիս ու գործող նախագահի օգտին հանրային քարոզչամիջոցով տարվող թաքնված կամ անթաքույց գովազդի միջեւ: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել