Լրահոս
Օրվա լրահոսը

«Մի մասն արդեն քվեարկել է ոտքերով»

Փետրվար 06,2003 00:00

«Մի մասն արդեն քվեարկել է ոտքերով» Արմավիրի մարզի (Բաղրամյանի շրջան) Քարակերտ գյուղի բնակիչները նախագահի թեկնածու Ստեփան Դեմիրճյանին դիմավորեցին աղավնիներ օդ արձակելով, որը խիստ արդիական էր՝ Արտաշատի նախորդ օրվա դեպքերը հաշվի առնելով։ Իհարկե, այստեղ էլ, Արմավիրի մեկ տասնյակի հասնող մյուս բնակավայրերի նման, անպակաս էր աղ ու հացը, գառան մատաղը եւ այլն։ Իսկ Ս. Դեմիրճյանի քարոզարշավների ընթացքում ամենատիպիկն այն է, որ համակիրները համարյա իրար են տրորում թեկնածուին մոտ կանգնելու, նրան տեսնելու ու «շոշափելու» կամ, որ ավելի են նախընտրում, ձեռքը սեղմելու համար։ Թեկնածուին ուղեկցող շարասյունը ստիպված եղավ մի քանի գյուղերում չնախատեսված կանգառներ անել՝ որովհետեւ ճանապարհը փակել էին մարդիկ։ Նույնիսկ չծրագրված կանգառներում հանդիպումները մարդաշատ էին, իսկ հավաքվածներն ամենաանսպասելի բառերով էին արտահայտում իրենց սերը Ստեփան Դեմիրճյանի հանդեպ։ Իսկ, օրինակ, Քարակերտում հավաքվածներն ավելին էին, քան կարելի էր պատկերացնել հեռավոր, բազմակողմանի տեղեկատվություն ստանալու հնարավորությունից զուրկ մի գյուղի համար։ Եվ սա այն դեպքում, որ գյուղացիների եւ թեկնածուի շտաբի անդամների ներկայացմամբ. «Երբ իմացան, որ Ստեփան Դեմիրճյանը գալիս է ժողովրդի հետ հանդիպելու, ճանապարհները փակել են, մի ավտոբուսի վարորդին էլ տարել են, թե՝ ժողովրդին մի տար։ Ինչո՞վ են վախեցնում»։ Այլոց վկայությամբ, այդ ժամին (12-ի սահմաններում) դպրոցում ծնողական ժողով են հրավիրել, դռներն էլ փակել, որ հանդիպման քիչ մարդ գնա։ Այս տեղեկությունները ստուգելու հնարավորություն, պարզ է, չունեցանք։ Ստեփան Դեմիրճյանի քարոզարշավի մյուս յուրահատկությունն էլ այն է, որ լավ փնտրելու դեպքում էլ դժվար է գտնել մեկին, որը նախընտրում է ուրիշ թեկնածուի։ Սա բավականին հեշտությամբ կարելի է անել այլ թեկնածուների դեպքում։ Բայց ուրիշ թեկնածուները նախընտրել էին Արմավիրի մարզը հենց երեկ, Ս. Դեմիրճյանի այցելության օրը։ Երեկ այստեղ իր քարոզարշավն էր անցկացնում միանգամից երեք կամ 4 թեկնածու։ Արմավիր քաղաքում, օրինակ, մի քանիսը հայտնեցին, թե առավոտից Դեմիրճյանին են սպասել, բայց նախ եկել է Արամ Հարությունյանը, ապա՝ Արամ Կարապետյանը, նոր միայն՝ Ստեփան Դեմիրճյանը։ Արմավիրցիների պատմելով, Արամ Կարապետյանի ելույթի ժամանակ, երբ վերջինս «կպել է մարզպետին, ակումբի հոսանքն անջատել են, որ էլ ելույթ չունենա»։ Բայց արմավիրցիներին ոչ հոսանքի բացակայությունը, ոչ էլ նախագահ Քոչարյանի նախընտրական հսկայական պաստառների ներկայությունը խանգարեց, որ Ս. Դեմիրճյանի նկատմամբ իրենց ջերմությունն արտահայտեն տեւական ծափերի միջոցով։ Նախագահի թեկնածուն երեկ դատապարտեց Արտաշատի դեպքերը, խստագույն պատիժ պահանջեց եւ ավելացրեց. «Բայց մենք սովոր ենք, ամեն անգամ ասում են՝ արջի ծառայություն է։ Բայց եթե չեն պատժում, ուրեմն հովանավորում են»։ Ամեն դեպքում, պետք է ենթադրել՝ իշխանությունների համար տհաճ էր Արտաշատի «անակնկալը», որովհետեւ Ս. Դեմիրճյանի շարասյունն Արմավիրից սկսած ուղեկցում էին մեկ տասնյակից ավելի ոստիկաններ՝ կարգուկանոնը ապահովելու եւ նախորդ օրվա դեպքերը թույլ չտալու համար։ Ի պատիվ ոստիկանների, նրանք ոչնչով չէին խանգարում ընտրարշավին։ Ընդհակառակը, իրոք պատրաստ էին հանդարտեցնել բորբոքվածներին։ Ինչպես, օրինակ, մի խումբ արմավիրցիների, որոնք «Առավոտին» այնքան վրդովված ու բարձրաձայն էին բողոքում իրենց խնդիրներից, որ կռվի տպավորություն էին ստեղծել։ Այդ խնդիրներն առաջիկայում կաշխատենք ներկայացնել մեր ընթերցողներին։ Իսկ Արշակ Սադոյանն ըստ երեւույթին այդպիսի խնդիրներին ծանոթ լինելով, արձանագրեց. «Մեծ մասը ոտքերով են քվեարկում։ Թողնում-գնում են Հայաստանից»։ ԱՐՄԻՆԵ ՈՒԴՈՒՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2003
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728