Լրահոս
Օրվա լրահոսը

«9-ԻՑ ՄԻ ՀՈԳԻ ՉԻ ԱՌԱՋԱՆԱ»

Փետրվար 07,2003 00:00

«9-ԻՑ ՄԻ ՀՈԳԻ ՉԻ ԱՌԱՋԱՆԱ» Այս կարծիքին է Վահան Հովհաննիսյանը Թեպետ խորհրդարանի գարնանային նստաշրջանի առաջին նիստը տապալվեց, սակայն խորհրդարանական ճեպազրույցները երեկ կայացան։ Խումբ-խմբակցությունները միասնաբար դատապարտեցին Արտաշատում տեղի ունեցած դեպքերը։ ՀՅԴ խմբակցության անունից ՆԳ, ԱԱ եւ պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վահան Հովհաննիսյանը հայտարարեց. «Նախընտրական կամպանիան գնում է իր հունով, եւ հուսով եմ, ոչ մի փորձ՝ այն իր հունից շեղելու, արդյունքի չի հասնի։ Խոսքս հատկապես վերաբերում է Արտաշատում տեղի ունեցած անճոռնի դեպքերին, որոնց գնահատականը թե՛ Հայաստանի նախագահը, թե՛ քաղաքական ուժերն արդեն տվել են։ Տեղեկացնեմ ձեզ, Դաշնակցության ԳՄ-ն այս կապակցությամբ հրապարակել է հայտարարություն, որտեղ խստորեն դատապարտվում են այդ արարքները, պահանջ է դրվում անմիջապես, օրենքի ողջ խստությամբ պատժել մեղավորներին, ինչպես նաեւ քննադատական խոսքեր կան եւ դատապարտվում է իրավապահ մարմինների պասիվությունը»։ Պատասխանելով լրագրողների հարցերին, պրն Հովհաննիսյանը ասաց նաեւ, որ ցանկացած նախագահ, ցանկացած երկրում մոտ 30%-ով բոլորից առաջ է. «Եթե իհարկե, կտրուկ արտահայտված հանցանքներ թույլ չի տվել կամ շատ մեծ չափի սխալներ, որը տվյալ դեպքում այդպես չէ»։ Պրն Հովհաննիսյանը սոցիոլոգիական հարցումներին առանձնապես չի հավատում, «որովհետեւ անցկացնողը միշտ բոլորից լավ դիրքում է հայտնվում»։ Պրն Հովհաննիսյանը նաեւ այն կարծիքին է, որ ընդդիմության ինը թեկնածուներից «մի հոգի չի առաջանա՝ էս հստակ է, բայց որ մի քանիսն էլ հավանաբար դուրս կգան եւ 2-3 միասնական թեկնածու կլինեն՝ դա հավանական է։ Բայց, ընդհանրապես, միասնական թեկնածու առաջացավ այն ժամանակ, երբ տարբեր քաղաքական ուժեր որոշեցին պաշտպանել Ռոբերտ Քոչարյանին»։ Կարծում ենք, պրն Հովհաննիսյանը ժամանակագրական առումով մի փոքր սխալվում է, որովհետեւ իրականում հակառակը տեղի ունեցավ՝ հենց որ ընդդիմությունը հայտարարեց, որ ընտրությունների է գնալու միասնական թեկնածուով, Ռոբերտ Քոչարյանը շտապեց ինքզինքը միասնական հայտարարել։ ՀԿԿ խմբակցության անդամ, սոցիալական, առողջապահական եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Թադեւոսյանը նկատեց, որ «բուռն քարոզարշավը» արհեստական բնույթ ունի. «Ամբողջ մամուլը, հեռուստատեսությունը ողողված է գործող նախագահի գովքն անելով եւ հոգեբանական պրեսինգ տանելով ժողովրդի վրա, որ այլընտրանք չկա»։ Այս մեթոդները մերժելով՝ պրն Թադեւոսյանն ասաց. «Ընտրարշավը չսկսած, այնքան շատ օրենքի խախտման դեպքեր են կուտակված, որ արդեն չգիտեմ, ոնց պիտի դուրս գանք սրա տակից ու լեգիտիմ դարձնենք ընտրված նախագահին»։ Արտաշատի դեպքերը պրն Թադեւոսյանը որակեց «Արտաշատում տեղի ունեցած խուլիգանական դեպքերը»՝ ասելով. «Եթե ժողովրդավարություն ես որդեգրել, ուրեմն մինչեւ վերջ էդ ժողովրդավարության նորմերն ապահովի։ Դուք եք խաղի կանոնները սահմանել, պարոնայք։ Կար ՀԿԿ, միակուսակցական երկիր, կուսակցականների եւ անկուսակցականների անխախտ բլոկ ու եթե պիտի ամեն գնով, ամեն ձեւով գործող իշխանությունը վերարտադրվի, էլ ինչո՞ւ են դեմոկրատական նորմեր ընդունել»։ Խորհրդարանական մեծամասնության ղեկավար Գալուստ Սահակյանը եւս դատապարտեց Արտաշատում տեղի ունեցած դեպքերը. «Շատ խիստ դատապարտելի է, որովհետեւ վերջին հաշվով ընտրական կրքերը լարվում են, ժողովուրդն էլ մի բան պիտի հասկանա, որը քաջ գիտակցում են նախագահի թեկնածուները, որ ընտրություն է՝ մի մասը մեկին պետք է պաշտպանի, մյուս մասը՝ մյուսին։ Առավել եւս ցավում եմ, որովհետեւ քաղաքական ճանապարհ եմ անցել, թեկուզ հակառակ դիրքերում ենք եղել Հայկ Բաբուխանյանի հետ, անձամբ ճանաչում եմ (տեսնես ինչո՞ւ է նման ակնհայտ բանի մասին խոսում պրն Սահակյանը եւ նման տոնով- Մ. Ե.), եւ բնականաբար, ինձ համար ավելի այսպես դժվար մարսելի գործոն է, կարծում եմ, որ պիտի գնահատականներից առայժմ զերծ մնանք։ Համենայնդեպս դա թողնենք հետաքննությանը, դատարանին, իրավապահ մարմիններին։ Իսկ գնահատականը միանշանակ է եւ դա նաեւ հանրապետականի գնահատականն է, որ նման իրողություններն ավելի վտանգավոր են դարձնում ոչ միայն ընտրական պրոցեսները, այլեւ՝ ընդհանրապես մեր կյանքը»։ «Իրավունք եւ միաբանություն» խմբակցության անունից հանդես եկող Աղասի Արշակյանը հայտարարեց. «դատապարտում ենք Արտաշատի քաղաքային հրապարակում տեղի ունեցածը. գտնում ենք, որ այդ մասսայական անկարգություններն ունեցել են ոչ միայն կազմակերպված բնույթ, այլեւ, մեր համոզմամբ, հրահրվել են տեղական քյոխվաների կողմից, այդ ձեւով փորձելով իրենց հավատարմությունը հայտնել գործող իշխանություններին»։ Պրն Արշակյանը հույս հայտնեց, որ «մեղավորներն արժանի պատիժ կստանան մինչեւ ընտրությունները»։ Այս գործը հենց այն գործն է, ըստ Ա. Արշակյանի, որ մեկ ուչաստկովին կարող է շատ արագ բացահայտել։ «Ժողովրդի ձայն» պատգամավորական խմբի ղեկավար Գրիգոր Հարությունյանը եւս դատապարտեց Արտաշատում տեղի ունեցած դեպքերը. «մենք դատապարտում ենք, որ նախընտրական գործընթացներում կան օրենքին հակասող երեւույթներ, որոնք պատիվ չեն բերում որեւէ իշխանական կառույցի։ Մենք առաջին անգամ ահազանգ հնչեցրինք մեր թեկնածուի՝ Արմավիրի մարզ կատարած այցի ժամանակ, երբ պաշտպանության բարձրաստիճան սպան՝ գնդապետը, զբաղվում էր քարոզչությամբ կամ հակաքարոզչությամբ։ Մենք դատապարտում ենք ցանկացած բռնություն, ցանկացած օրինազանցություն։ Մենք ինքներս աշխատում ենք քարոզարշավի ընթացքում պահպանել օրինականություն, քարոզարշավն անցկացնել քաղաքակիրթ եղանակով»։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2003
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728