Լրահոս
Օրվա լրահոսը

«ՔՈՉԱՐՅԱՆԸ ՊԱՐՏՎԱԾ Է»

Փետրվար 07,2003 00:00

«ՔՈՉԱՐՅԱՆԸ ՊԱՐՏՎԱԾ Է» Հետեւելով, թե ինչպես են շտապում Ռոբերտ Քոչարյանի քարոզարշավում անպայման ներգրավված լինել նրանք, ովքեր ոչ շատ վաղուց գործող նախագահին պատասխանատու էին համարում «Հոկտեմբերի 27»-ի համար՝ հիշեցինք տարիներ առաջ իրավապաշտպան Վարդան Հարությունյանի ասած խոսքերը, թե Վազգեն Սարգսյանը գրեթե չուներ ընկերներ՝ նա ուներ ծառայողներ, որոնք արագորեն վազեցին փնտրելու այլ տեր: Այժմ Վարդան Հարությունյանը հավելեց. «Ժամանակ անց, անդրադառնալով նույն մտքին, կարելի է արձանագրել, թե բոլոր նրանք, ովքեր Վազգեն Սարգսյանից՝ ոմանք փշրանքներ, ոմանք ամբողջ բուտերբրոդներ ստանալով, իրենց նրա կենդանության օրոք Վազգենի ընկերն էին համարում եւ, որպես ուղղափառ ՀՀՇ-ականներ՝ շեֆի անունից ու, հարկ եղած դեպքում՝ շեֆի հովանավորությամբ լուծում էին իրենց անձնական հարցերը (շուկա, խանութ, պաշտոն, պատգամավորի մանդատ), դառնում էին «հեղինակություն», կազմակերպում ու իրականացնում էին ընտրակեղծիքներ. որոնք «27»-ից հետո՝ որպես արդար դատ ու դատաստանի սկիզբ եւ պայման՝ պահանջում էին Սերժ Սարգսյանի ու Տիգրան Նաղդալյանի հեռացումը պաշտոններից, բողոքում էին Ալեքսան Հարությունյանի ազատ արձակման դեմ, բացատրում եւ ապացուցում էին, թե «27»-ը կազմակերպել եւ իրականացրել են Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը՝ այսօր մոռացած այդ ամենը՝ հանդես են գալիս որպես Քոչարյանի պաշտպաններ ու նախընտրական թիմի անդամներ: Բոլոր նրանք, ում մարդու այդ տեսակը պաշտպանել է՝ այս կամ այն կերպ պարտվել են: Շեֆերը պարտված գնում են, իսկ սրանք՝ նոր շեֆ գտած, դուրս են գալիս հերթական ընտրարշավի՝ շեֆին ուղղված տեսախցիկի օբյեկտիվը շեֆի թիկունքից որսացող հայացքով: Ես դեռ չգիտեմ, թե ինչպես կավարտվի փետրվարի 19-ի ընտրությունը. Քոչարյանը կընտրվի՞, թե՞ իրեն կհռչակի նախագահ: Միեւնույն է՝ նա պարտված է, քանզի սրա՛նք են պաշտպանում նրան»: Ա. Ի.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել