Լրահոս
Օրվա լրահոսը

ԴԻՄԵՑ «ԵՐԵՍՊԱՇՏՆԵՐԻՆ ԵՎ ԿԵՂԾԱՐԱՐՆԵՐԻՆ»

Փետրվար 07,2003 00:00

ԴԻՄԵՑ «ԵՐԵՍՊԱՇՏՆԵՐԻՆ ԵՎ ԿԵՂԾԱՐԱՐՆԵՐԻՆ» Մականունավորները՝ ահաբեկչության մասնակիցներ Երեկ «Ազդակ» ակումբում լրատվամիջոցների հետ հանդիպեց ՍԻՄ-ի նախագահ Հրանտ Խաչատրյանը, որը ներկայացրեց փետրվարի 4-ին Արտաշատում քարոզարշավի ժամանակ տեղի ունեցած սադրանքի մանրամասները։ Նա հանդես եկավ հայտարարությամբ։ Մինչ այդ ներկայացրեց Հայկ Բաբուխանյանի առողջական վիճակը, ասաց, որ գալիս է հիվանդանոցից, որ նրա մոտ սկսվել են գլխապտույտներ, որոնք կապված են ուղեղի ցնցման հետ։ Այնուամենայնիվ, նա ոգեւորված է նրանով, որ իր գործընկերը՝ ԱԺ պատգամավոր Հայկ Բաբուխանյանը ողջ է։ Հայկին շարունակում են այցելել արտասահմանյան դիվանագիտական ներկայացուցիչներ։ Ներկայացնելով կատարվածը, Հրանտ Խաչատրյանը ուշադրություն դարձրեց այն փաստի վրա, որ փետրվարի 4-ին Արտաշատ քաղաքում («չնայած մեր կանխող ահազանգերին») Հայաստանի իշխանությունները իրենց դեմ են հանել քրեական տարրերին։ Եթե մինչ այդ ականատեսները շեշտել էին 40-50 անձ, երեկ Հ. Խաչատրյանը շեշտեց, որ իրենց դեմ գործել է 50-100 հոգուց կազմված հրոսակախումբ։ ՍԻՄ-ի նախագահի դիտարկումը հիմքեր ուներ. դա մասնավոր հետաքննություն է, որի արդյունքում, ըստ նրա, եղել են կազմակերպիչներ. «Դավադրությունը կազմակերպել է եւ անձամբ ղեկավարել տարիներ առաջ Արտաշատի քաղաքապետարանի ետնամուտքով պետական համակարգ մտած, ներկայումս նախարարի պաշտոն զբաղեցնող Հովիկ Աբրահամյանը։ Հանցագործների գործողությունները տեղում վերահսկել են նախարարի եւ նրա եղբոր՝ ԱԺ պատգամավոր Հենրիկ Աբրահամյանի (Ջոնիկ) որդիները, ինչպես նաեւ ներկայիս քաղաքապետի աները՝ Քյուլլա Ռաֆիկը»։ Ահաբեկիչ-մականունավորների ցանկում ԱԺ պատգամավորը նշեց Զոռի Աշոտ, Գազի Հովո, Ձուկ Սամվել, Ցունցունա Խաչո, Կծան Միշա, Թմրամոլ Եղո, Գագո եւ Ռաֆիկ Ենոքյաններ անունները։ Մի արտառոց հայտարարություն էլ արվեց։ Երեկվա դրությամբ պաշտոնական ցուցմունքներ չեն վերցվել Հայկ Բաբուխանյանից, Հրայր Խաչատրյանից (Արարատի մարզային կառույցի ղեկավար) եւ մյուս տուժողներից։ Ավելին, Հայկ Բաբուխանյանը դատաբժշկական փորձաքննության չէր ենթարկվել։ Պարոն Խաչատրյանը հայտնեց, որ ինքը զրուցել է գլխավոր դատախազի, Արարատի մարզպետի եւ հանրապետության նախագահի ներկայացուցչի հետ։ Երբ խնդրեցինք մասնավորեցնել, թե կոնկրետ նախագահի ո՞ր ներկայացուցչի հետ է ինքը զրույց ունեցել, ՍԻՄ-ի նախագահը հանձն առավ չհրապարակել։ Մեր այն հարցին, թե արդյո՞ք Ալիկ Հարությունյանի հետ, նա կարճ կապեց. «Չասեմ»։ Պատգամավորից փորձեցինք ճշտել նաեւ, թե ինչ հոդված է առաջադրվել, նա ասաց, որ նախաքննություն է իրականացվում եւ կոնկրետ իրենց ոչինչ չեն ասել։ Ընդհակառակը, իր հայտարարության մեջ Հ. Խաչատրյանը, գնահատելով իշխանությունների պահվածքը, ասաց. «Ոստիկանության միակ հայտարարությունը աղավաղում է փաստերը եւ եղածը ներկայացնում որպես մի խումբ բանսարկուների սադրանք։ Բարձր պաշտոնյաների հայտարարությունները ոչնչով չեն տարբերվում արտաքին աշխարհին ուղղված ստանդարտ տեքստերից։ Նրանց գործողությունները սահմանափակվում են մյուս հանդիպումների ժամանակ հասարակական պահպանության ուժեղացմամբ եւ իրենց սատարող հանցախմբերին ժամանակավոր թաքստոցներում պահելով»։ Ըստ ՍԻՄ-ի նախագահի, Հայկ Բաբուխանյանի միակ սխալը եղել է այն, որ չի կրակել իր դեմ դուրս եկած հրոսակախմբի վրա։ Ինքն անձամբ հայտնեց, որ կկրակեր եւ ցույց տվեց իր եւ Հայկ Բաբուխանյանի՝ իբրեւ պատգամավորների, զենք կրելու իրավունքի փաստաթուղթը։ Այսօր, ժամը 14-ին, նույն Արտաշատում տեղի է ունենալու իրենց թեկնածու Արամ Կարապետյանի հանդիպումը։ «Մենք ինքներս կգնանք Արտաշատ եւ կվերականգնենք մեր պատիվը, կլվանանք արտաշատյան սադրանքի սեւ բիծը»։ Հ. Խաչատրյանը դիմեց ոստիկանությանը, իրավապահ մարմինների աշխատակիցներին, դաշնակներին ու հանրապետականներին, երկրի ղեկավարներին, երեսպաշտներին ու կեղծարարներին, ընչազրկության եւ մուրացկանության դուռը հասցվածներին փոքր-ինչ զգացմունքային շեշտադրումներով. «Մի՛ ավելացրեք ձեր մեղքերը, հատուցման ժամը գալիս է։ Օրվա հացով մի՛ վաճառեք հայրենիքը, արժանի եղեք դաշնակցական ջոկատների եւ անկախության բանակի զոհվածների հիշատակին»։ Բոլոր ազնիվ մարդկանց համար Խաչատրյանը իր վերջին կոչն արեց. «Ուղղե՛ք մեջքներդ, բարձրացրեք գլուխներդ, գալիս են նոր ժամանակներ»։ Ի դեպ, երախտամոռ մարդկանց մասին էլ հիշվեց, որոնց կյանքը փրկել է Հայկ Բաբուխանյանը։ Նրանց մեջ շեշտվեց նաեւ նախագահի անունը. «Պաշտպանել ենք Ռոբերտ Քոչարյանին, երբ հոկտեմբերի 27-ից հետո նախագահի հրաժարականի պահանջը կար։ Մենք կանգնել ենք նրա կողքին այդ պահին, որպեսզի տաք գլխով որեւէ մեկը որեւէ սադրանքի չդիմի»։ ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել