Լրահոս
Օրվա լրահոսը

Ովքեր են սատարում գործող նախագահին

Փետրվար 08,2003 00:00

Ովքեր են սատարում գործող նախագահին Եվ ընդհակառակը Ներքաղաքական իրադարձություններին հետեւող ՀՀ շարքային քաղաքացին կարող է տպավորություն ստանալ, թե խոշոր, մանր ու միջին բազում կուսակցություններ, զանազան կոլեկտիվներ, որոնք այսօր ամպագոռգոռ հայտարարություններով հանդես են գալիս ի պաշտպանություն գործող նախագահի՝ այդպես են վարվում նրա բազում արժանիքների համար։ Իրականում, սակայն, դրանք այն մարդկանց խմբերն են, որոնք «կայունության» ու անփոփոխության կողմնակից են, եւ նրանց համար գործող նախագահների առավելությունը մշտապես եղել է այն, որ նրանք… գործող նախագահ են։ Գործող նախագահին սատարողները վերջերս մի նոր կարգախոս են մեջտեղ հանել. նախագահը կիսատ գործեր ունի, եւ պետք է նրան հնարավորություն տրվի դրանք շարունակելու։ Մնում է հարց տալ հատկապես նրանց, ովքեր նախկինում նույն ջանասիրությամբ պաշտպանում էին նախկին նախագահին (ոմանք նույնիսկ վստահված անձեր են եղել). բա ինչո՞ւ նույն պատճառաբանությամբ իրենց բողոքների ձայնը չբարձրացրին, երբ նախկին նախագահը ստիպված էր հրաժարական ներկայացնել։ Չէ՞ որ նա էլ կիսատ ծրագրեր ուներ եւ այսօր, այնուամենայնիվ, նկատվող տնտեսական որոշակի հաջողությունները նախկին իշխանությունների օրոք կազմված ծրագրերի շարունակությունն են։ Ըստ այդմ, եթե այժմ կիսատ ծրագրեր կան, կարծում ենք, կշարունակեն հաջորդները։ Հարկ է նկատել, որ ներկա նախագահին հատկապես ջանասիրաբար պաշտպանում են այն պետական պաշտոնյաները, ովքեր վերջին 2-3 տարիներին անուրանալի հաջողությունների են հասել դղյակաշինության բնագավառում՝ շնորհիվ նախագահի հովանավորչությունն իրենց համար «դրոշ» դարձնելու։ Չէ՞ որ այդ տարիներին նրանց ոչ ոք պաշտոնապես չի հարցրել. բա փողը ձեզ որտեղի՞ց։ Խորհրդային տարիներին դպրոցի տնօրեն աշխատած վանաձորցի 2 թոշակառուներից մեկը Արտաշես Գեղամյանին էր կողմնակից, մյուսը՝ Ռոբերտ Քոչարյանին։ Գեղամյանին սատարողը միաժամանակ տեղեկացրեց, որ իրեն հարցման էին ենթարկել նաեւ այլ ԶԼՄ-ներ։ «Եկան փողոցում տրուբեն դեմ տվին՝ թե բա դուք չե՞ք տեսնում տնտեսական առաջընթացը, ասի՝ այ մարդ, ի՞նչ առաջընթաց, ետ ենք գլորվում»։ Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցը մի փոքր մտածելուց հետո ասաց. «Դե՜, ոնց գցում-բռնում եմ, էլի մեջներին Քոչարյանն ա…»։ Եվ իր հերթին խորին համոզվածությամբ հետաքրքրվեց. «Բոլորն էլ էդպես չե՞ն մտածում»։ Իսկ երբ վանաձորցի մի գրականագետի նախագահության թեկնածու Արամ Զ. Սարգսյանի հետ նախընտրական հանդիպման ժամանակ հարցրի, թե արդյո՞ք Սարգսյանի համակիրներից է, պատասխանեց. «Ես բոլորին էլ համակիր եմ, բացի գործող նախագահից»։ ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել