Լրահոս
Օրվա լրահոսը

Ալյոնա Իվանցովան Երեւանում է

Փետրվար 08,2003 00:00

Ալյոնա Իվանցովան Երեւանում է Ռուսական էստրադայի նորահայտ աստղ Ալյոնա Իվանցովան իր պրոդյուսերի՝ Վլադիսլավ Պրյանիկովի հետ Երեւանում է։ Երկուսին էլ զարմացրել է երեւանյան ջերմ եղանակը, որովհետեւ Մոսկվայում այս օրերին 28-29 աստիճան ցուրտ է։ «Առավոտյան արթնացա ու տրամադրությունս բարձրացավ։ Այնպես արեւ էր, լույս։ Ինձ թվաց, թե Լոս Անջելեսում եմ»,- ասաց երգչուհին, որն արդեն երկրորդ անգամ է Հայաստանում։ Ունի ազգությամբ հայ շատ ընկերներ, որոնք հայտնի ռեժիսորներ են, բժիշկներ, իսկ մոսկվաբնակ կոմպոզիտոր Գրիգոր Անտոնյանի հետ համատեղ երկու երգ ունի, որոնցից մեկը «Մեղավոր գիշերն» է։ Ա. Իվանցովային հայերը դուր են գալիս, ավելի շուտ՝ զարմացնում են իրենց աղմկոտությամբ, աշխուժությամբ եւ երբեմն երգչուհին ազգությամբ հայ իր մտերիմներին նույնիսկ կատակով զգուշացնում է ցածր խոսել։ Հայաստանյան աստղերին Ալյոնա Իվանցովան չի ճանաչում, չի լսել։ Իբրեւ երգչուհի սկսել է հանդես գալ 2 տարի առաջ։ Իսկ մինչ այդ երգում էր իր համար, ամուսինն էլ, որ «խելացի, զգայուն անձնավորություն էր, շարունակ ոգեւորում էր»։ Ա. Իվանցովան կարծում է, որ իրեն մեծ ճանաչում է բերել հատկապես «Անձրեւի մարդը» երգը, որից հետո ինքը «կամացուկ քայլերով մուտք է գործել պրոֆեսիոնալ շոու -բիզնես»։ Իսկ ամուսնու մահից հետո երգը դարձել է նրա հիմնական աշխատանքը։ Ու թեեւ այդ ճանապարհը դժվարին է, բայց հետաքրքիր ու լեցուն։ Քանի՜-քանի պահեր են եղել, երբ որոշել է թողնել երգը, հետո սթափվել է, զղջացել, որովհետեւ վստահ է, որ երգն իր կյանքն է, առանց որի ապրել չի կարող. «Այն ինքնադրսեւորման միջոց է եւ եղանակ՝ արտահայտելու հոգումդ կուտակվածը»։ Օրերս «Մուզ TV»-ով կցուցադրվի Ալյոնա Իվանցովայի՝ Պիտերում նկարահանված նոր տեսահոլովակը, որի վրա, երգչուհու խոստովանությամբ, «ուժեղ թիմ է աշխատել»։ Նրա առաջիկա պլանների մեջ են մտնում նաեւ «սիրահարվելը, ամուսնանալը եւ եւս մեկ դուստր աշխարհ բերելը»։ Ա. Իվանցովայի դուստրը՝ Կարինան, որ 13 տարեկան է, նույնպես երգում ու պարում է, երազում է մայրիկի նման ճանաչված երգչուհի դառնալ։ Առայժմ Ա. Իվանցովան դստերը ոգեւորում է, թե «կմեծանաս՝ իմ պրոդյուսերը կդառնաս»։ Երգչուհու ամենամեծ ցանկությունն է, որ մարդիկ ձերբազատվեն չարությունից ու էգոիզմից, որովհետեւ Աստված բոլորին բարի է ստեղծել։ Հավատում է, որ ինչպես յուրաքանչյուրը, ինքը եւս ունի պահապան հրեշտակ, որը օգնում է իրեն բոլոր իրավիճակներում։ ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել