Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՖՖ ԳՈՐԾԿՈՄԸ ԿԱՐԵՎՈՐ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ԿԱՅԱՑՐԵՑ

Փետրվար 11,2003 00:00

ՀՖՖ ԳՈՐԾԿՈՄԸ ԿԱՐԵՎՈՐ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ԿԱՅԱՑՐԵՑ Փետրվարի 7-ին կայացած ՀՖՖ գործկոմի նիստում քննարկվել է օրակարգային երեք հարց եւ քվեարկությամբ բոլորին միաձայն դրական լուծում է տրվել։ Առաջինը եղել է «2003թ. Հայաստանի առաջնությունների եւ գավաթի խաղարկության կանոնակարգի հաստատման մասին» հարցը։ Ըստ ՀՖՖ-ից ստացված տեղեկատվության, քննարկման ներկայացված փաստաթուղթը նախապես տրամադրված է եղել գործկոմի բոլոր անդամներին, շահագրգիռ կողմերին եւ նիստում հաստատվել է՝ հաշվի առնվելով ստացված բոլոր առաջարկություններն ու դիտողությունները։ Նոր կանոնադրությունը նախորդի հետ համեմատած, էական փոփոխություններ է կրել։ Այս տարի բարձրագույն խմբի մրցաշարին մասնակցելու է 10 թիմ՝ նախկին 12-ի փոխարեն։ Ասել է թե, նրանք, ովքեր մուծել են մուտքագումարները։ Հայտնի է, որ ֆեդերացիան մի քանի անգամ հետաձգել է դրանց վերջին ժամկետները, սակայն նույնիսկ այդ դեպքում «Զվարթնոցն» ու «Արմավիրը» վճարում չեն կատարել։ Գործկոմը հարկադրված որոշել է այդ երկու ակումբներին թույլ չտալ մասնակցել բարձրագույն խմբի առաջնությանը։ Այս խմբում մրցակցությունն ընթանալու է երկու փուլով։ Առաջին շրջանում վեց առաջին տեղեր գրաված թիմերն այնուհետեւ կպայքարեն չեմպիոնին ու մրցանակակիրներին որոշելու համար։ Ընդ որում, նրանց համար գործելու է «ոսկե միավորի» օրենքը։ Իսկ մյուս չորս թիմերը ընդհանուր միավորների գումարով կորոշեն այն անհաջողակին, որը գրավելով վերջին տեղը, հաջորդ մրցաշրջանում տեղը կզիջի առաջին խմբի հաղթողին (12 թիմերի մեջ պայքարում)։ Բարձրագույն խմբի առաջնությունը մեկնարկելու է ապրիլի 12-ին, 1-ին խմբինը՝ ապրիլի վերջերին, իսկ գավաթի խաղարկության նախնական փուլը կսկսվի մարտի 9-ին։ Օրակարգի երկրորդ հարցը եղել է «ՀՖՖ մշտական իրավական կոմիտեների նախագահների հաստատման մասին» հարցը։ Բոլոր գործող նախագահները կշարունակեն աշխատել իրենց պաշտոններում, բացի մրցավարական կոմիտեից, որի նախագահ, ՆԳ փոխնախարար Հովհաննես Վարյանը ծանրաբեռնված լինելու պատճառով խնդրել էր իրեն ազատել այդ պարտականությունների կատարումից։ Գործկոմը հարգել է նրա խնդրանքը եւ քվեարկությամբ նույն կոմիտեի նախագահ հաստատել Լեւոն Հասրաթյանին։ Եվ վերջին հարցը վերաբերել է «Կոտայք» ակումբի հետագա ճակատագրին։ Վերջին շրջանում ակումբի ղեկավարների փոխհարաբերություններում որոշ խառնաշփոթ վիճակ է ստեղծվել։ Բանը հասել է այնտեղ, որ կասկածի տակ է հայտնվել ակումբի հետագա գոյությունն ու երկրի առաջնությանը մասնակցելու հնարավորությունը։ Այդ ծանր պահին ակումբին օգնության ձեռք մեկնելու պատրաստակամություն է հայտնել գործարար Գագիկ Ծառուկյանը։ Նա համաձայնել է դառնալ «Կոտայք» ակումբի հովանավոր։ ՀՖՖ-ում էլ նամակ է ստացվել թիմի ֆուտբոլիստներից ու մարզիչներից, որում նրանք խնդրում են քննարկել ակումբի հետագա ճակատագրի հարցը եւ աջակցել, որպեսզի «Կոտայքը» շարունակի գործել նոր հովանավորի օգնությամբ։ Գործկոմը, մանրամասն վերլուծելով ստեղծված իրավիճակը, որոշեց ընդառաջ գնալ մարզիչների ու ֆուտբոլիստների խնդրանքին՝ ֆեդերացիայի կազմ ընդունելով «Կոտայք» նոր հասարակական կազմակերպությունը որպես նորաստեղծ ակումբ։ Ա. Հ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել