Լրահոս
Օրվա լրահոսը

ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՔՈՉԱՐՅԱՆԻ ՇՏԱԲՈՒՄ ԱՆՑԵԼ ԵՆ ԲԱՐԵՀԱՋՈՂ

Փետրվար 20,2003 00:00

ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՔՈՉԱՐՅԱՆԻ ՇՏԱԲՈՒՄ ԱՆՑԵԼ ԵՆ ԲԱՐԵՀԱՋՈՂ Ի տարբերություն նախագահի ընդդիմադիր թեկնածուների նախընտրական շտաբների, Ռոբերտ Քոչարյանի նախընտրական շտաբում երեկ «աննախադեպ» անդորր էր: Պարզապես ժամանակ առ ժամանակ այցելում էին ՀՅԴ պատգամավորներ Վահան Հովհաննիսյանը, Արմեն Ռուստամյանը, ՀԺԱՄ նախագահ Սեյրան Ավագյանը, Վլադիմիր Մովսիսյանը եւ այլ պաշտոնատար անձինք: Շտաբում էր նաեւ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը: Մեր հարցին, թե ինչ պատրվակով է նա եկել Քոչարյանի շտաբ, նախարարը պատասխանեց՝ «Եկել եմ եղբորս տեսնեմ, իմանամ՝ ինչ կա-չկա, գնամ»: Սակայն նախարարն ուղղվեց ոչ թե իր եղբոր՝ Վահագն Մկրտչյանի աշխատասենյակ, այլ բոլորովին այլ կողմ: Ժամը 22-ին, ինչպես խոստացել էր, շտաբ եկավ նաեւ թեկնածու Ռոբերտ Քոչարյանը, որից հետո արդեն Ակադեմիայի միջանցքներում հայտնվեցին մի շարք այլ պաշտոնյաներ: 23-ի մատույցներում խոշոր քայլերով շտաբ եկավ Ռազմական ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը: Շտաբի քարոզչության ղեկավար Վահագն Մկրտչյանի գնահատմամբ, ընտրությունները տեղի են ունեցել «բարեհաջող», եւ իրենց կողմից լուրջ ընտրախախտումներ չեն գրանցվել: Նա տեղեկացրեց, որ նախնական չճշտված տվյալներով Մալաթիա-Սեբաստիա համայնքում Ստեփան Դեմիրճյանի «օգտին» քվեարկող ոմն քաղաքացի փորձ է արել քվեարկել երկու անգամ, իսկ Նոր Նորք համայնքում իրենց կենտրոնական շտաբը շուրջ 4 ժամ գտնվել է «շրջափակման» մեջ. «4 ժամ մեր շտաբը մեկուսացված է եղել արտաքին աշխարհից: 300-400 մարդ հավաքվել են ու խախտել են շտաբի ելումուտը: Նախապես եղել է կեղծ ահազանգ, թե այնտեղ ժողովրդին 2000-ական դրամ է բաժանվում»,- վստահեցնում էր Վահագն Մկրտչյանը: Ըստ նախնական տվյալների, ինչպես նշեց Վ. Մկրտչյանը, Քոչարյանի շտաբին արտաքին աշխարհի հետ շփվելուց զրկել են ՀԺԿ տարածքային շտաբի ներկայացուցիչները: Իսկ Պուշկինի անվան դպրոցում իրենց կողմից արձանագրվել է այն, որ Ա. Գեղամյանի վստահված անձը բացահայտ քարոզչություն է տարել՝ կոչ անելով քվեարկել իր թեկնածուի օգտին: Իսկ հիմնական ընտրախախտումներն, ըստ Վ. Մկրտչյանի, թույլ են տվել լրատվամիջոցները՝ հրապարակելով «բովանդակային» քարոզչություն: Լ. Ս.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել