Լրահոս
Օրվա լրահոսը

«1996-ԻՑ ՈՒ 1998-ԻՑ ՎԱՏ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ»

Փետրվար 20,2003 00:00

«1996-ԻՑ ՈՒ 1998-ԻՑ ՎԱՏ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ» Նախագահի թեկնածու Վազգեն Մանուկյանն ու նրա նախընտրական շտաբի ղեկավար Ալեքսանդր Բուտաեւն այսպես գնահատեցին փետրվարի 19-ի ընտրությունը՝ նկատի առնելով երեկ օրվա ընթացքում ստացված հետեւյալ ահազանգերը խախտումների վերաբերյալ: 11:30. Կենտրոնի 0325 տեղամասում փորձել են մեծ տրցակով քվեաթերթիկներ գցել քվեատուփ, բայց բռնվել է եւ չի հասցրել գցել: Փորձ անողը փախել է՝ իր հետ տանելով քվեաթերթիկները: 12:00. Շենգավիթի համայնքի թիվ 13 ընտրատարածքից ահազանգ ստացվեց, որ 13/17 եւ 13/18 տեղամասերում՝ Եղ. Թադեւոսյան փողոց, թիվ 110 դպրոցի մոտ թաղապետարանի աշխատակիցները փակել են ճանապարհը, մարդկանց համոզելով եւ ստիպելով մտցնում են տեղամաս: 12:30. Թելմանի դպրոցում գտնվող ընտրատեղամասից ահազանգ ստացվեց, որ 11:30-ին քվեարկությունը դադարեցրել եւ տեղամասը փակել են: Նախագահի թեկնածու Արամ Գ. Սարգսյանի վստահված անձը նկատել է, որ այլ թաղամասից 4-5 ընտրողների են բերել քվեարկելու համար: Հանձնաժողովը նիստ է արել եւ տեղամասից հեռացրել վստահված անձին: 12:45. Աբովյանի Առինջի տեղամասից ահազանգ ստացվեց, որ ընտրողներին ներս չեն թողնում, անձնագրերը ձեռքերից վերցնում են՝ քվեարկում նրանց փոխարեն ու հետ վերադարձնում: 12:50. Ժուռնալիստի տանը գտնվող ընտրատեղամասից ահազանգ ստացվեց, որ Թումանյան 24, բն. 4 հասցեում որպես ընտրող գրանցված է Ղազարյան Նինա Պարունակի՝ ընտրացուցակի 609 համարը, որն այնտեղ չի բնակվում եւ երբեք չի բնակվել: 13:00. Կոտայքի Քանաքեռավանի տարածքից մանկապարտեզի շենքում գտնվող տեղամասի վերաբերյալ ընտրողներից ահազանգ ստացվեց, որ հանձնաժողովի անդամները քվեաթերթիկներ են գցում Քոչարյանի օգտին: 13:00. Կենտրոն համայնքի Ժուռնալիստի տանը գտնվող տեղամասից մեկ այլ ահազանգ ստացվեց, որ քվատուփը կնքված չէ: 13:45. Զեյթունի 48 դպրոցում տեղամասից 20 մետր հեռավորության վրա Քոչարյանի շտաբի ներկայացուցիչները միջամտում են, ընտրողներին ստիպում ընտրել Քոչարյանին: 14:00. Էջմիածնի տարբեր տեղամասերից ստացված ահազանգերի համաձայն՝ հանել են վստահված անձանց եւ քվեաթերթիկներ լցրել Քոչարյանի օգտին: 14:00. Շենգավիթի 0298, 0299 տեղամասերի մոտ նկատվել է մարդկանց մեծ խմբերի կուտակում: Տեղամասային հանձնաժողովի նախագահը անօրինականություններ է գործել, եւ վեճեր են ընթացել նրա եւ վստահված անձանց միջեւ: Կազմվել է համապատասխան արձանագրություն: 14:30. ԱԺՄ-ից հանձնաժողովի անդամ Էդիկ Դանիելյանն արձանագրել է, որ Արտաշատի արտադպրոցական կենտրոնում գտնվող 0620 ընտրատեղամասում նախօրոք ընտրակաշառք ստացած ընտրողները՝ քվեաթերթիկները ձեռքներին, գալիս են Ռոբերտ Քոչարյանի օգտին քվեարկելու: 14:40. Կենտրոն համայնքի 0354 տեղամասում Վազգեն Մանուկյանի վստահված անձ Վարդան Հայկազյանի ներկայությամբ, ընտրող Ժաննա Շահինյանը ժամը 14:20-ին գալով ընտրատեղամաս՝ տեսել է, որ ցուցակում արդեն իր փոխարեն ստորագրված է: Աղմուկ է բարձրացել, որի առնչությամբ հանձնաժողովի նախագահն ասել է, թե դա ընդամենը երկրորդ դեպքն է: Սակայն Արամ Կարապետյանի վստահված անձն ասել է, թե նման դեպքերը շատ են: Սակայն արձանագրություն կազմվել է միայն երկու դեպքի համար: 15:40. Աբովյանի 42 ընտրատարածքի թիվ 7 մանկապարտեզի 1245 տեղամասում հանձնաժողովի անդամ Վալերի Վարդանյանին ստիպել են կնքել մաքուր քվեաթերթիկ, որպեսզի լցնեն քվեատուփը: Պահանջողը եղել է հանձնաժողովի նախագահ Ռուբիկ Սարգսյանը: Վալերի Վարդանյանը ստիպված լքել է տեղամասը՝ կնիքը թողնելով այնտեղ: 15:50. Էրեբունի համայնքի 17 ընտրատեղամասում, 6-րդ դպրոցում տեղակայված 0386/17 տեղամասում, ըստ հանձնաժողովի անդամ Սարգիս Գրիգորյանի, զինծառայողների ցուցակից դուրս մնացած 30 զինծառայող քվեարկել են դատարանի վճռով: 16:00. Երեւանցի Սամվել Ստեփանյանի բարեկամներն Ալավերդիից տեղեկացրել են, որ Ալավերդիի Էնգելսի 1-ին թաղամասում գտնվող 1170 տեղամասում հանձնաժողովի անդամ Լաուրա Մելիքսեթյանը՝ ԱԺ պատգամավոր Հովհաննես Քոչինյանի կինը, ընտրողներին ասում է՝ «Ցույց տվեք, թե ում օգտին եք քվեարկում», հետո նոր թույլ է տալիս ընտրել: 16:00. Ընտրող Մարինե Դավթյանը հաղորդեց՝ Կենտրոն համայնքի Չարենցի փողոցի վրա գտնվող 10-րդ դպրոցում քվեատուփի մոտ հսկողություն չի եղել, լույսն անջատված էր՝ թույլ լուսավորող էլեկտրական լապտերներ են դրել քվեախցիկներում: Մարդկանց կոպիտ են վերաբերվում: Ընտրողներից մեկին հրել են, պատռել վերարկուն, կոտրել ակնոցը: Հանձնաժողովի նախագահը հրել է վստահված անձանց, որից էլ սկսվել է քաշքշուկը: 16:20. Դավիթաշենի 93 դպրոցում նույն մարդիկ քվեարկել են մի քանի անգամ: 16:20. Ահազանգ ստացվեց, որ Արմավիրի թիվ 1, 8, 9 դպրոցներում տեղակայված եւ մնացած տեղամասերում հիմնականում ժամը 11-ի սահմաններում տրցակներով են քվեատուփերը լցնում քվեատուփերը: Վստահված անձանց, որոնք փորձում են թույլ չտալ դա, դուրս են հանում տեղամասերից: Ընդդիմության վստահված անձինք կազմել են արձանագրություններ: 16:20. Արմավիրի Փշատավանի տեղամասում քվեաթերթիկներ են լցվում քվեատուփերը: Մարդիկ նույնիսկ ասում են, որ կգան դատարան՝ վկայություն տալու: 16:20. Արմավիրի գյուղ Հոկտեմբերում քվեաթերթիկներ են լցրել: Վստահված անձինք թույլ չեն տվել՝ դուրս են հանել տեղամասից: Վեճեր են բռնկվել: Հրավիրել են դիտորդների: Այս պահին նույնպես լարված վիճակ է: Դեպքերը «Ար» հեռուստաընկերության կողմից նկարահանելուն օգնել է Ստեփան Դեմիրճյանի վստահված անձ Պողոս Աբրահամյանը: Հավանաբար, հենց դրա համար՝ նրան ձերբակալել է Արմավիրի օպերատիվ ծառայության պետը: Հիմա նա գտնվում է Արմավիրի ՆԳ բաժնում: Մի քանի ժամ անց նրան ազատ արձակեցին: 17:15. Էրեբունու Գոգոլի անվան դպ րոցում տեղակայված տեղամասում կուտակվել են չափից դուրս շատ ընտրողներ: Առաջացել են վեճեր Ռոբերտ Քոչարյանի եւ Ստեփան Դեմիրճյանի վստահված անձանց միջեւ: Քաշքշոցին փորձել են միջամտել ընտրատարածքային հանձնաժողովի անդամ Հակոբ Շահբազյանը եւ ոստիկանները: Ոստիկանները հսկում են, բայց դրսում էլի հավաքված են: 17:15. Էրեբունու թիվ 123 դպրոցում տեղակայված ընտրատեղամասում մի տղայի ձեռքին նկատել են մոտավորապես 20 քվեաթերթիկ, բայց հենց փորձել են խլել ձեռքից՝ փախել է: Տեղամասային հանձնաժողովի նախագահը, որ դպրոցի տնօրեն Բաղդյանն է, ձեւացրել է, թե չի նկատել: 18:00. Արմավիրի Մրգաշատ գյուղում հանձնաժողովում ԱԺՄ անդամ Լենա Ավետիսյանը հաղորդել է, որ ժամը 17:00-ին իր ձեռքից խլել են մեծ քանակի քվեաթերթիկներ եւ բերել են մի պայուսակ անձնագրեր: Ինքը ջուր խմելու պատրվակով տեղամասից դուրս է եկել՝ զանգելու, իսկ նրանք ցուցակները վերցրել ու աշխատում են դրանց վրա: 18:25. Շենգավիթի 97 եւ 173 դպրոցներում տեղակայված Նորագավիթի տեղամասերում քվեաթերթիկներ են լցնում եւ ահաբեկում վստահված անձանց: 18:35. Վերին Արտաշատ գյուղում քաշքշոց է եղել, ահաբեկել են վստահված անձանց: Գործարարներից մեկը «գազելներով» մարդիկ է բերել: Ընտրատեղամասի հանձնաժողովի անդամները կազմել են արձանագրություն: 18:40. Մալաթիա-Սեբաստիայի 12/9 տեղամասում հանձնաժողովի նախագահը ցանկացել է քվեաթերթիկները տանել առանձին տեղ հաշվելու՝ կանխվել է: 18:40. Մալաթիա-Սեբաստիայի 0251 տեղամասում դատախազը հանձնաժողովի անդամների հետ ուզեցել է առանձին զրուցել. Վալյա Շահվերդյանի կողմից կանխվել է: 19:00. Ահազանգ ստացվեց, որ մի քանի ժամ առաջ Երեւանի Արաբկիր համայնքի Վաղարշյան փողոցի 1-ին եւ 3-րդ շենքերի բակում ինչ-որ մարդիկ 4 հազարական դրամ են բաժանում, եւ նրանց ձեռքներին կան մեծ թվով քվեաթերթիկներ՝ Ռոբերտ Քոչարյանի օգտին նշումով: Այդ մարդիկ իրենք էլ տեղափոխում էին տեղամաս: 19:10. Գյումրիից ԱԺՄ ներկայացուցիչ Վահան Թումասյանը հայտնեց, որ ժամը 16:30-ին 47 ընտրատարածքում ընտրողների մասնակցությունը եղել է 31,8%, սակայն հեռուստատեսությամբ հաղորդվել է 52%: 19:50. Կարապետյան Մանվելը հաղորդեց, որ Եղեգնաձորում եղել է բաց քվեարկություն: Նաեւ զույգերով են մտել քվեախցիկ: Իսկ Վարդան Վարդանյանը կանխել է Ուզբեկստանի քաղաքացու քվեարկությունը: Դեպքի վերաբերյալ կազմվել է արձանագրություն: …Քվեարկության ավարտից հետո Վազգեն Մանուկյանին խնդրեցինք հիմնավորել, թե ինչո՞ւ է այս ընտրությունների ընթացքն ավելի բացասական գնահատում, քան 1996-ինը կամ 1998-ինը. «Ես տիրապետում եմ օպերատիվ տեղեկատվությանը: Կրկնվում էին 1995-ի դեպքերը՝ քվեատուփերի մոտ կռիվներ եւ այլն: Նման բաներ չենք տեսել 1996-ին կամ 1998-ին: 1996-ին երեւի խախտումներ կային, որ քվեատուփերը լցնում էին, բայց ավելի շատ կեղծվեցին արձանագրությունները: Իսկ եթե քվեատուփերը լցնում են մեծ քանակությամբ քվեաթերթիկներով՝ այդ դեպքում արդյունքները հնարավոր չէ վերականգնել: Շատ մտահոգիչ էր այս ամենը, եւ բնական է սպասելը, որ դրանք իշխանությունների կողմից էին արվում եւ ոչ առանձին 2-3 դեպքի համար, այլ կազմակերպվում էր միտումնավոր՝ տոկոս ապահովելու համար: Եվ եթե այս միջոցներով պիտի ապահովեն 50%-ից ավելի ձայներ՝ դա բացարձակապես չի համապատասխանի իրականությանը»: ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել