Լրահոս
Օրվա լրահոսը

«ԲԱՑԱՏՐՈՒԹՅԱՆ» ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ

Փետրվար 20,2003 00:00

«ԲԱՑԱՏՐՈՒԹՅԱՆ» ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ Ինչպես հայկական ամեն ինչ, մեր ընտրություններն էլ ուրիշ են՝ աղմուկ- աղաղակով, տեղը տեղին քաշքշուկով, հնարավոր ընտրակեղծիքներով։ Արաբկիր համայնքի 0122/06 ընտրական տեղամասը եւս այս առումով բացառություն չէր։ Խմբագրություն ահազանգողները պնդում էին, որ այս տեղամասի հանձնաժողովի անդամներից մեկը հենց նախագահի աչքի առաջ, «հավեսի ընկած» կնքել էր մի տրցակ քվեաթերթիկ, ինչը չէր վրիպել Ստեփան Դեմիրճյանի եւ Արամ Գասպարի Սարգսյանի վստահված անձանց աչքից, ու քաշքշուկն արդեն պատրաստ էր։ Հանձնաժողովի նախագահ Կարինե Շահինյանը, սակայն, ամեն ինչ ավելի մեղմ ներկայացրեց եւ կատարվածը փորձեց արդարացնել։ Ըստ նրա, հանձնաժողովի անդամը ընդամենը անմեղ ու բարի նպատակ է ունեցել։ Պարզապես, երբ նկատել է, որ ընտրելու եկած քաղաքացիների թիվը գնալով մեծանում է տարածքում, որոշել է նրանց «փրկել» հերթ կանգնելուց, դրա համար էլ վերցրել է քվեաթերթիկները ու սկսել արագ-արագ կնքել։ «Այդ պահին Ստեփան Դեմիրճյանի վստահված անձը նկատեց խախտումը, իսկ ես ասացի, որ այլեւս նման բան չի կրկնվի, քանի որ յուրաքանչյուր ընտրողի պետք է հատ-հատ տալ քվեաթերթիկները եւ հատ-հատ էլ կնքել դրանք։ Փոքրիկ միջադեպը մարդիկ դարձրին մեծ աղմուկի պատճառ, միմյանց հասցեին վիրավորանքներ հնչեցրին, սակայն 5 րոպեից լարվածությունն անցավ։ Եվ բոլորի աչքի առաջ կնքված քվեաթերթիկները բաժանեցինք ընտրողներին, մարդիկ հանգիստ մտան քվեախցիկներ»,- պարզաբանեց Կարինե Շահինյանը։ Ռոբերտ Քոչարյանի վստահված անձը՝ Ռիտա Զազյանը եւս կարծում էր, որ բարձրացված աղմուկն անտեղի էր եւ «երկու աղջիկները (նկատի ուներ Ստ. Դեմիրճյանի եւ Ա. Գ. Սարգսյանի վստահված անձանց- Գ. Հ.) դիտմամբ են խանգարում եւ անընդհատ պատճառներ են գտնում աղմուկ սարքելու համար»։ Ստեփան Դեմիրճյանի վստահված անձը՝ Էլեոնորա Մանանդյանը, միջադեպի վերաբերյալ հանձնաժողովի նախագահի պարզաբանմանը տրամագծորեն հակառակ կարծիք հայտնեց։ Նա պնդում էր, որ հանձնաժողովի անդամ Պետրոս Սարգսյանը հատուկ է վերցրել քվեաթերթիկները, որովհետեւ այլ նպատակներ ուներ. «Ինքը անկապ տեղը վերցրեց մի տուփ բյուլետեն ու սկսեց կնքել, իսկ դրա իրավունքը չուներ եւ պարզ չէր՝ դրանք որտեղից էին իր մոտ հայտնվել։ Ես եւ Ա. Սարգսյանի վստահված անձը պահանջեցինք խախտումը գրանցել, սակայն հաշվի չառան։ Ավելին, մեզ անպատվեցին, դեռ մի բան էլ ոստիկանություն կանչեցին, քանի որ ուզում էին մեզ դուրս անել տարածքից, սակայն չհաջողվեց։ Հիմա էլ սպառնում են, թե՝ ընտրություններից հետո կտեսնես»։ Է. Մանանդյանը նաեւ տեղեկացրեց, որ Պ. Սարգսյանի ձեռքին մի քանի անձնագիր է տեսել ու պարզվել է, որ դրանց տերերը ամենեւին էլ այս տեղամասում չպիտի քվեարկեն։ Սակայն վերջիններիս գրանցել են, նույնիսկ նրանք հասցրել են ստորագրել։ Է. Մանանդյանը նաեւ պնդում է, որ ականատես ընտրողներից ոմանք իրեն տեղեկացրել են այն մասին, որ քվեատուփի մեջ 10 անօրինական քվեաթերթիկ է լցվել, սակայն «ռիսկ չեն արել» այդ մասին հայտնել հանձնաժողովի նախագահին։ 0122/06 ընտրական տեղամասում ծագած պատմության մեջ մեղադրվող Պետրոս Սարգսյանը նախ սկզբում հրաժարվեց որեւէ պարզաբանում տալ, այնուհետեւ ասաց, որ թյուրիմացաբար է վերցրել տարեց ընտրողներից մեկի անձնագիրը եւ «լավ չի տեսել հասցեն»։ Այնուհետեւ ճշտել է, որ նա պետք է այլ տեղամասում քվեարկի, վերադարձրել է անձնագիրը. «Մեծ մարդիկ են գալիս, հետաքրքրվում են, թե որ տեղամասում պետք է քվեարկեն, ես էլ ուղղություն եմ ցույց տալիս։ Չբացատրե՞մ»։ ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2003
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728