Լրահոս
Օրվա լրահոսը

ՎԻՐԱՎՈՐՎԵԼ Է ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆԴԱՄԸ

Փետրվար 20,2003 00:00

ՎԻՐԱՎՈՐՎԵԼ Է ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆԴԱՄԸ 27-ամյա Ադրինե Ավագյանը 0325 ընտրական տեղամասում, որ տեղակայված է Շավարշյանի անվան թիվ 40 դպրոցում, հանձնաժողովի անդամ ԱԺՄ ներկայացուցիչն է եւ փետրվարի 19-ին հսկել է քվեատուփը. «Ընտրությունը սկզբում բնականոն էր ընթանում, հետո մեկ անգամ փորձ եղավ քվեաթերթիկ լցնելու: Վստահված անձանցից մեկը նկատել էր, որ ընտրողը փորձում է գցել երկու քվեաթերթիկ: Երկրորդ փաստը՝ Կոմկուսի ներկայացուցչին փոխանցեցի քվեատուփը հսկելու իրավունքը եւ մի քիչ այն կողմ հեռացա: Նա այդ պահին նկատել էր, որ ցանկանում են քվեաթերթիկ գցել, եւ թույլ չտվեց, բայց չկարողացավ ձեռքներից վերցնել քվեաթերթիկները՝ փախան-գնացին: Երրորդ դեպքին ոչ միայն ինքս ականատես եղա, այլ փորձեցի քաշել-վերցնել քվեաթերթիկը: Ընտրող տղամարդը քվեաթերթիկը ոլորած դուրս բերեց քվեախցից, եւ հաստությունից տեսա, որ ոչ թե մի քվեաթերթիկ է, այլ մի քանիսը: Անմիջապես բռնեցի ու ամբողջ ուժով փորձեցի տղամարդու ձեռքից պոկել այդ քվեաթերթիկը: Քաշքշոցի ընթացքում նա բավական տգեղ հայհոյանքներ էր տեղում ու ինձ հետ հրեց, գցեց: Ես առաջ եկա, որ նորից քաշեմ այդ քվեաթերթիկները: Այդպես էլ չկարողացա ձեռքից պոկել քվեաթերթիկները, բայց նա, շարունակելով հայհոյանքները, ինձ խփեց-գցեց գետնին: Նույնիսկ փորձեց ձեռք բարձրացնել վրաս. խփում էր, հարվածում, ճիշտ է՝ դեմքիս չկպավ: Այս ամենը շատ արագ կատարվեց: Ես ընկա քվեատուփի վրա, եւ ջարդվեց այն արկղը, որի վրա դրված էր քվեատուփը: Դրանից հետո նոր միջամտել են ոստիկանները: Թե ինչ կատարվեց՝ չեմ հիշում, բայց միայն այն տեսա, որ նույնիսկ այն պահին, երբ նրան հետ էին քաշում, էլի հայհոյանքներ էր ուղղում ինձ եւ համառորեն փորձում քվեաթերթիկները գցել, թեեւ քվեատուփն արդեն հետ էինք քաշել»: Ի դեպ, այս ընտրախախտը հասցրել էր փախչել: Երիտասարդ աղջիկը ստացել էր որոշ վնասվածքներ՝ քերծվել էր ճակատը, ձեռքերը, ոտքերը, կապտուկներ էին առաջացել: Ադրինե Ավագյանը մեկ այլ փաստի մասին էլ վկայեց. «Ռոբերտ Քոչարյանի վստահված անձինք 2-3 հոգով էին գտնվում ընտրատեղամասում, հանձնաժողովի հանգստի սենյակում, որի իրավունքը չունեին: Գառնիկ Մարգարյանի վստահված անձը եկավ՝ ահագին իրարանցում եղավ: Ես հանձնաժողովի նախագահին ասում էի, որ կողմնապահություն չանեն եւ Քոչարյանի վստահված անձանց էլ թույլ չտան: Իմ առաջին զգուշացումից քիչ անց դուրս եկան, բայց նորից վերադարձան: Ես նորից նկատողություն արեցի, եւ նրանք այսպես արձագանքեցին. «Դե, հերիք է խոսես: Մենք եկել ենք հաց ուտենք, խմենք մի երկու բաժակ: Խանգարո՞ւմ ենք քեզ, սա հո քվեարկության սենյակը չի»: Հանձնաժողովի անդամներից մեկն էլ բողոքեց. «Ի՞նչ ես այդքան խոսում, մենք էս մարդկանց կանչել ենք, որ գնան մեզ հաց բերեն ուտելու»: Նշենք, որ Ադրինե Ավագյանը քվեարկությանը մինչեւ վերջ հետեւեց, թեեւ զգացնել էր տալիս վատ ինքնազգացողությունը, որն առաջացել էր հարվածների հետեւանքով: Ա. Ի.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել