Լրահոս
Օրվա լրահոսը

ԳԼԵՆԴԵԼՈՒՄ ԸՆՏՐՈՂՆԵՐԸ ՇԱՏ ԱԿՏԻՎ ԷԻՆ

Փետրվար 21,2003 00:00

ԳԼԵՆԴԵԼՈՒՄ ԸՆՏՐՈՂՆԵՐԸ ՇԱՏ ԱԿՏԻՎ ԷԻՆ ԱՄՆ-ում բնակվող ՀՀ քաղաքացիները փետրվարի 19-ին Գլենդելի Իրանահայ միության շենքում տեղակայված ընտրատարածքում ՀՀ նախագահ ընտրելու համար ստիպված էին ժամերով հերթ կանգնել։ Հավանաբար ընտրողների աննախադեպ ակտիվությունը անակնկալ էր անգամ կազմակերպիչների համար։ Իսկ ընտրողներից շատերը՝ հոգնած երկար սպասելուց, պարզապես թողնում-հեռանում էին՝ բողոքելով ընտրությունների կազմակերպիչներից, որ հայ բնակչության մեծ թվաքանակ ունեցող Գլենդելում միայն մեկ ընտրատարածք է բացվել։ Փոխարենը Բեւեռլի Հիլզում գտնվող ԱՄՆ-ում ՀՀ գլխավոր հյուպատոսության շենքում ճիշտ հակառակ պատկերն էր։ Ըստ ՀՀ նախագահի թեկնածու Ստեփան Դեմիրճյանի վստահված անձի՝ համոզում էր հերթ կանգնած մարդկանց, ժամերով սպասելու փոխարեն, նստել հատուկ այդ նպատակով բերված ավտոբուսները, որը նրանց տանելու էր Բեւեռլի Հիլզի ընտրատարածքում քվեարկելու։ Մարդկանց մի մասը շնորհակալությամբ ընդունում էր հրավերը, մյուսները չվստահելով կամ բողոքելով, թե հիմա այնտեղ էլ հերթ կգոյանա, նախընտրում էին մնալ հերթում։ Ս. Դեմիրճյանի վստահված անձից երբ հետաքրքրվեցինք, թե մարդկանց ավտոբուսներով Բեւեռլի Հիլզի ընտրատարածք տանելու նախաձեռնությունը ում է պատկանում, ասաց. «Դեմիրճյանի նախընտրական շտաբինը ու նպատակն է, որ Գլենդելի ընտրատարածքում առաջացած հերթը կրճատվի»։ Ակնհայտ էր, որ այս թեկնածուի ներկայացուցիչները շահագրգռված էին, որ հնարավորինս շատ մարդ մասնակցի ընտրություններին, քանի որ, դատելով ժողովրդի խոսքուզրույցից, Դեմիրճյանի կողմնակիցները մեծամասնություն էին կազմում։ Ու քանի որ հայտնի է՝ հայերը կանոնավոր հերթ կանգնել չեն սիրում, իրար հրմշտելու, մեկը մյուսից առաջ ընկնելու ու այլ առիթներով ծագող վիճաբանություններն ավելի էին շիկացնում մթնոլորտը։ Հերթում ծավալվող զրույցների հիմնական թեման Հայաստանից ստացված լուրերն էին, որտեղ ընտրություններն ավարտվել էին մեկ օր առաջ։ Մարդիկ պատմում էին, թե ինչ խախտումներ են եղել ու նրանցից մեկը նկատեց, թե՝ ժողովուրդը ոչինչ չի որոշում։ Ամեն ինչ իշխանությունների ձեռքն է, ինչ ուզեն՝ կանեն։ Մյուսն էլ, թե՝ սա Ամերիկա է, քիչ թե շատ ազնվություն կլինի։ Մի մասն արդեն Հայաստանում կայացած ընտրությունների արդյունքներն էր հրապարակում, ասելով, որ Ս. Դեմիրճյանը առաջին տեղում է, Ա. Գեղամյանը՝ երկրորդ, իսկ Ռոբերտ Քոչարյանը միայն երրորդ տեղն է գրավել։ Վերջինից դժգոհները հարմար առիթ էին գտել սրտներում կուտակվածն ասելու համար։ Մի մարդ բողոքում էր, թե Քոչարյանն իսկի իրավունք չունի Երեւանի փողոցներով քայլելու, բայց ուզում է նախագահ դառնալ։ Մյուսները պատմում էին Հայաստանում գտնվող բարեկամ-հարազատների թշվառ կենսապայմանների մասին ու դժգոհում, թե ոչ մի լավ փոփոխություն էլ չկա։ Երբեմն մարդիկ դժգոհ դուրս էին գալիս ընտրատարածքից, քանի որ այս կամ այն փաստաթղթի բացակայության պատճառով չէին թույլատրել մասնակցել ընտրություններին։ Խորհրդային արտասահմանյան կարմիր անձնագրերով ներկայացածներից նաեւ գրին քարտ էին պահանջում եւ մարդիկ բողոքում էին, որ իրենց չեն զգուշացրել, թե գրին քարտն էլ պետք է բերել։ Ընտրական հանձնաժողովի նախագահ Քրիստինե Փանոսյանը այս առթիվ մեր հարցին ի պատասխան պարզաբանեց, որ գրին քարտը պահանջում են համոզվելու համար, որ ընտրողը չի դարձել ԱՄՆ քաղաքացի ու իրավունք ունի ընտրելու։ Մի մասը ներկայանում էր առանց անձնագրի (ասելով, թե կորցրել է)՝ ներկայացնելով անձնագրի պատճենը կամ անձը հաստատող այլ փաստաթուղթ։ Այդ դեպքում հանձնաժողովը նրանց թույլ չէր տալիս մասնակցել ընտրություններին։ Որոշ դեպքերի հետ նախագահի թեկնածուների վստահված անձինք համաձայն չէին ու, ինչպես Արամ Սարգսյանի վստահված անձը տեղեկացրեց, իրենք այդ առթիվ համապատասխան արձանագրություն են կազմել ու ներկայացրել հանձնաժողովին։ Հիմնական վիճահարույց խնդիրը դա էր եղել ու ժամը 15.00-ի դրությամբ, երբ արդեն քվեարկել էր ավելի քան 1100 մարդ, ընտրախախտումներ կամ այլ տարաձայնություններ ընտրական հանձնաժողովի ու թեկնածուների վստահված անձանց միջեւ չէին գրանցվել, ինչպես զրուցակիցներս նկատեցին։ ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ԱՄՆ, Լոս Անջելես Հ. Գ. Ընտրությունների արդյունքները պարզ կլինեն մեկ օր հետո եւ դրանք կներկայացնենք «Առավոտի» վաղվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել