Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՂԱՎԱՂՈՒՄՆԵՐԻ ՇՂԹԱ

Փետրվար 21,2003 00:00

ԱՂԱՎԱՂՈՒՄՆԵՐԻ ՇՂԹԱ Եթե այսօր Հայաստանում «Հայ հեղինակ» կազմակերպությունը առաջնորդվեր որդեգրած սկզբունքով՝ պաշտպանել հեղինակների իրավունքները, եւ ոչ թե գործեր ձեւականորեն, ապա երգահան Հասմիկ Մանասերյանը հեռուստատեսությամբ կամ ռադիոյով չէր լսի իր երգերը՝ աղավաղված տարբերակով, այս կամ այն անտաղանդ երգչի կատարմամբ։ Հ. Մանասերյանը պնդում է, որ շատ անգամ դրանք հնչում են նաեւ տեսահոլովակի տարբերակով. «Օրինակ, մի երգչուհի «Ծաղիկներս ում նվիրեմ» երգը կատարում է ահավոր փոփոխված ձեւով, դա դեռ քիչ է, տեսահոլովակում էլ ինչ- որ մեկին սպանում են, իսկ մյուսը շտապօգնություն է կանչում։ Մի խոսքով, ե՛ւ երգն է փչացված, ե՛ւ տեսահոլովակն է անհամապատասխան»։ Ենթադրվում է, որ խոսքը վերաբերում է երգչուհի Ալինա Ավետիսյանին, ում երգահանը չէր էլ ճանաչում։ Ըստ Հ. Մանասերյանի, մեկ ուրիշ «աստղ» էլ նույնպիսի հաջողությամբ աղավաղում է իր «Մի գնա, սիրելիս» երգը։ Ինչպես ինքը՝ Հ. Մանասերյանն է ասում, առանց իրեն տեղյակ պահելու «շատ երգիչներ ձեւափոխված հնչեցնում են իր երգերը, իսկ դա հեղինակային իրավունքի կոպիտ խախտում է»։ Հեղինակային իրավունքի մյուս խախտումն այն է, որ երգահանը այդքան հնչող երգերի դիմաց ոչինչ չի ստանում։ Նա հիշեց, որ ընդամենը մի անգամ «3 տարի առաջ զանգել ու ասել են, որ որպես հեղինակ ես 800 դրամ ունեմ ստանալու, մինչդեռ խորհրդային տարիներին հսկայական գումարներ էի ստանում»։ Հասմիկ Մանասերյանի երգերը սիրված ու հանրահայտ են։ Դրանք կատարում են Բեդրոս Կիրկորովը, Պապին Պողոսյանը, Անահիտ Մանուկյանը, Աշոտ Ղազարյանը, Գայանե Սերոբյանը, «Արձագանք» խումբը, նույնիսկ Արամ Ասատրյանը։ Նրա երգացանկից առավել հայտնի են «Ծաղիկներ, անթառամ ծաղիկներ», «Այն գիշեր ինձ խոստացար», «Մի գնա, սիրելիս», «Մթնշաղ», «Կարաբալա» եւ մի շարք այլ երգեր։ Դրանցից շատերը սիրված են նաեւ բարձրաստիճան պաշտոնյաների եւ փողատերեր-«ախպեր տղերքի» կողմից, որոնք վերջիններս հաճախ լսում են այս կամ այն ռեստորանում՝ դարձյալ աղավաղված ձեւով։ Ն. ՄԵԼԻՔՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել