Լրահոս
Օրվա լրահոսը

ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐԱՐՇԱՎ

Փետրվար 22,2003 00:00

ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐԱՐՇԱՎ Դեմիրճյան-Քոչարյան եզրափակիչ «Նախագահական ընտրարշավ. Դեմիրճյան-Քոչարյան եզրափակիչ» հոդվածի առաջին մասը հրապարակեցինք ընտրություններից առաջ. այն նվիրված էր Ռոբերտ Քոչարյանին: Դեմիրճյանին վերաբերող հրապարակումը միտումնաբար թողեցինք փետրվարի 19-ից հետո: Թողեցինք այն պահին, երբ բոլորը կհամոզվեն, որ Քոչարյանի շտաբից հնչող վերջնագրերից մինչեւ այսուայն մոտիվացիայի նիհիլիստների դատարկախոսությունը, թե գործող նախագահը ընտրություններում հաղթող կհայտարարվի, եւ Դեմիրճյանն ու ժողովուրդը դա կհանդուրժեն, լոկ իրենց տեսիլքն է: Ինչու էին այդ մարդիկ սխալվում, ինչպես Աստվածաշնչում է ասված՝ «տեսնելով չէին տեսնում», այդ մասին քիչ ավելի ուշ, Դեմիրճյանի՝ նախագահ հռչակվելուց հետո: Իսկ առայժմ՝ որոշ էքսկլյուզիվ մանրամասներ այն մասին, թե Քոչարյանի «Նկարենք միասին» կարգախոսը ինչպես բախվեց 0,2 տոկոսի պակասորդին: Համաձայն ՀՀ Ընտրական օրենսգրքի /եւ ի գիտություն ԱՊՀ դիտորդական խմբի ղեկավար Յարովի, որը 19-ի ընտրությունների թափանցիկ լինելու մասին հայտարարությունն է արել/՝ 20:00-ին ընտրական տեղամասերը փակվելուց հետո 18 ժամվա ընթացքում ՀՀ 56 ընտրատարածքային հանձնաժողովները պետք է հրապարակեն ընտրությունների նախնական վերջնական արդյունքները եւ համապատասխան արձանագրությունները ուղարկեն ԿԸՀ: Փետրվարի 19-ի ընտրությունների ավարտից 17 ժամ անց, դեռ որեւէ ընտրատարածքում արդյունքներ չէին հրապարակվել: Բնականաբար զանգահարում էի ԿԸՀ՝ տեսնելու, թե Օրենսդրության այդ աղաղակող խախտմանը ինչ բացատրություն կտրվի: Շուրջ 5-10 րոպե զբաղվածության ազդանշան էր: Հերթական ազդանշանից հետո, սակայն, հեռախոսագիծը միացավ ընթացող խոսակցության: Թե հավաքված հեռախոսահամարից, թե ձայնից պարզ էր՝ ով է խոսողը: Իսկ խոսակցությունը խիստ հետաքրքրական էր, այնքան, որ ոչ միայն լսեցի, այլեւ նույնիսկ միջամտեցի: ԿԸՀ ղեկավարներից մեկը /անուն-ազգանունը չեմ ճշտում/ զրուցակցուհուն հայտնում էր. «Հեն ա, վերջացրեցինք, թվերը դիմացս դրված ա, 369.000 ձայն Քոչարյան, 137.000 ձայն Գեղամյան, 241.000 ձայն Դեմիրճյան» /Վազգեն Մանուկյանի ձայների թիվը չկարողացա մտապահել/: Կնոջ ձայնը ինչ-որ «արյունոտ միջադեպի» հետ կապված հարց տվեց, հետո վերադարձավ ձայների թեմային. «Աշոտ Մալխասյանն էլ ձայնը գցել էր գլուխը, բոլորի վրա գոռում էր»: ԿԸՀ անդամը պատասխանեց, «Դե չէ, էս իմ ասած թվերով 49.1 տոկոս ստացվում ա, մնում ա էդ 1 տոկոսի հարցը, կլուծվի»: «Իսկ դա քանի՞ ընտրատարածքի տվյալ է»: ԿԸՀ անդամին թվաց, թե հարցնողն իր զրուցակցուհին է, այնպես որ՝ պատասխանեց. «Դե մոտ 700.000 ընտրողի»: Երբ շարունակեցի հարցնել. «Բայց քանի՞ ընտրատարածքի», ընկրկեց. «Այս ի՞նչ է, գծի մեջ մարդ կար»: Ծիծաղեցի. «Այո, այն էլ մամուլից»: Երկուսն էլ համարյա միաժամանակ՝ «Լավ, հետո» ասելով խոսափողը դրեցին: Ժամը մոտավորապես 13:20 էր: Հասկանալի էր, որ ԿԸՀ-ում միայն ընտրատարածքների կեսի արդյունքներն են, այսինքն օրենքով սահմանված 14:00-ին ոչ մի արդյունքներ էլ ըստ ընտրատարածքների չեն հնչի: Այդուհանդերձ պաշտոնական ինչ-որ պատասխան ունենալու համար 13 անց 50 խոսեցի ԿԸՀ նախագահի տեղակալ Համլետ Աբրահամյանի հետ: Վերջինս հայտնեց, որ բացառությամբ 7 ընտրատարածքների, մնացյալից ամփոփիչ արձանագրություններ ստացվել են: /Ընդամենը կես ժամ առաջ պատահաբար լսածս խոսակցության ֆոնի վրա պարզ էր, որ ուղղակի թիվ է կրակվում/: Եվ իսկապես ժ. 14:00-ի դրությամբ, խախտելով թե օրենք, թե միջազգային չափանիշներ, թե վերջնաժամկետ, ոչ մի տվյալ էլ չհրապարակվեց: ԿԸՀ-ում դրանք պարզապես չկային: Առնվազն 7 ընտրատարածքից ամփոփիչ արձանագրությունների բացակայությունը ԿԸՀ նախագահի տեղակալի հաղորդած տվյալն է: Մեկ անգամ եւս պրն Աբրահամյանի հետ խոսել եմ 14:10-ին: «Ինչո՞ւ են ընտրատարածքային հանձնաժողովները օրենքի պահանջը ոտնահարում եւ արդյունքներ չեն հրապարակում» հարցին հնչեց պատասխան՝ «Դա տարածքային հանձնաժողովների պրոբլեմն է, իսկ ԿԸՀ-ն դեռ 10 ժամ ունի»: /ԿԸՀ-ն նախնական վերջնական արդյունքները հրապարակում է քվեարկության ավարտից հետո 28 ժամում/: Բոլորն էլ, թերեւս բացառությամբ՝ Յարովի, հասկանում են. եթե ընտրատարածքներում արդյունքներ հրապարակվեին եւ ամրագրվեին, ԿԸՀ-ի համար խիստ կդժվարանար նկարչությամբ զբաղվելը: Սակայն վերոշարադրյալ խոսակցությունները հրապարակվեցին մեկ այլ նպատակով, ցույց տալու համար, որ ԿԸՀ-ում 14:00-ի դրությամբ դեռեւս 56 ընտրատարածքի արձանագրություն չի եղել, որ Սահրադյանն էլ «0,2 տոկոսի պակասորդը» հայտնաբերեր: Չասելու համար այլեւս, որ ԿԸՀ-ն աշխատում էր 51 տոկոսի ուղղությամբ: Ուրեմն ի՞նչ կատարվեց 14:00-ին: Որտեղի՞ց ծագեց «0,2 տոկոս պակասորդի» անհրաժեշտությունը: Նախ՝ 14:00-ին Մատենադարանի մոտ գումարված հանրահավաքը, որտեղ հայտարարվել էր արդյունքները դատական կարգով բողոքարկելու մասին: Բոլոր ընտրակեղծիքներից հետո /քվեաթերթիկների լցոնում, քվեաթերթիկների հետ չհամապատասխանող արձանագրությունների կազմում եւ այլն/, կազմված արձանագրությունների տվյալներով էլ, որ Դեմիրճյանի վստահված անձանց ձեռքում է եւ համակարգչային մշակման է ենթարկվում, Քոչարյանի ձայները, շուրջ 700.000 քվեի կտրվածքով, 40 տոկոսի չեն հասնում: Իսկ դատական կարգով բողոքարկելիս՝ Սահրադյանը ստիպված է լինելու իր կրակած թվերը արձանագրություններով հիմնավորել: Պարզապես ինքնապաշտպանական բնազդով Սահրադյանի համար գերադասելի էր երկրորդ փուլ հայտարարել: /Երեւի չգիտեր, որ դրանով էլ չի փրկվի, միեւնույն է, պետք է դատարանի առաջ տոկոսներ հիմնավորի/: Երկրորդ պարտադրանքը՝ ժողովրդի ահագնացող շարժումը: Նույնիսկ Քոչարյանի շտաբի կույրերն ու խուլերը հասկանում են, որ Հայաստանում 88-ին այնքան միահամուռ «Ղա՛-րա՛-բա՛ղ» չեն վանկարկել, որքան այսօր «Դե՛-մի՛ր-ճյա՛ն»: Այդ ժողովրդին եթե հաղթել չկարողացավ Մոսկվան, ի՞նչ պետք է անեն մի երկու պաշտոնյա: Քոչարյանը հրաշալի գիտե՝ Հայաստանն այնպես է մերժում ու ատում իրեն, որ Աստված մի արասցե, իր պնդաճակատության պատճառով հակումը վերածվի ամենայն ղարաբաղյանի մերժման: Մի աթոռի համար, թեկուզ նախագահական, չարժե Հայաստանում հակաղարաբաղյան կրքերը համաժողովրդական ալիքի վերածել: Հատկապես հողերի եւ զոհվածների ճակատագրով մտահոգվող Սերժ Սարգսյանը, իմաստ ունի, որ այդ անողոք իրականությունն ընկալի: Վերջապես՝ «0,2 տոկոսի պակասորդին» ծնունդ տված ամենավճռական գործոնը՝ ԵԱՀԿ դիտորդական առաքելության ղեկավար Պիտեր Այքերի եւ հատկապես Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի նախագահ սըր Ռասել Ջոնսթոնի հասցրած մեկ-երկու շառաչուն ապտակները: Նույն այդ ճակատագրական 14:00-ին նրանց հրավիրած ասուլիսում թվարկվեցին քարոզարշավից սկսված օրինազանցությունները մինչեւ ընտրակեղծիքներ, եւ Քոչարյանի համար հնչեց գրեթե Վերջին դատաստանի խոսքը՝ «Մինչ այս պահի դիտարկումներով՝ Ձեր անցկացրած ընտրությունները չեն կարող գնահատվել դրական»: «Վերջնական գնահատականը կհնչի ընտրությունների արդյունքների հրապարակումից եւ դրանց բողոքարկման ընթացքից հետո»: Արտաքին աշխարհը խոսում էր բողոքարկումից: Ողջ Հայաստանը փոթորկած ալիքը տասնյակ հազարավոր ցուցարարներ էր հանել փողոց: Իսկ Սահրադյանի մոտ արձանագրություններով ամրապնդվող տոկոսներ չկային: Պարզ չէ՞, որ կրակված տոկոսը չէր կարող Քոչարյանին հաղթանակ գուժել կամ ավետել: Դա ուղղակի անհնար էր: Դրանում վստահ էին շատերը: Լավ է, որ թեկուզ ուշ, բայց ի վերջո հասկացավ նաեւ Քոչարյանը: Հուսանք, եթե երկրորդ փուլ լինի, իր հնարավորությունների սահմանափակությունը նա ավելի արագ կգիտակցի: ԼՈՒՍԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել