Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանում 100 տոննա ժամկետանց դեղ կա

Փետրվար 22,2003 00:00

Հայաստանում 100 տոննա ժամկետանց դեղ կա Այն փաստը, որ դեղագործական ոլորտի հսկողությունը հայտնվել է բարձիթողի վիճակում, չհերքեցին անգամ ՀՀ նախագահի վերահսկողական ծառայությունում: Այլապես 2002թ. հոկտեմբերին ՀՀ նախագ ահը խորհրդակցություն չէր հրավիրի եւ վերոհիշյալ ծառայությանը չէր հանձնարարի Երեւան քաղաքի 10 դեղատներում ուսումնասիրություններ կատարել դեղերի վաճառքի եւ դրանց որակի նկատմամբ հսկողության իրականացման գործընթացի վերաբերյալ: Շրջայցը կատարվել է պատահական ընտրանքով դեղատներում: Դրան մասնակցել են ՀՀ նախագահի վերահսկողության ծառայության աշխատակիցները, հանրային հեռուստատեսության նկարահանող խումբը եւ «Դեղգործակալություն» ՓԲԸ-ի աշխատակիցները: Նպատակն է եղել պարզել՝ արդյո՞ք ՀՀ դեղատներում կան չգրանցված դեղատեսակներ: Ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ այդպիսիք առկա են գրեթե բոլոր դեղատներում: Տասը դեղատներից հայտնաբերվել է 41 անուն չգրանցված դեղատեսակ: Դրանց թվում են մեծ պահանջարկ ունեցող բարալգինը, տետրացիկլինի 1 տոկոսանոց քսուքը, անհայտ ծագման կալցիումի քլորիդը (5%, 100 մլ), պարացետամոլը, նիկոտին ամիդը, էվկալիպտի լուծույթը եւ այլն: Որոշ դեղատեսակների միայն արտաքին զննումով մասնագետները պարզել են, որ դրանք ակնհայտորեն կեղծված են: Հայաստան ներկրվող դեղատեսակները գրանցվում են միայն «Դեղգործակալություն» ՓԲԸ-ում լաբորատոր հետազոտությունների ենթարկվելու եւ բոլոր պարամետրերին համապատասխանելու դեպքում, որից հետո թույլատրվում է դրանք վաճառել: ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության գլխավոր մասնագետ Վահրամ Աբրահամյանի հավաստմամբ, հայտնաբերված չգրանցված դեղերի մասին տեղեկանք է ուղարկվել Առողջապահության նախարարություն, այնուհետեւ՝ Պետական եկամուտների նախարարություն եւ Գլխավոր դատախազություն: Ի դեպ, չգրանցված դեղատեսակները ներմուծվում են մաքսային ծառայությունների հսկողությունից դուրս ճանապարհներով: Վ. Աբրահամյանը նշեց, որ մարդասիրական օգնության ճանապարհով ներկրում են դեղեր, որոնց ժամկետը մոտ է լինում լրանալուն եւ եթե այդ ընթացքում չեն սպառվում, դրանք համարվում են ժամկետանց: Նա վստահեցրեց, որ դեղ ներկրող կազմակերպությունները զգուշացված են եւ սովորաբար հաշվարկում են, թե որ դեղից որքան է անհրաժեշտ ներկրել: Եվ եթե այդքանից հետո էլ չվաճառված դեղերի ավելցուկ է առաջանում, ապա դրանք մնում են դեղատներում: Բայց չկա ոչ մի երաշխիք, որ այդ դեղերը չեն վաճառվի: «Սպառողների միություն» հասարակական կազմակերպության իրավաբանի օգնական Սուսաննա Պողոսյանը մեզ տրամադրեց 2001-2002թթ. սպառողներից ստացված դիմումներում ներկայացված տվյալները: Կոմիտասի 30 հասցեում գտնվող կոմերցիոն դեղատնից մի հիվանդ, գնելով «աչքի կաթիլներ» դեղը, հայտնաբերել է դրա կեղծված լինելը: Նույն դեղատնից մեկ այլ հիվանդ, գնելով «տրիֆոսադենիտ» կոչվող դեղը, հայտնաբերել է, որ ժամկետանց պիտակի վրա նոր պիտակ է փակցված: Մալաթիայի շուկայից գնած «կլոֆիլին» դեղը մի քաղաքացի դադարեցրել է օգտագործել այն բանից հետո, երբ պարզվել է, որ «կլոֆիլին»-ի հաբերը պետք է սպիտակ լինեն: Իսկ իր գնած հաբերը դեղին են եղել: Նշենք, որ շուկայում դեղորայք վաճառողները լիցենզիա չունեն եւ տեղեկանալով, որ «Սպառողների միություն» ՀԿ-ի աշխատակիցները պատրաստվում են այցեր եւ ստուգումներ կատարել Մալաթիայի շուկայում, մի քանի օր շարունակ չեն երեւացել այնտեղ: ՀՀ կառավարության 1999 թ. հուլիսի 31-ի թիվ 478 որոշման համաձայն, ժամկետանց դեղերը պետք է ոչնչացվեն ներկրողի հաշվին: Այդ որոշման հիման վրա հանձնարարվել է Բնապահպանության նախարարությանը, որ սահմանի ժամկետանց դեղերի ոչնչացման կարգը: ՀՀ բնապահպանության նախարարության վտանգավոր նյութերի եւ թափոնների կառավարման վարչության պետ Անահիտ Ալեքսանդրյանը հավաստիացնում է, որ իրենք հաշվառում են ՀՀ172ում սինթեզվող վտանգավոր նյութերը: Ժամկետանց դեղերը դասվում են վտանգավոր թափոնների շարքին: Բնապահպանության եւ Առողջապահության նախարարությունները համատեղ մշակել են կարգ, որը սահմանում է, թե ինչպես պետք է ոչնչացվեն դեղամիջոցները: Ըստ տիկին Ալեքսանդրյանի, ՀՀ-ում չկա այնպիսի ձեռնարկություն, որտեղ անվտանգ եղանակով կարելի է ոչնչացնել ժամկետանց դեղորայքը: Սակայն հնարավոր է օգտագործել ՀՀ տարածքում գտնվող ձեռնարկությունների առկա հզորությունները: Ասենք, դեղերի ինչ-որ տեսականի հնարավոր է այրել ցեմենտի գործարանում: Շարունակելի ԹԱԳՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ, ՆՈՐԱ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ, ԳԱՅԱՆԵ ՄԱՆՈՒԿՅԱՆ www.hetq.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել