Լրահոս
Օրվա լրահոսը

ՈՎ ԻՆՉՈՎ Է ԶԲԱՂՎԱԾ

Փետրվար 22,2003 00:00

ՈՎ ԻՆՉՈՎ Է ԶԲԱՂՎԱԾ Եվս երկու շաբաթ՝ ողջ հանրապետությունը կզբաղվի ամեն ինչով, բացի իր գործից: Էլի երկու շաբաթ բոլորի մտքերը՝ երթուղային տաքսիներում, փողոցում, վերելակում կպտտվեն մի թեմայի շուրջ: Այս ընթացքում, ի թիվս քչերի, շարունակում են իրենց գործին մնալ լրագրողները: Անկախ մամուլի ներկայացուցիչները քարոզարշավի ու հենց ընտրությունների օրը զբաղված էին կեղծիքներ բացահայտելով, իսկ լրագրողների կախյալ տեսակը՝ ինչպես միշտ՝ դրանք կոծկելով: Այսպես, օրինակ՝ վաղ առավոտից հեռախոսի մոտ հերթապահելով, վազում էինք ամեն ահազանգի հետեւից՝ անգամ չիմանալով դրա լրջության աստիճանը: Ընտրությունների հաջորդ օրն առավոտյան, երբ բոլորս էլ գրեթե համոզված էինք, թե գործող նախագահն, ինչպես եւ սպասվում էր, անցավ, մի տեսակ անիմաստ էինք համարում մեր՝ նախօրեին թափած այդքան մեծ ջանքերը, մանավանդ, երբ տեսնում էինք հակառակ բանակի գոհունակ դեմքերը, որ կարծես ծաղրում էին մեզ: Այսօր դրանք ակնհայտորեն մռայլվել են՝ հուսահատություն, կասկած ու անորոշություն առաջացնելով իրենց բանակի այսօր արդեն նոսրացող շարքերում: Ի դեպ, այդ շարքերը նոսրացնողներից մեկը՝ մի տեղական դիտորդ հեռախոսով մեզ հայտնեց կեղծելու կեղտոտ տեխնոլոգիաներից «ամենամաքուր ձեւը», ըստ որի՝ տեղամաս են մտնում թաղի տղաներ կամ նույնիսկ անձինք, ովքեր ընդհանրապես կապ չունեն այդ թաղի ու տեղամասի հետ եւ վերցնելով մի քվեարկած թերթիկ, ում իրական տերը կամ մահացած է, կամ հաստատ հանրապետությունում չէ՝ գցում են արկղը: Իսկ ինչ մնում է ցուցակներում ընդգրկված մարդկանց, ովքեր հանրապետությունում չեն, ապա այստեղ ոչինչ չես կարող անել. ցուցակում պետք է լինեն այն մարդիկ, ովքեր գրանցված են այդ բնակավայրում, իսկ փաստացի ապրում են այդտեղ, թե ոչ, դա կարեւոր չէ: «Տեղամասում բացառապես ոչ ոք չի կարող ձայն հանել: Վստահված անձինք սովորաբար կամ ծախված են լինում, կամ էլ այնպիսիք, որ գլխի էլ չեն ընկնում՝ ինչ է կատարվում: Գոնե թող վստահված անձինք հավատարիմ լինեն ու բանիմաց»,- պատմում էր հուսահատ կինը, որ վստահ ենք, չէր զանգի, եթե առաջին փուլով գործող նախագահն անցած լիներ: Զանգն անանուն էր, չնշվեց նաեւ տեղամասի անունը, սակայն դա չէ կարեւորը: Կարեւորն այն է, որ հետագա ընտրություններում թեկնածուները, իբրեւ իրենց վստահված անձ, տեղամասեր չուղարկեն՝ ում պատահի: Ընտրությունների օրը բազմաթիվ տեղամասերում մեր այցելություններն էլ վերոնշյալն ապացուցեցին. ընտրատեղամասեր կային, որտեղ վստահված անձինք նույնիսկ նշումներ չէին անում, թե քանի հոգի քվեարկեց: Արտասահմանյան դիտորդների մեծ մասն էլ տեղամասից տեղամաս շրջում է կարծես միայն ներկա ստանալու համար: Իսկ Աբովյան քաղաքի թիվ 4 դպրոցում տեղակայված ընտրատեղամասում ԵԱՀԿ դիտորդը, թարգմանչուհու միջոցով, մոտ 10 րոպե քննարկում էր, թե հանձնաժողովի անդամներից ով պետք է գնա «լանչ»-ի, ով պետք է նրան փոխարինի: Անգամ մեր հայերն էին զարմացել, թե «այս մարդը պերերիվի հարցը խի՞ այսքան բարդացրեց»: Մեզ հանդիպած տեղական դիտորդները ոչ պակաս ձեւական բնույթ էին կրում: Դրանք սովորաբար երկու կին էին լինում, որոնց ցանկացած հարցով դիմելիս՝ զարմացած ու հարցական (էլ չասեմ վախեցած) հայացքների էինք հանդիպում՝ «մենք նոր եկանք, դուրս էինք եկել ընդմիջման»: Ի դեպ, մի դիտարկում: Այս ողջ ընթացքում ինքն իր գործին ու գործող նախագահին սկզբունքորեն հավատարիմ մնաց միայն երիտասարդությունը: Զուր չէր, որ ամիսներ առաջ ուսանողության հետ հանդիպումներից մեկի ժամանակ Ռ. Քոչարյանը հայտարարեց, որ գալիք ընտրություններում մեծ հաշվարկներ ունի՝ կապված ուսանողների հետ: Եթե հաշվի առնենք ուսանողական տարիքի ռոմանտիզմի գերակայությունը, ներկա ժամանակով ապրելու մղումը, ապա բավական էր հենց այդ հանդիպման ժամանակ մի ուսանողի ժամացույց նվիրելը կամ ուսանողությանը քարոզարշավի մեջ քաղաքակիրթ ձեւով ընդգրկելը, այնպես, որ մյուս թեկնածուներն անգամ փորձ էլ չէին անում հանդիպում կազմակերպել նրանց հետ՝ ի տարբերություն անցյալ նախագահական ընտրությունների: Վերջիններիս համեմատ, այս անգամ մեկ այլ տարբերություն էլ կար. հեռուստաէկրանից մեզ չէին ձանձրացնում գովազդային հոլովակներն այն մասին, թե անգամ սիրած էակիդ հետ հանդիպման գնալուց առաջ այցելիր ընտրատեղամաս եւ քվեարկիր: Հոգ չէ, քեզ փոխարինողներ, միեւնույն է, կգտնվեն: ՀԱՍՄԻԿ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել