Լրահոս
Օրվա լրահոսը

Ոսկե ցլիկ-2

Փետրվար 25,2003 00:00

Ոսկե ցլիկ-2 Խմբագրությանը հասցեագրված այս հերքում-գրությանն արձագանքում ենք միայն մեկ պատճառով՝ այն հնարավորություն է տալիս լրացուցիչ մեկնաբանություններով լուսավորել խնդրո առարկա նյութի որոշ մութ անկյուններ։ Գրությունն ուղարկված է որպես պատասխան «Առավոտի» փետրվարի 14-ի համարում տպագրված «Ոսկե ցլիկն ու նրա ադամանդե ձեռքը» հոդվածին։ Հրապարակման բովանդակությունը ներկայացնենք համառոտ։ Հոկտեմբերի 15-ին (2002թ.) Հակոբյան-1 հասցեում տեղակայված «Ոսկե ցլիկ» մսամթերքի խանութի տնօրեն Վարդան Վարդանյանը դաժան ծեծի է ենթարկում հարեւան «Իգդիր-93» կոոպերատիվի ծառայողական ավտոկանգառի հսկիչ Նորայր Ղարիբյանին այն բանի համար, որ վերջինս համարձակվել է «Ոսկե ցլիկի» հաճախորդից վերցնել 50 դրամ թեյավճար։ 57-ամյա Նորայր Ղարիբյանը մարմնական ծանր վնասվածքներով տեղափոխվում է հիվանդանոց, որտեղից չկազդուրված դուրս է գրվում 2 շաբաթ անց՝ բուժման համար այլեւս վճարել չկարողանալու պատճառով։ Դեպքի առնչությամբ հարուցվել է քրեական գործ, որն այժմ նախաքննության փուլում է։ Իր ներկայացրած հերքման մեջ Վ. Վարդանյանը, մի կողմ թողնելով իրեն առաջադրված մեղադրանքը (ՀՀ Քրդատօրգրքի 105 հոդվածի 1-ին եւ 222 հոդվածի 3-րդ մաս), մանրամասնորեն կանգ է առել մեկ այլ խնդրի՝ ավտոկանգառի անօրինականության (՞) վրա։ «Հարկ է, որ իրավասու մարմինները զբաղվեն այս ստվերային տնտեսության գործունեությամբ»,- գրության մեջ «իրավասու մարմինների» փոխարեն թերթին է հուշում Վ. Վարդանյանը։ Շնորհավորենք մեր նամակագրին, որովհետեւ նա գտել է «իրավասու մարմինների» գործելակերպի նոր, թարմ մեթոդ՝ բռունցքներով հաշվեհարդար տեսնել «ապօրինի» հսկիչի հետ։ Օրինակ էլ ծառայել է անձամբ, այն էլ՝ արդյունավետ. չորրորդ ամիսն է, ինչ «օրինազանցն» ուշքի չի գալիս եւ, ով գիտե, կհանդգնի՞ կրկին գրավել հին աշխատատեղը։ Ի դեպ, այս օրերին նույն գործով, բայց ավելի քաղաքակիրթ ձեւով, զբաղված է քրգործի նախաքննությունն իրականացնող Շենգավիթի ՆԳ բաժնի քննիչ Հ. Թեմուրյանը։ Մի կողմ թողած հանցագործության հետազոտումը, նա մանրակրկիտ «քրքրում» է «Իգդիր-93»-ի հաշվապահական մատյանները։ Գրության մյուս հատվածում Վ. Վարդանյանը մեղադրում է կոոպերատիվի տնօրենի ամուսնուն՝ Ռաֆիկ Վիրաբյանին եւ իրավապահներին, որոնք «համագործակցել են, ինչի արդյունքում քրգործը Արաբկիրի ՆԳ բաժնից տեղափոխվել է Շենգավիթի ՆԳ բաժին, ուր եւ ավելացել է նոր մեղադրանք Քրօրգրքի 222 հ.-ի 3-րդ մասով»։ Նրա կարծիքով, եթե գործը չտեղափոխվեր, ապա նախատեսված պատիժը կսահմանափակվեր 1-2 տարվա ազատազրկումով (105 հ.-ի 1-ին մաս), ոչ թե՝ 2-8 տարով (222 հ.-ի 3-րդ մաս)։ Նշենք, որ տեղափոխման համար հիմք է ծառայել տուժողի ՀՀ գլխավոր դատախազին գրած դիմում-խնդրանքը՝ իր էական դրդապատճառներով։ Վ. Վարդանյանը նույն «հանցավոր համագործակցության» արդյունք է համարում նաեւ դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը՝ կյանքին վտանգ սպառնացող ծանր գլխուղեղային վնասվածք։ «Ես այդ եզրակացությունը բողոքարկել եմ եւ պահանջել նոր դատաբժշկական փորձաքննություն»,- գրում է «հերքումագիրը»։ Զարմանալի է, ինչպե՞ս նրան չեն տեղեկացրել, որ երկրորդ փորձաքննությունը կայացել է, ստացվել է նույն եզրակացությունը, ինչի հիման վրա էլ Շենգավիթի ՆԳ բաժինը ծանրացրել է մեղադրանքը նոր՝ 222 հ.-ի 3-րդ մասով։ «Ոսկե ցլիկ»-ում ես աշխատում եմ որպես առաքիչ եւ խանութներ չունեմ, ինչպես Ռ. Արշակյանը հայտարարում է Ն. Ղարիբյանի «բերանով»,- լուսաբանում է մեր գրագիրը։- Սա արդեն անհիմն զրպարտանք է իմ հասցեին՝ ինձ վերագրել այն, ինչը չունեմ։ Դա ինձ հասցնում է բարոյական վնաս»։ Ինչ խոսք, սա հազվագյուտ դեպք է, երբ պաշտոնի բարձրացումից (թեկուզ՝ արհեստականորեն) բարոյական վնաս են կրում։ Հարգում ենք Վ. Վարդանյանի ազնվությունն ու հայցում նրա ներողամտությունը, եթե իսկապես «Ոսկե ցլիկի» փաստաթղթային տերը նրա հորեղբայրն է։ Հուսով ենք, որ նա (հորեղբայրը) չի բարկանա իր եղբորորդու վրա այն բանի համար, որ շրջապատում բոլորը որպես խանութի տեր ճանաչում են ոչ թե իրեն, այլ Վ. Վարդանյանին։ Այսքանը։ Տեղեկացնենք նաեւ քրգործի նախաքննության նորություններին։ Հոդվածում արդեն նշել էինք, որ չնայած կատարած ծանր հանցագործությանը, մեղադրյալ Վ. Վարդանյանի հանդեպ չի կիրառվել կալանքը՝ որպես խափանման միջոց։ Որպեսզի արդարացվի իր ազատությունը, Վարդանյանը վերջերս հայտարարում է, որ ոտքը կոտրվել է եւ որպես ապացույց ներկայացնում է ռենտգեն լուսանկար։ Քննիչ Թեմուրյանը նշանակում է դատաբժշկական փորձաքննություն։ «Ինձ հրավիրեցին մասնակցելու այդ փորձաքննությանը, որին, ինչպես պարզվեց, չեն հրավիրել փորձագետին։ Ես հրաժարվեցի եւ հայտարարեցի, որ նոր լուսանկարը որպես հիմք չեմ ճանաչի։ Միաժամանակ պահանջեցի, որ փորձաքննությունն իրականացվի դատաբժշկական բյուրոյի լաբորատորիայում, բայց ինձ հասած վերջին տվյալով, Վ. Վարդանյանը հրաժարվել է փորձաքննությունից, պատճառաբանելով, որ այդ քանակով ռենտգեն ճառագայթներ ընդունելն իր առողջության համար վնաս է»,- տեղեկացրեց տուժողի շահերի ներկայացուցիչ Հովիկ Արսենյանը։ Նշենք, որ 8-րդ պոլիկլինիկայում ապացույցներ փնտրել-գտնելու համար Վ. Վարդանյանին անհրաժեշտ ուղեգիրը դատաբժշկական բյուրոյից վերցրել էր քննիչ Թեմուրյանն՝ առանց դատաբժշկական փորձագետի գիտության։ Քննչական մարմինների այս եւ այլ հովանավորչական քայլերի մասին նշել էինք մեր նախորդ հոդվածում եւս, բայց այդ հանգամանքն, ափսոս, «հերքումների» ցանկում տեղ չէր գտել։ ՌՈՒԶԱՆ ԱՐՇԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել