Լրահոս
Օրվա լրահոսը

Հօգո՞ւտ ժողովրդի ու պետականության

Փետրվար 28,2003 00:00

Հօգո՞ւտ ժողովրդի ու պետականության Ռոբերտ Քոչարյանն իր ասուլիսում իր իսկ բերանով խոստովանեց, որ ընտրությունների առաջին փուլում ընտրակեղծիքներ են իրականացվել թե8217 իր օգտին, եւ թե8217 ընդդիմության: Սակայն սա ամենեւին էլ չէր խանգարում, որ նա իր խորին շնորհակալությունը հայտներ իր նախընտրական շտաբի բոլոր այն «ակտիվիստներին», որոնք «աջակցել եւ աշխատել» են իր՝ այդչափ մեծ քանակի ձայներ ունենալու գործում: Իսկ արդյունքում ոչ թե պատժվում են ընտրակեղծիքներ իրականացնողները, այլ նրանք, ովքեր պահանջում են բացել բոլոր այն ընտրատարածքների քվեատուփերը, որտեղ լցվել են իր ու, ինչպես ինքն ասաց, ընդդիմության թեկնածուի համար ձայների անհրաժեշտ քանակ ապահովող քվեաթերթիկները: Ու ասուլիսում Ռոբերտ Քոչարյանը վարչական ավելի «խիստ» միջոցներ կիրառելու սպառնալիքներ էր նետում բացառապես ընդդիմության թեկնածուի համակիրների հասցեին: Նա տիրապետում էր ընդամենը ընդդիմության հանրահավաքներին մասնակցած, իր իսկ որակմամբ՝ «խուլիգանների» ձերբակալություններին, իսկ իր համար «խուլիգանություն» կատարած, ասենք, «թմրամոլների, մեկից ավելի դատվածություն» ունեցող «խուլիգանների» վերաբերյալ, որոնք եւս կատարել են «խուլիգանություն», նա որեւէ «դետալի» չէր տիրապետում: Փոխարենը բավական նյարդային հաթաթաներ էր տալիս ընդդիմությանը՝ վստահեցնելով, թե ինքը ընտրությունների երկրորդ փուլում ընդդիմությանը «ցույց է տալու իր տեղը»՝ դա եւս դասելով իր գործողությունների այն շարքին, որոնց նա անվանում է հօգուտ ժողովրդի ու հօգուտ պետականության: Արդյո՞ք այն, ինչ նա կատարել է ընտրությունների առաջին փուլում եւ կատարելու է երկրորդում, հենց այդ շահերից է բխում: Այս դիտարկմանն ի պատասխան, Ռ.Քոչարյանն էլ ավելի նյարդային հայտարարեց. «Անշու՛շտ: Բա ո՞ւմ համար եւ ինչի՞ համար: Որոշ բաներ ինձ համար զարմանալի են. այսպիսի տնտեսական վերելք ունեցող երկրում այս կարգի կեցվածք որոշ քաղաքական ուժերի կողմից, ուղղակի անհասկանալի է: Ամեն ինչ արվելու է ժողովրդի համար, ժողովրդի բարեկեցության համար»: Իսկ ի՞նչն է արվում ժողովրդի համար՝ ընտրակեղծիքնե՞րը, թե՞ ժողովրդի մեջ ընդդիմության նկատմամբ ատելություն սերմանելն ու բղավելը, թե՞ ընդդիմությունն է իր հանրահավաքներով մարդկանց մեջ ատելություն ու սուտ սերմանում: Սա իսկապես լուրջ է, ու միայն անձամբ զորք տեսածը կարող է հասկանալ: «Ի՜նչ զորք, դուք որտե՜ղ եք զորք տեսել, որ զորքի անուն եք տալիս»,- այսպես արձագանքեց Քոչարյանը լրագրողներից մեկի այն հարցին, թե արդյոք իրականությանը համապատասխանո՞ւմ են այն լուրերը, թե Սիսիանից զորքեր են բերվելու Հայաստան՝ ընդվզող ժողովրդի դեմն առնելու համար: Այնուհետեւ Քոչարյանը հպարտությամբ նշեց, որ Հայաստանի ոստիկանությունը բավական մեծ քանակ է կազմում, ինչը լիովին բավարար է նման ընդվզողներին իրենց տեղը դնելու համար: Իսկ սա, Քոչարյանի տրամաբանությամբ, նշանակում է՝ հօգուտ ժողովրդի ու պետականության: ԼԻԼԻԹ ՍԵՅՐԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել