Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՋՈՐԴ ՆԻՍՏՆ ԱՌԱՆՑ ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐԻ ԳՈՒՄԱՐԵՔ

Փետրվար 28,2003 00:00

ՀԱՋՈՐԴ ՆԻՍՏՆ ԱՌԱՆՑ ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐԻ ԳՈՒՄԱՐԵՔ Գործարարության աջակցման խորհրդի երեկվա նիստում ձեռներեցների կողմից այդպես էլ չնկատեցինք գործարարների խնդիրները կառավարությանը «մատուցելու» կամ երկրում բիզնես-մթնոլորտը բարելավելու անգամ չնչին ջանքեր։ Միայն վարչապետն էր անընդհատ հարցնում՝ «Դո՛ւք ի՞նչ կարծիքի եք», «Այս մասի՞ն ինչ եք մտածում», «Ի՞նչ առաջարկություն ունեք»։ Հարցնում էր՝ նրանցից պատասխան ստանալու համար համարյա կաշվից դուրս գալով։ Իսկ գործարարները, որ սովոր են ամեն տեղ, հատկապես լրագրողներին՝ աղբյուրը չբացահայտելու պայմանով, պետական մարմինների անկարգություններից բողոքել, երեկ չէին նշում ոչ իրենց, ոչ էլ հատկապես փոքր եւ միջին ձեռնարկատերերի խնդիրները։ Գուցե գործարարներին սխա՞լ սկզբունքով էին խորհրդի կազմում ընդգրկել։ Այնտեղ, փաստորեն, կայացած, միջազգային ստանդարտներով աշխատող բիզնեսի տերերն էին ներկայացված։ Իսկ հայտնի է, որ առավել ճնշվածները փոքր եւ միջին ձեռնարկատիրությամբ զբաղվողներն են։ Փոխանակ բիզնեսմենները առաջ քաշեին, նախագահի տնտեսական հարցերով խորհրդական Վահրամ Ներսիսյանցն էր վարչապետին եւ խորհրդի անդամներին փոխանցում գործարարներից իրեն հասած բողոքները։ Որ, օրինակ, «հարկային ծառայության աշխատողները կանխավճար են պահանջում, երբ չեն վճարում, 28-րդ հոդվածով են վախեցնում, թե՝ ստուգումներ են լինելու»։ Նկատելով, որ խորհրդի նիստերին գործարարների այսպիսի մասնակցությունն ամենեւին էլ պարտադիր չէ, նշենք խնդրի վերաբերյալ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի պարզաբանումը. «Հազարից մի դեպք է եղել, որ 28-րդ հոդվածը օգտագործվել է։ Այդ ծայրահեղ միջոցը (ստուգումը) չենք կիրառում, բայց պահում ենք։ Որ այդ հոդվածով հարկային տեսուչները վախեցնում են՝ դա ուրիշ խնդիր է, բայց չենք կիրառում»։ Այնուամենայնիվ, վարչապետն էլ է տեղյակ հարկային մարմինների «ախորժակից»։ Համաշխարհային բանկի հորդորով հստակեցնելով «ուսումնասիրություն» հասկացությունը, ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Վարդան Խաչատրյանը նշեց. «ԱԱՀ-ից առաջացած գերավճարները վերադարձնելիս պետությանը թույլ է տրվում կազմակերպությունում ուսումնասիրություն անցկացնել, որի կարգը եւ դեպքերը կառավարությունը սահմանել է։ Դա ստուգում չէ, այլ փաստաթղթեր չեն քրքրելու տեսուչները»։ Վարդան Խաչատրյանը կառավարության անունից երաշխավորեց, թե կանխավճարների գանձումը բացառվելու է, եթե օրենքով նախատեսված չէ։ Անգամ Համաշխարհային բանկին առաջարկեց սա ստուգելու համար հետագայում մոնիտորինգ անցկացնել։ ՀԲ ներկայացուցիչը «պատասխանելուց առաջ մի փոքր կմտածի»։ Չբացառելով հարկային տեսուչների՝ ուսումնասիրությունների ընթացքում «ընդարձակվելը», վարչապետը հավաստիացրեց. «Հասկանում ենք ուսումնասիրության տակ ավելի լայն դաշտ վերցնելու հարկային տեսուչների ախորժակը։ Բայց եթե տեսնենք, որ չարաշահում են իրենց լիազորությունները, ապա կառավարությունը փոփոխություններ կանի գործարարների շահերից ելնելով»։ Ա. Մարգարյանը գործարարներին կոչ արեց քաջատեղյակ լինել եւ պաշտպանել սեփական իրավունքները։ Նա ուրախությամբ, անունը չնշելով, մի օրինակ բերեց, երբ հարկային տեսուչները փորձել էին «ապօրինի գործողություններ իրականացնել, գերազանցելով լիազորությունները, գործարարը դատի է տվել եւ երկու ատյաններում շահել դատը։ Մենք ձեզ հնարավորություն ենք տալիս։ Հանգիստ գնացեք պաշտպանեք ձեր իրավունքները։ Մտածված մեծացրել ենք Տնտեսական դատարանի դատավորների թիվը»։ Հարկային ծառայության պետի բացակայությունը նկատվում էր խորհրդի նիստում. այս կամ այն չարաշահման վերաբերյալ նրա մեկնաբանության կարիքն էր զգացվում, սակայն, վարչապետի տեղեկացմամբ, նրա բացակայությունը պայմանավորված էր գործերով. «Հաջորդ նիստին կլինի»։ Ընդհանրապես, Գործարարության խորհրդի երեկվա նիստին լրագրողների ներկայությունը թույլատրելը անակնկալ էր։ Բայց սպասվածին հակառակ, խորհուրդը միաձայն որոշում չընդունեց նախագահ Քոչարյանին սատարելու կամ ընդդիմության հանրահավաքները գործարար աշխարհի անունից դատապարտելու վերաբերյալ։ Որքան կարելի էր հասկանալ, հերթական աշխատանքային նիստ էր, ուստի միանգամայն ողջունելի է այդ քննարկումները հասարակության համար «բացելը»։ Կարեւոր է չինովնիկների անօրինականություններից տուժած գործարարներին տեղյակ պահել, որ վարչապետը շատ պատրաստակամ է բոլորի խնդիրներին տեղեկանալ եւ փորձել լուծել։ Ինչպես նաեւ կարեւոր է ՓՄ ձեռնարկատերերին իրազեկել, որ «44-ի ակումբը» (ռոտացիոն կարգով խորհրդի կազմում ընդգրկվող գործարարներից կազմված) այդ խնդիրները խորհրդին գոնե երեկ չհասցրեց։ Անգամ բանավեճ տեղի չունեցավ երեկ։ Իսկ Ոսկերիչների եւ ակնագործների միության նախագահ Էմին Գրիգորյանը «ռոտացվող խմբի կողմից» այնքան պաթետիկ տոնով «խորին շնորհակալություն» հայտնեց, որ վարչապետն ասաց. «Էմին, դու տեղ չես գնում, չէ՞, կարող ես գալ, բոլոր նիստերին էլ մասնակցել։ Այնպես որ, այդքան խորը շնորհակալություն մի հայտնիր»։ ԱՐՄԻՆԵ ՈՒԴՈՒՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել