Լրահոս
Օրվա լրահոսը

«ՔՈՉԱՐՅԱՆԸ ՍՏԱՑԵԼ Է 150 ՀԱԶԱՐ ՁԱՅՆ»

Մարտ 01,2003 00:00

«ՔՈՉԱՐՅԱՆԸ ՍՏԱՑԵԼ Է 150 ՀԱԶԱՐ ՁԱՅՆ» Սահմանադրական դատարանում Արտաշես Գեղամյանի լիազոր ներկայացուցիչ Աղասի Արշակյանի ներկայացրած փաստերը վկայում են, թե սխալվում են նրանք, ովքեր ենթադրում են, թե նախագահի այս նախկին թեկնածուի դիմում-բողոքը կարող է ունենալ միայն բարոյական եւ ոչ իրավական նշանակություն: Աղասի Արշակյանի այդ փաստերից ամենաբնութագրականն այս մեկն էր: Մարտունու Գեղահովիտ գյուղի թիվ 31/0855 ընտրատեղամասում փետրվարի 19-ին կազմված արձանագրության համաձայն, որը ստորագրել են հանձնաժողովի բոլոր 9 անդամները, կնքել թիվ 1321 կնիքով՝ արձանագրվել են հետեւյալ տվյալները. գրանցված ընտրողների թիվը՝ 1850, գրանցված եւ քվեաթերթիկ ստացած ընտրողների թիվն ըստ ստորագրությունների՝ 1038: Ձայները բաշխվել են հետեւյալ կերպ՝ Արտաշես Գեղամյան-452, Ռոբերտ Քոչարյան-301, Ստեփան Դեմիրճյան-191, Արամ Կարապետյան՝ 61: Սակայն, ըստ Աղասի Արշակյանի՝ նույն տեղամասի վերաբերյալ ԿԸՀ ամփոփաթերթիկում առկա են հետեւյալ տվյալները. «Նույնությամբ պահպանվել են Գեղամյանի եւ Դեմիրճյանի ձայները: Սակայն չեն բավարարվել հօգուտ Քոչարյանի 800 քվեներ ավելացնելով ու խլել են նաեւ Արամ Կարապետյանի 61 ձայներից 40-ը՝ նրա անվան դիմաց թողնելով ընդամենը 21 ձայն: Այդպիսով՝ ստացվել է, որ ընտրություններին մասնակցել են այդ տեղամասի ընտրողների 98,7%-ը կամ՝ 1826 մարդ: Եվ 301-ի փոխարեն՝ ըստ ամփոփ արձանագրության՝ Քոչարյանին, իբր, ձայն են տվել 1145 ընտրող: Եւ սա եզակի դեպք չէ 31 ընտրատարածքի կամ Գեղարքունիքի մյուս տարածքների համար՝ զանգվածային են այս կարգի խախտումները հանրապետության բոլոր ընտրատեղամասերում»: Սակայն Գեղահովիտի պարագան առանձնահատուկ է նաեւ հետեւյալ առումով. «Այս արդյունքները գրանցվել են Քոչարյանի տարածաշրջանային շտաբի պետ, մեր բոլորի կողմից շատ հարգված եկեղեցաշինարար Վազգեն Պողոսյանի գյուղում: Լինելով Քոչարյանի շտաբի համակարգողը՝ այդ մարդը չի կարողացել նույնիսկ իր գյուղում ապահովել քվեներ՝ հօգուտ գործող նախագահի, եւ վերջում ուղղակի լցրել են՝ այն էլ այսպիսի խայտառակ ձեւով: Ես ափսոսում եմ, որ Քոչարյանի կողքին չկան նույնիսկ գրագետ թվաբանություն անողներ: Առիթ-անառիթ, հպարտ-հպարտ կեցվածքով հայտարարում է, թե ստացել է 700 հազար ձայն: Իսկ ես վստահաբար ասում եմ, որ այդ քվեներից ոչ միայն 320-350 հազարն են ուղղակի լցված, այլ իր խարդախ օգնականները 200 հազարի չափ ձայներ գողացել են հիմնականում Գեղամյանից: Արձանագրել ենք Արմավիրում՝ Գեղամյանի քվեներից 500-ը դրել են Քոչարյանի փաթեթում, նույնը Էջմիածնի գյուղերում, Երեւանի Էրեբունի եւ Արաբկիր համայնքներում եւ այլն: Այս ամենը մենք կդարձնենք ՍԴ քննարկման նյութ»: Հավելենք այլ նման փաստեր, որ Աղասի Արշակյանը ներկայացրել էր ավելի վաղ: Դրանցից ամենակարեւորը հանրահայտ է՝ նախնական արդյունքների հիման վրա երկրորդ փուլ հայտարարելու ԿԸՀ-ի փետրվարի 20-ի որոշումն անօրինական էր եւ միայն այն բավական է, որ մարտի 5-ի ընտրության արդյունքը համարվի չեղյալ: Աղասի Արշակյանը պատմել էր հետեւյալ միջադեպը. «ԵԱՀԿ դիտորդական առաքելության ղեկավարի տեղակալ Իեն Գորվինը 390/17 ընտրատարածքում հաշվառում էր հայտարարվող ձայները: 2 ժամ պայքարից հետո նրան հազիվ հաջողվեց ստանալ արձանագրության պատճեն: Եվ տեսավ, որ հայտարարված թվերի գումարով՝ Ռոբերտ Քոչարյանին տրված 281 ձայնի դիմաց պաշտոնական արձանագրության մեջ գրված էր՝ 568 ձայն: Այս տեսակ խայտառակություններ կան, որ եղել են նաեւ միջազգային դիտորդների ներկայությամբ»: Արշակյանը պնդում է, որ ունեն խախտումների վերաբերյալ նաեւ ձայնագրություններ, տեսագրություններ եւ արձանագրություններ. «Էջմիածին քաղաքի բոլոր 21 ընտրատեղամասերից ամեն մեկում տուփերով լցրել են 100-600 քվեաթերթիկ: Համեմատության համար ասեմ, որ Էջմիածնում 1998-ի նախագահի ընտրությանը մասնակցել էին ընդամենը 14 հազար մարդ, իսկ տեղական ինքնակառավարման մարմինների վերջին ընտրություններին այդ քաղաքում մասնակցել էին 20 հազար մարդ: Այս ընտրությանը 31 հազար մարդ էր մասնակցել, որից 21 հազարն իբր ձայները տվել են Քոչարյանին: Տեսեք, թե ինչքան են լցրել այնտեղ: Էջմիածնի 26 գյուղերում առաջին տեղն ենք գրավել, քանի որ կարողացել ենք պահել: Այդ գյուղերում ձայների հարաբերակցությունը մոտավորապես այսպիսին է՝ բերեմ Դաշտ գյուղի տվյալները. 208 ձայն՝ Արտաշես Գեղամյան, 64 ձայն՝ Ստեփան Դեմիրճյան, 40 ձայն՝ Ռոբերտ Քոչարյան: Իսկ կողքի գյուղում մեր վստահված անձին ծեծելով ու կռիվ սարքելով, շառ-շուռ անելով, ձեռքերը ոլորելով՝ լկտիաբար դուրս են հանել ու փոխել են ամեն ինչ, եւ 460 ընտրողի պարագայում հայտարարում են՝ 453 մասնակից: Ձայներն էլ բաշխվել են այսպես՝ Գեղամյան՝ 0, Դեմիրճյան՝ 2, Արամ Կարապետյան՝ 1, Ռոբերտ Քոչարյան՝ 444: Այսպիսի այլանդակություն չի եղել նույնիսկ Արշալույս գյուղում 1998-ին»: Աղասի Արշակյանն առանձնացրեց նաեւ անճշտություններին առնչվող հարցերը. «Ըստ ԿԸՀ ընտրատեղամասերի ամփոփ տեղեկագրի՝ անճշտությունների թիվն արդեն ոչ թե 2536 է, ինչպես ընդհանուր արձանագրությունների մեջ էր, այլ 11383: Սրանք իրենց իսկ հրապարակած թվերն են, եւ միայն այդ անճշտությունների քանակը լիուլի բավարար է, որպեսզի ընտրությունների առաջին փուլը ճանաչվի անվավեր: Քանզի եթե այդ թվերը գումարում ենք Ռոբերտ Քոչարյանի ստացած ձայներին՝ ստացվում է, թե նա անցել է առաջին փուլում»: Ամփոփեց. «Սրանք այն բազմաթիվ՝ հարյուրավոր ու հազարավոր խախտումներից են, որոնք դրված են Սահմանադրական դատարանի դիմաց, մեր դիմումի եւ կից փաստաթղթերի հիմքով: Հավաստիացնում եմ, որ անաչառ դատարանի պարագայում՝ այս ընտրությունները ոչ միայն պիտի ճանաչվեն անվավեր, այլ բազմաթիվ կեղծարարներ պետք է կանչվեն քրեական պատասխանատվության եւ ազատազրկվեն»: ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ Հ. Գ. Ըստ ամենայնի՝ Գեղամյանը մինչեւ մարտի 5-ն այլեւս չի փորձի որեւէ կերպ կողմնորոշել իր ընտրողներին: Սակայն Աղասի Արշակյանն «Ազատություն» ռ/կ-ին ասել է. «Կարծում ենք, որ մեր ընտրողների մի զգալի մասն, այնուամենայնիվ, այնքան չարացած է գործող նախագահի եւ իշխանությունների վրա, որ կգնա ընտրության եւ կհայտնի իր կարծիքը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել