Լրահոս
Օրվա լրահոսը

Ամենաակտիվ իրավախախտողը

Մարտ 01,2003 00:00

Ամենաակտիվ իրավախախտողը «Քոչարյանին նախագահի թեկնածուի գրանցումից հանելը միայն կկանխի նոր ընտրախախտումները»,- երեկ համոզված հայտարարեց Ընտրությունների օրինականությունը վերահսկող հասարակական հանձնաժողովի համակարգող Ռուբեն Թորոսյանը։ Պատճառն այն չէ, որ հանձնաժողովին զրկել են ընտրությունների օրը որպես դիտորդ ընտրատեղամասերում ներկա գտնվելուց, այլ որ «այս թեկնածուն ընտրարշավն սկսեց, շարունակեց ու ավարտեց ակնհայտ խախտումներով, սկսած իր գրանցումից»։ Ուստի բանախոսը կանխավ համոզված է, որ երկրորդ փուլն ընթանալու է առավել լայնամասշտաբ խախտումներով եւ «այսօր արդեն այնքան ցինիկ ձեւով են տանում նրա քարոզչությունն ու մյուս թեկնածուի հակաքարոզչությունը, որ դուրս է ոչ միայն իրավական, այլեւ՝ բարոյական նորմերից»։ Դիտորդական առաքելությունից զրկվելը հանձնաժողովին չի խանգարել ամբողջացնել ընտրախախտումների սեփական տրցակը՝ հենվելով ԶԼՄ-ների հրապարակումների վրա։ Ըստ այդմ, կազմվել եւ ուղարկվել է 100 դիմում տարբեր ատյանների, որոնցից ոչ մեկի համար բավարար պատասխան չի ստացվել։ Նշենք, որ հանձնաժողովն ուսումնասիրել է քարոզարշավից առաջ ընկած ժամանակահատվածից մինչեւ հետընտրական ընթացքը. «օգտագործելով իմ, իմ ընկերների ու մեր ընտանիքների ներվերն ու ժամանակը»։ Վերլուծությունը պարզել է, որ աննախադեպ իրավախախտումներով հագեցած ընտրությունները հետեւանք են դեռեւս նախապատրաստական շրջանում կատարված եւ անպատիժ մնացած իրավախախտումների, որ ընտրական ողջ գործընթացի վրա բացասական ազդեցություն է թողնում ՀՀ նախագահի օրենքների չիմացությունը (՞) եւ բացասական վերաբերմունքը ՀՀ օրենսդրության պահանջների կատարման հանդեպ, որ ԿԸՀ-ն ցուցաբերում է ոչ միայն մասնագիտական ցածր պատրաստվածություն առանձին կարեւորագույն հարցերի լուծման գործում, այլեւ՝ ՀՀ օրենսդրության բացահայտ կոպիտ խախտումներ է իրականացնում։ Իսկ վերջում նաեւ՝ ՀՀ նախագահը ոչ միայն չի տիրապետում կամ չի ներգործում ստեղծված իրավիճակի վրա, այլեւ հանդիսանում է ամենաակտիվ իրավախախտողը։ Այս եւ այլ վերլուծություններից հետո վերահսկող հանձնաժողովը եզրակացնում է, որ ԿԸՀ-ն պարտավոր է դիմել դատարան նախագահի թեկնածու Ռ. Քոչարյանի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու համար, որովհետեւ թեկնածուն հայտնել է իր համաձայնությունը հեռուստաընկերություններով իր օգտին իրականացրած անօրինական քարոզչության համար (1100 րոպե), նաեւ՝ «Բազե» հանրապետական երիտասարդական արշավի մասնակիցների միջոցով ընտրողներին համերգներ մատուցելու եւ Ռ. Քոչարյանի օգտին քարոզելու համար, ինչը ընտրական օրենսգրքի խախտում է։ Մի կողմից համոզված, որ հիշյալ թեկնածուի մասնակցությունն անգամ ընտրությունները կտանեն մեծ խախտումների, մյուս կողմից էլ նույն թեկնածուի մասնակցությունը (2-րդ փուլին) ընդունելով, «համեստաբար» խորհուրդ է տալիս՝ միջոցներ ձեռնարկել իր մրցակցի համար անհաղթահարելի խոչընդոտները վերացնելու, նրա վստահված անձանց ու աջակիցների հանդեպ հետապնդումները դադարեցնելու եւ վարչական կալանքից անհապաղ ազատելու մասին։ ՌՈՒԶԱՆ ԱՐՇԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել