Լրահոս
Օրվա լրահոսը

Սումգայիթը չի մոռացվել

Մարտ 01,2003 00:00

Սումգայիթը չի մոռացվել Բայց «մարսվել» է «Մենք ընտրելու ենք Ռոբերտ Քոչարյանին, որ մեզ մի քիչ լավ նայի, որ գոնե փախստականներիս պայմանները բարելավի»։ ՀՀ գործող նախագահի հետ իր հույսը կապողը նախկինում Բաքվի հայկական թատրոնի դերասանուհի Ժասմենա Մարտիրոսյանն էր։ Երեկ նա եւս բազմահազար հայերի հետ բարձրացել էր Ծիծեռնակաբերդ՝ սումգայիթյան ողբերգությանը զոհ գնացածների հիշատակը հարգելու։ Ոճրագործություններին զոհ էր դարձել նաեւ նրա մայրը՝ Շուշանիկ Հարությունյանը, որին Ժասմենայի խոսքերով, դաժանորեն սպանել են. «Մորս սիրտը չէր դիմացել, երբ տեսել էր, թե ինչպես են ազերիները մի հայ աղջկա բռնաբարում։ Միջամտել էր։ Իրեն էլ, այդ աղջկան էլ անարգել ու դաժանորեն սպանել են»։ 88-ի եղեռնագործությունից արդեն 15 տարի է անցել, սակայն ադրբեջանցիները կարողացել են «մարսել» իրենց «հերոսությունը»։ Սգո երթին մասնակից բանախոսների բնորոշմամբ, 15 տարի առաջ Ադրբեջանի հայ ազգաբնակչությանը ահաբեկելու, տարածքից արտաքսելու, նրանց նկատմամբ արյունահեղ գործողություններ իրականացնելը միայն մեկ նպատակ էր հետապնդում, այն է՝ խեղդել Ղարաբաղի ազգային-ազատագրական շարժումը։ Հայաստանի գրողների միության նախագահ Լեւոն Անանյանը, մյուսների նման դատապարտելով սումգայիթյան եղեռնագործությունը, նշեց, որ ոճրագործությունը բոլոր հատկանիշներն ուներ ՄԱԿ-ի 1988թ. համաձայնագրով որակվելու որպես ցեղասպանություն։ Սակայն ժամանակին չստացավ իր քաղաքական գնահատականը, որոնք էլ մատուցվեցին իբրեւ խուլիգանական սպանություններ։ Միջոցառմանը բարձրաձայն խոսվեց նաեւ Սումգայիթի երբեմնի բնակիչներ Մելքումյանների ընտանիքի մասին։ Կենդանի է մնացել նրա միայն մեկ անդամը՝ Սերգեյ Մելքումյանը։ Իսկ մինչ Զորի Բալայանը ներկայացնում էր վերջիններիս ընտանիքի դաժան ճակատագիրը, զորակոչային տարիքի ենթակա Ս. Մելքումյանից տեղեկացանք. «Մեր ընտանիքից հինգ հոգու սպանել են, իսկ ինձ ասում են գնա ծառայիր։ Ողջ մնացածներին ես պետք է, չէ՞, կերակրեմ»։ Փոխքաղաքապետ Վարդան Վարդապետյանն էլ գտնում էր, որ միջազգային կազմակերպություններն ու հանրությունը պետք է ժամանակին դատապարտեին այս ոճրագործությունը. «Եթե դա արվեր, ապա չէին կրկնվի այն բոլոր ահաբեկչությունները, որի գագաթնակետը եղավ սեպտեմբերի 11-ը»։ Չնայած երթի նպատակը սումգայիթյան զոհերի հիշատակը հարգելն էր, սակայն մասնակիցներից մեկը, օգտագործելով «պատմական պահը», «ամոթանք» տվեց Արշակ Սադոյանին՝ «ազգապառակտիչ հայտարարություններ» անելու համար. «Բաքվեցի, կիրովաբադցի ու սումգայիթցի էր բաժանում։ Հայը հայ է։ Ժողովրդին չպետք է տարբերակեն բնակավայրերով»։ ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել