Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՈՂՄԱՂԱՑՆԵՐԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է

Մարտ 01,2003 00:00

ՀՈՂՄԱՂԱՑՆԵՐԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է Կամ քաղաքականությունը դեռ մեր խելքի բանը չէ 1997 թվականի ամռանը, երբ ընդդիմադիր քաղաքական ուժերը «պարզել» էին, թե երկրում տեղի ունեցող բոլոր արատավոր երեւույթներն ու գործընթացները պայմանավորված են բացառապես իշխող վարչախմբի գործունեությամբ եւ իրենց քարոզչամիջոցներով ու ակտիվ միջոցառումներով հանրությանը հետզհետե վարժեցնում էին այն մտքին, որ բավական է նախագահը հեռանա իշխանությունից՝ երկրում ամեն ինչ կկարգավորվի, թերթերից մեկում հանդես եկա «Ակտիվորեն պայքարենք հողմաղացների դեմ» վերնագիրը կրող հրապարակումով, ուր համոզմունք հայտնեցի, թե մեր իշխանությունները ոչ թե չարիքի պատճառն են, այլ սոսկ հետեւանքը, եւ չարիքի արմատներն այլ տեղ է հարկավոր փնտրել։ Միաժամանակ կարծիք հայտնեցի, որ եթե Լեւոն Տեր-Պետրոսյանը հեռանա ու տեղի ունենա հանրության երազած իշխանափոխությունը եւ ընդդիմադիր ուժերը գան իշխանության, ապա այդ դեպքում ժողովրդին մտահոգող հարցերը չեն լուծվելու, իշխանափոխությունն էական ազդեցություն չի ունենալու իրավիճակի կարգավորման վրա։ Նման ենթադրության ինձ մղել էր մեր ժողովրդի պատմության, տարածաշրջանի աշխարհաքաղաքական իրավիճակի, հասարակարգի փոփոխությանն անխուսափելիորեն ուղեկցող բարդությունների համադրման համեմատությունը իշխանության համար պայքարող ուժերի հրապարակած փրկության ծրագրերի հետ։ Իմ այդ մտքերի համար այն ժամանակվա ազդեցիկ, ընդդիմադիր թերթերից մեկի կողմից արժանացա խիստ քննադատության եւ որակվեցի որպես ժողովրդին մոլորեցնող՝ իբր թե միտումնավոր շեղում եմ հանրության ուշադրությունն օրվա գլխավոր խնդրից՝ իշխող վարչախմբի տապալումից։ Այսօր արդեն առավել քան ակնհայտ է, որ ժողովրդին մոլորեցնողներն իրականում նրանք էին, ովքեր իրավիճակի ողբերգականության իրական պատճառները որոնելու եւ ճշմարիտ ելք առաջարկելու փոխարեն, դիտավորյալ կամ ակամա հասարակական կյանքի բոլոր դժվարությունները պայմանավորում էին մի քանի անձերի վարքով։ Բումերանգ Այսօրվա ընդդիմությունը 1998 թ. իշխանափոխության ժամանակ իր գրեթե ողջ կազմով աջակցեց ներկայիս նախագահին եւ ապա հուսադրեց հասարակությանը, թե իրավիճակը երկրում շուտով կկարգավորվի։ Իշխանափոխությունից հետո այդ ուժերը, առաջին նախագահի անհաջողությունների իրական պատճառները որոնելու փոխարեն, ինչը կօգներ նրանց խուսափել հետագա բարդություններից, միմյանց հետ սկսեցին կռվել, թե ո՛վ ավելի թունդ քաղաքական գնահատական կտա նախորդ իշխանություններին՝ հասարակական կյանքում նկատվող բոլոր արատների համար մեղադրելով Տեր-Պետրոսյանին ու նրա մերձավոր շրջապատին։ Այդ պահից արդեն ինձ համար պարզ էր նրանց ծրագրերի անիրականանալիությունը եւ 1998թ. հունիսին, երբ նորընծա նախագահի պաշտոնավարության հարյուր օրը դեռ չէր բոլորել ու հաղթանակած ուժերը էյֆորիայի մեջ էին, «Հայաստանի Հանրապետություն» թերթում ներկայացրի, թե ինչ ճակատագիր է սպասվում նոր իշխանություններին. «Նոր իշխանությունները փութաջանորեն, հատկապես սկզբնական շրջանում, կմշակեն իրավիճակը բարվոքելուն միտված կոնկրետ ծրագրեր, առաջ կքաշեն նոր գաղափարներ։ Սակայն այդ ծրագրերն ու գաղափարներն իրականացնելիս նրանք դժվարություններ կունենան, քանի որ դյուրին չի լինի պայքարել հասարակական արատների դեմ։ Նույն այդ պատճառով նշված ծրագրերը կամ կտապալվեն, կամ կիրականանան մասնակիորեն եւ էական արդյունք չեն տա, իսկ գաղափարներն աստիճանաբար կխեղաթյուրվեն եւ կվարկաբեկվեն։ Նրանց նշանակած կադրերը հետզհետե կխայտառակեն նրանց, եւ սեփական հեղինակությունը փրկելու նպատակով ստեպ-ստեպ կփոխեն կադրերին։ Սակայն ամեն անգամ կհայտնաբերեն, որ նշանակված քառասուն պաշտոնյաներից երեսունութը անմաքուր ձեռքեր ունի եւ հիմնականում իր գրպանները լցնելու մասին է հոգում։ Մինչ այս, մինչ այն, ժամանակ կանցնի, կյանքում էական փոփոխություններ չեն արձանագրվի, եւ հասարակությունը կսկսի տրտնջալ։ Ընդդիմությունը կորսա հարմար պահը, վարպետորեն տրտունջը կվերածի բողոքի, երթեր ու հանրահավաքներ կկազմակերպի, իշխանություններին կմեղադրի ապազգայնության, ամլության եւ այլնի մեջ, բոլոր դժվարությունները կպայմանավորի նոր իշխանությունների ապաշնորհությամբ, իսկ բազմությունը կծափահարի եւ հրաժարական կպահանջի։ Կյանքն իսկապես բարվոքելուն ձգտող եւ այդ նպատակին հասնելու համար ջանքեր չխնայող նոր իշխանությունները չեն ընդունի «բոլոր դժվարությունների մեղավոր» որակումը, իրենց հերթին ընդդիմությանը կմեղադրեն աշխարհաքաղաքական բարդ իրավիճակում ներքին կյանքն ապակայունացնելու մեջ։ Դրան ի պատասխան, ընդդիմությունը կսաստկացնի գրոհը եւ քաղաքականությունից ու սեփական անցյալից գլուխ չհանող հասարակության մեջ կձեւավորի վառ արտահայտված, անհանդուրժողականության հասնող հակաիշխանական տրամադրություններ։ Անկարող լինելով (նաեւ՝ իշխանական համակարգի օրավուր անբարոյականացման պատճառով) համարժեք քարոզչություն հակադրելով՝ շտկել վիճակը, նոր իշխանությունները, դեռեւս նպատակ ունենալով բարվոքել սոցիալական վիճակը, սկզբում կարհամարհեն ընդդիմությանը, հետո զգալով, որ իրենց ոտքի տակի հողը փախչում է, նախ կգնան մանր ու մեծ սադրանքների, ապա կնեղեն ընդդիմության քարոզչամիջոցներին։ Իրավիճակից կախված՝ գուցե եւ թերթեր փակեն ու կուսակցություններ արգելեն։ Կսահմանափակեն նաեւ պետական թերթերի ազատությունը: Լարվածությունը հատկապես կսրվի ԱԺ ընտրություններից առաջ։ Իշխանությունները ներքուստ ժամանակավրեպ կհամարեն ազատ ընտրությունները, քանի որ, իրենց կարծիքով, ազատ ընտրությունների արդյունքում կհաղթանակի ոչ թե ճշմարտությունը, այլ հույզերը, եւ ամեն կերպ կկաշկանդեն ընտրությունների ազատությունը։ Իրենց այդ քայլը իրենք կհամարեն արդարացված, բայցեւայնպես, դրանից հետո արագորեն կհեղինակազրկվեն։ Նրանք վերջին ճիգերը կգործադրեն դրական տեղաշարժեր ապահովելու համար, բայց արագությամբ կհամոզվեն, որ ժառանգություն ստացած, մասամբ էլ իրենց կողմից կազմավորված իշխանության արատավոր համակարգն ընդունակ չէ առաջընթաց ապահովել։ Նրանց ծրագրերն աղմուկով կտապալվեն։ Անվստահություն եւ անհուսություն կհամակի նրանց եւ նրանք կսկսեն չհարգել հասարակությանը, ներքուստ մեղադրելով նրան անկառավարելի լինելու մեջ։ Եվ պառակտում կսկսվի նրանց մեջ։ Իրենք էլ չեն նկատի, որ հասարակության արատները թափանցել են նաեւ նոր իշխանությունների շրջանակներից ներս։ Այդ պահից սկսած նոր իշխանությունները կդառնան ոչ միայն բացարձակապես ավելորդ, այլեւ առաջընթացի խոչընդոտ։ Ստեպ172ստեպ ահազանգ հնչեցնող ներքին ընդդիմություն կառաջանա նրանց մեջ, որը կօտարվի, իսկ սկզբունք ունեցած օտարվածներին փոխարինելու կգան հլու172 հնազանդները, հաշվենկատները, ճարպիկները, քծնողները։ Աստիճանաբար նրանք մեծամասնություն կկազմեն։ Այդժամ արդեն մոռացության կմատնվեն բարեփոխումների ծրագրերն ու գաղափարները, որ հռչակվել էին իշխանության գալով։ Ամեն գնով իշխանությունը պահելը կդառնա գերխնդիր։ Դա կլինի արդեն նախագահական ընտրությունների շեմին»։ Ի՞նչ է փոխվել Թե ո՞ր չափով են իմ մռայլ կանխատեսումներն իրականություն դարձել, թող ընթերցողը դատի, սակայն դա չէ կարեւորը։ Եթե հնարավոր է կանխատեսել, թե որպիսի տխուր զարգացումներ են լինելու երկրում, ապա դա ապացույց է այն իրողության, որ իրականում երկիրը կառավարում են ոչ թե իշխող քաղաքական ուժերը, ոչ թե նախագահը, այլ հզոր ինչ-ինչ երեւույթներ։ Հինգ տարի առաջ հայաստանյան քաղաքական ուժերը հասու չէին պարզելու այդ երեւույթների էությունը։ Հասու չեն նաեւ այսօր, ու նրանք, ովքեր 1998172ին Ռոբերտ Քոչարյանից դժգոհում էին իրենց գրած, նախկիններին «ոչնչացնող», քաղաքական գնահատականը չպաշտոնականացնելու համար, այսօր հրապարակներում ընթերցում են հնգամյա վաղեմության իրենց գլուխգործոցը՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի անունը հընթացս փոխելով Ռոբերտ Քոչարյանի անունով։ Ինչպես ժամանակին, այնպես էլ հիմա, բացարձակ չեմ կասկածում երկիրը կարգի բերելու ընդդիմության ձգտումներին, բայց հանրությանը ներկայացվող նրանց փրկության ծրագրերը համեմատելով մեր պատմությամբ, տնտեսակարգի փոփոխությամբ պայմանավորված հասարակական արատների հետ, ինչպես վեց տարի առաջ, նույնպես եւ հիմա, համոզված եմ, որ հանրության գերակշիռ մասի բացահայտ կամ թաքուն երազած իշխանափոխությունը էական ագդեցություն չի ունենալու երկրի ներքին իրավիճակի կարգավորման վրա։ Ինչպես վեց տարի առաջ, նույնպես էլ հիմա, համոզված եմ, որ ինքնանպատակ իշխանապահպանությունը եւս էական դրական տեղաշարժ չի բերելու երկրին, ինչպես չբերեց 1996թ. սեպտեմբերից հետո։ Եվ ընդհանրապես, Հայաստանում էական դրական փոփոխություններ չեն լինի եւ վերոբերյալ կանխատեսումը կիրառելի կլինի բոլոր հին ու նոր իշխանությունների համար, քանի դեռ քաղաքական միտքը չի հասունացել՝ հասկանալու համար, թե ամենազոր այդ ի՞նչ երեւույթներ են կառավարում երկիրը եւ աներեւույթ ի՞նչ ականների վրա են պայթում մեր նախագահները։ ԱՐԾՐՈՒՆ ՊԵՊԱՆՅԱՆ Հ. Գ. Ականների մասին՝ հաջորդիվ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել