Լրահոս
Օրվա լրահոսը

Բանավե՞ճ, թե՞ ասուլիս

Մարտ 04,2003 00:00

Բանավե՞ճ, թե՞ ասուլիս ՀԺԿ լրատվական ծառայության ղեկավար Ռուզան Խաչատրյանը երեկ լրատվամիջոցների ներկայացուցիչներին հայտնեց, որ ՀԺԿ նախագահը հրավիրում է ՀՀ գործող նախագահին հեռուստաբանավեճի, հեռուստաերկխոսության։ Հարցը հետեւյալն է. մոտավորապես երկու շաբաթ է, հանրությունը լրատվական տեռորի եւ շանտաժի է ենթարկվում այս չարաբաստիկ հեռուստադեբատների հետ կապված։ Ուզում եմ ձեզ հիշեցնել, որ երբ դեռ առաջին փուլում խոսակցություն գնաց այն մասին, որ Ստ. Դեմիրճյանին հրավիրում են Հանրային հեռուստատեսության «Օրակարգից դուրս» ծրագրին մասնակցելու, որի հյուրը պետք է լիներ նաեւ Վարդան Օսկանյանը, մենք միանշանակ պատասխանեցինք, որ նախագահի թեկնածուն կարող է դեմառդեմ հանդիպել միայն նախագահի մյուս թեկնածուի հետ։ Շահարկումներ եւ տարբեր մեկնաբանություններ գնացին այդ կապակցությամբ։ Երկրորդ փուլ հայտարարելուց հետո մամուլը հեղեղվեց հեռուստաբանավեճերի թեմայով։ Ըստ որում, «հեռուստաբանավեճ» տերմինը օգտագործում են հենց իշխանության լրատվամիջոցները։ Որեւէ պաշտոնական դիմում-հրավեր անձամբ Ստեփան Դեմիրճյանին կամ իր նախընտրական շտաբին չի եղել։ Ուրբաթ օրը արդեն ես ինքս զանգահարեցի Ալիկ Հարությունյանին եւ խնդրեցի պարզաբանել՝ արդյո՞ք մենք մամուլից պետք է իմանանք, արդյո՞ք կարգը չի թելադրում, որ պետք է պաշտոնական դիմում լինի։ Սրան ի պատասխան, հետեւեց՝ որ դեռ փետրվարի 26-ին իբր այդպիսի նամակ-հրավեր ուղարկվել է ԿԸՀ երկու թեկնածուների հրավերով (այդ նամակը ՀԺԿ նախընտրական շտաբը ստացել էր երեկ- Մ Ե.)։ Ես զանգահարեցի պրն Սահրադյանին, որպեսզի ճշտեմ (ես ինչո՞ւ եմ այսքան մանրամասն պատմում, որպեսզի ձեզ համար պարզ լինի, որ մենք ամեն ինչ արել ենք, որ այդ հեռուստաբանավեճը կայանա), պատասխան հնչեց, որ ֆաքս են ուղարկել։ Մենք որեւէ ֆաքս չէինք ստացել։ Երեկ, ժամը 13:50-ին մենք ստանում ենք ֆաքս ԿԸՀ-ից, որտեղ գրված է, որ այսօր (երեկվա մասին է խոսքը) ժամը 14-ին ձեզ հրավիրում ենք ԿԸՀ՝ հանդիպելու Հ1-ի տնօրեն Արմեն Արզումանյանի հետ, որպեսզի քննարկվի հեռուստաբանավեճի հարցը։ Հետեւում է հաջորդ քայլը՝ ես զանգահարում եմ Արմեն Արզումանյանին եւ ասում, որ, բնականաբար, 10 րոպեի ընթացքում դա կարգավորել հնարավոր չէ։ Մենք պայմանավորվում ենք երեկոյան հանդիպել։ Ժամը 18-ին զանգահարում եմ Արմեն Արզումանյանին (ես ներողություն եմ խնդրում, որ ստիպված եմ մանրամասն այդ ամենը ձեզ ներկայացնել) եւ ասում եմ, որ արդեն պատրաստ եմ իր հետ հանդիպել։ Նա պատասխանեց, որ այս պահին տեսագրվում է «Օրակարգ» ծրագիրը, եւ ինքն է զբաղված, ծրագիրը պատրաստ լինելուց հետո կզանգահարեմ, կհանդիպենք ոչ ձեր շտաբում, չեզոք գոտում։ Ժամը 19:30-ին նորից խոսեցինք Արմեն Արզումանյանի հետ, «Օրակարգը» արդեն տեսագրված էր, նա ազատ էր, պայմանավորվեցինք 20-ին հանդիպել շատ «նեյտրալ» գոտում՝ «Կայմ» հեռուստաընկերությունում։ Այդ պայմանն էլ մենք ընդունեցինք՝ ուզում եք՝ «Կայմում», ուզում եք՝ Ռ. Քոչարյանի նախընտրական շտաբում։ Ժամը 20-ին մենք հանդիպեցինք, ես ասացի, որ պատրաստ ենք գնալ հեռուստաբանավեճի՝ դեմառդեմ եւ ինչպես բոլոր քաղաքակիրթ երկրներում դեռ ընդունված է, այդ բանավեճը տեղի է ունենում այսպես՝ երկու թեկնածուները դեմառդեմ զրուցում են, բանավիճում են, ինչպես վերնագիրն է դա թելադրում, եւ լրագրողը (ես շեշտեցի, թե մեզ համար միեւնույն է, ով է դա լինելու) պարզապես վարում է ընթացքը։ Ինձ մոտ տպավորություն ստեղծվեց, որ Ա. Արզումանյանը անակնկալի էր եկել։ Պատասխանը հետեւյալն էր՝ որ վեց հեռուստաընկերություններ պետք է մասնակցեն, եւ այդ ընկերությունների լրագրողները հարցեր են տալու թեկնածուներին։ Ինքներդ եք հասկանում, որ այս ձեւը չի կոչվում բանավեճ։ Սա պարզապես համատեղ մամուլի ասուլիս է, ինչը պարզապես անհեթեթություն է»։ Մ. ԵՍԱՅԱՆ Հ. Գ. Երեկ, այնուամենայնիվ, տեղի ունեցավ երկու թեկնածուների հանդիպումը իշխանամետ հեռուստաընկերությունների ներկայացուցիչների հետ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել