Լրահոս
Օրվա լրահոսը

Գործազրկության աճ՝ լավագույն տարբերակով

Մարտ 05,2003 00:00

Գործազրկության աճ՝ լավագույն տարբերակով Արդեն մեկնարկել է կրթական ոլորտի՝ միջնակարգ դպրոցների օպտիմալացման ծրագիրը։ Պաշտոնական աղբյուրներն այն ներկայացնում են որպես դպրոցի բարեփոխման լավագույն տարբերակ։ Տարեցտարի աշակերտների նվազող հոսքի պայմաններում օպտիմալացումը նախատեսում է փոքրաթիվ աշակերտական կազմ ունեցող հանրակրթական օջախների փակում մի կողմից, մյուս կողմից էլ ինքնակառավարմանն անցում՝ ըստ աշակերտների թվի անհատական ֆինանսավորման։ Ինչպես եւ կանխատեսվում էր, ծրագրի առաջին արդյունքը լինելու է գործազուրկ ուսուցիչների աճի մեծացումը։ Այսպիսով, բավական բարեհաջող սեզոն է բացվել կրճատումների համար, եւ ուսուցիչների մեծ մասը, ում դիրքը դպրոցում հաստատուն չէ, լուրջ անհանգստացած են։ Իսկ 8-12 հազար դրամ աշխատավարձ ստացող դպրոցների տնօրենների համար նոր առիթ է ներկայանում հարստանալու։ Այսպես, շարքային ուսուցչուհիների դժգոհությունը, թե կարող են զրկվել թեկուզ ցածր վարձատրվող աշխատատեղից, մեծ է։ Բյուջետային հիմնարկներին հատուկ եղանակով, յուրաքանչյուր առիթի դեպքում՝ օգտագործելով առկա կրճատման վտանգը, ղեկավարությունը հատուկ կաշառք է սահմանում։ Այսպիսով, հստակ է, որ կկրճատվեն հատկապես կաշառքը չմուծող ուսուցիչները։ Այսինքն, դպրոցների ինքնաֆինանսավորման եղանակին անցումը իրագործվում է հատկապես աշխատատեղի ամրապնդման տեսանկյունից։ Արդարացի լինելու համար հարկ է նշել, որ «ինքնաֆինանսավորման» այս եղանակը դպրոցներում կիրառվում էր մինչ օպտիմալացումը, վերջինս դրա կենսագործման համար եւս մեկ առիթ դարձավ։ Զորօրինակ, ուսուցիչը թե՛ մայրաքաղաքում, թե՛ մերձակա գյուղական շրջաններում աշխատանք ձեռք բերելու համար համապատասխան ուսումնական հաստատության տնօրենին պիտի կաշառի։ Օրինակ, մայրաքաղաքի տարբեր դպրոցների համար գոյություն ունի կաշառքի որոշակի չափ. գրաֆիկը սահմանված է ըստ դպրոցի վարկանիշի։ Գումարի չափը ըստ դպրոցի տեղի, դիրքի, վարկանիշի մեծության՝ տատանվում է 50-800 դոլարի սահմաններում։ Նույնատիպ գրաֆիկ է գործում այն ծնողների համար, ովքեր ցանկանում են իրենց զավակներին լավագույն դպրոցն ընդունել։ Եվ այս երեւույթը «պատճառաբանված» է. չէ՞ որ հանրապետությունում առկա է ուսուցիչների գերառաջարկ, որը կազմում է 10-15 հազար։ Այս թիվն անհամեմատ աճելու է օպտիմալացումից հետո։ Իսկ, ինչպես նշում են իրենք՝ շարքային ուսուցիչները, «չեն օպտիմալացվի» այն մասնագետները, ովքեր երեւանյան միջին դպրոցի տնօրենին միջինը 100 դոլարով կկաշառեն։ Ստացվում է, եթե ուսուցիչը պատրաստ է իր աշխատավարձից տասնապատիկ ավելի գումար զոհաբերել աշխատատեղը պահպանելու համար, ուրեմն նա համոզված է, որ գումարը ետ է բերելու։ Այսինքն, կրկին թեթեւանալու են ծնողների գրպանները, կավելանա դպրոցներում դրամահավաքը։ Թեեւ, ինչպես վերը հիշատակվեց, ուսուցիչների գերառաջարկի պայմաններում, սահմանամերձ շրջանների դպրոցները տառապում են մինչեւ իսկ հանրակրթական առարկաների գծով մասնագետ կադրերի քրոնիկական պակասից։ Սահմանամերձ շրջաններում մոտ 2000 ուսուցչի կարիք կա, միայն Սյունիքում՝ 400։ Այստեղ գործում են դպրոցներ, ուր դասավանդում են տվյալ տարվա շրջանավարտները։ Սյունիքում՝ Կապանում, Մեղրիում կան 7-8 գյուղեր, որոնք դպրոց չունեն։ Ի դեպ, հանրապետության մասշտաբով մինչ ամենափրկիչ օպտիմալացման ծրագրի կենսագործումը, ինքնըստինքյան արդեն իսկ 1988-2000 թթ. փակվել է 9 դպրոց։ ԼՈՒՍԻՆԵ ՏԵՐՏԵՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել