Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՆԻՐԱՎԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻ ՕՐԵՆՔՆԵՐԸ

Մարտ 05,2003 00:00

ԱՆԻՐԱՎԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻ ՕՐԵՆՔՆԵՐԸ ՄԱԿ-ի կանոնադրության հիմնարար սկզբունքներում ԵԱՀԿ հռչակագրի սկզբունքներից բացակայում է միայն սահմանների անձեռնմխելիության սկզբունքը։ Համաձայն այդ սկզբունքի, գռեհիկ ձեւով ձեւակերպված իմաստաբանության ԵԱՀԿ մասնակից պետությունները իրենց սահմանները դիտարկում են անձեռնմխելի (անխախտելի), սկսած 1975 թվականից մինչեւ ԵԱՀԿ լուծարումը կամ չլուծարման դեպքում՝ մինչեւ աշխարհի կործանումը։ Այստեղից ստանում ենք, որ, մասնավորապես, Հայաստանը կամ (եւ) Թուրքիան մինչ օրս պարտավոր են ճանաչել ԽՍՀՄ սահմանները՝ միմյանց նկատմամբ իրավական դաշտում զրկված լինելով միջազգային իրավունքից բխող պահանջատիրությունից։ Անիրավական աշխարհի օրենքներից հետեւող նման անհեթեթություններից խուսափելու միակ ելքը անձեռնմխելիության սկզբունքի ճիշտ մեկնաբանումն է։ Իրականում, այդ սկզբունքներով ԵԱՀԿ մասնակից պետությունները ճանաչում են տվյալ պահին ձեւավորված միմյանց սահմանները եւ նրանց արգելվում է մասնակից պետության սահմանների նկատմամբ կամայական իրականացնել որեւիցե ոտնձգություն, ինչպես նաեւ կատարել այնպիսի գործողություններ կամ ներկայացնել այնպիսի պահանջներ, որոնք ուղղված են մեկ այլ մասնակից պետության տարածքների գրավմանը եւ բռնատիրմանը։ Մյուս կողմից, այս ամենը ընդգրկված է տարածքային ամբողջականության սկզբունքի դրույթների (նորմների) մեջ։ ՄԱԿ-ի կանոնադրությունում եւ ԵԱՀԿ սկզբունքներում ամրագրված այդ սկզբունքի մեկ այլ դրույթ բոլոր պետություններին արգելում է կամայական պետության տարածքային ամբողջականության դեմ իրականացնել այնպիսի գործողություններ, որոնք անհամատեղելի են ՄԱԿ-ի կանոնադրության սկզբունքների հետ։ Հաշվի առնելով միջազգային իրավունքի նաեւ մյուս սկզբունքները՝ այլաբանորեն կարող ենք պնդել, որ նշված երկու սկզբունքները, բացի փոխադարձ պայմանավորվածության, ՄԱԿ-ի ԱԽ-ի որոշմամբ թույլատրված եւ ինքնորոշմամբ անկախության ճանաչման դեպքերի, պետություններին զրկում են որեւիցե այլ ձեւով մեկը մյուսի սահմանը վերաձեւավորված համարելու իրավունքից։ Ընդ որում, նույնպես ՄԱԿ-ի կանոնադրությունում ամրագրված ինքնորոշման սկզբունքը, որն ուժեղացված տարբերակով մտցված է նաեւ ԵԱՀԿ սկզբունքների մեջ որպես ժողովուրդների իրավահավասարության եւ սեփական ճակատագրի տնօրին-սկզբունք, որեւիցե պետության սահմանների շտկման իրավունքը վերապահում է նույն պետությունում օրինական ձեւով բնակվող ժողովրդին իր ինքնորոշման (կամ սեփական ճակատագրի տնօրինման) սկզբունքի կայացմամբ։ Եվ ավելին, իրավահավասարության սկզբունքում մասնավորապես ասված է, որ գործելով նաեւ տարածքային ամբողջականության դրույթներին համապատասխան, բոլոր ժողովուրդները լրիվ ազատ պայմաններում, ինչպես եւ երբ ցանկանում են, իրավունք ունեն որոշելու իրենց ներքին եւ արտաքին քաղաքական կարգավիճակը առանց դրսից միջամտության եւ իրականացնելու քաղաքական, տնտեսական, սոցիալական եւ մշակութային զարգացումը սեփական հայեցողությամբ։ Բայց քանի որ անիրավական աշխարհի օրենքներով ամեն մի ինքնորոշվող ժողովուրդ օժտված չէ ինքնիշխանության ձեռքբերման իրավունքով, ապա դա, նրանց օրենքներով, անհրաժեշտության դեպքում միայն պետական ինքնիշխանությանը բնորոշ իրավունք է, իսկ մեր մոլորակի ժողովուրդների քանակը հավասար է պետությունների քանակին։ Սակայն մեզ համար պետք է պարզ լինի, որ ոչ միայն նշված սկզբունքները, այլեւ միջազգային իրավունքի մնացած սկզբունքներն ու նրանցում արծարծված դրույթները հետապնդում են խաղաղ գոյակցման նպատակներ։ Մինչդեռ վաղուց ի վեր ժողովուրդների անդորը խախտողները գրեթե բոլոր տեղեկատվական դաշտերում աշխարհին անընդմեջ ներկայանում են որպես միջազգային իրավունքի ջատագովներ։ Համաձայն ԵԱՀԿ սկզբունքների հռչակագրի, այդ կազմակերպությանը ամրագրված յուրաքանչյուր պետություն պարտավորվել է ինչպես փոխադարձ, այնպես էլ մյուս պետությունների հետ հարաբերություններում առաջնորդվել ՄԱԿ-ի կանոնադրությանը համահունչ՝ ինքնիշխանության հավասարության, ուժի սպառնալիքի կամ ուժի չկիրառման, սահմանների անձեռնմխելիության, տարածքային ամբողջականության, վեճերի խաղաղ կարգավորման, ժողովուրդների իրավահավասարության եւ այլ, թվով 10 սկզբունքներով։ Բայց 20-րդ դարի վերջերից սկսած, միաբեւեռ աշխարհի պարագլուխը, լինելով ԵԱՀԿ անդամ պետություն, մինչ օրս իր գործելակերպով պարբերաբար անտեսում կամ ոտնահարում է ԵԱՀԿ բոլոր սկզբունքները, ու դեռ ավելին։ Ո՞վ չգիտի, որ զինված ուժերի օգտագործման բացառիկ իրավունքի լիազորումը պատկանում է միմիայն ՄԱԿ-ի ԱԽ-ին կամ՝ որ ՄԱԿ-ի ԱԽ-ն միակ մարմինն է, որի որոշումները պարտադիր են բոլոր պետությունների համար։ Նա էլ գիտի, սակայն անտեսում ու ոտնահարում է նաեւ ՄԱԿ-ի կանոնադրության հիմնարար սկզբունքները։ Դրանում համոզվելու համար պարզապես մտաբերեք Հարավսլավիայի կամ Իրաքի շուրջ տեղի ունեցած իրադարձությունները։ Հարց է ծագում. արդյո՞ք իմաստ ունի նման պետություններից ակնկալել հայոց ցեղասպանության կամ արցախահայության բեկորների ինքնորոշման իրավունքի հարգումը։ Իհարկե ոչ։ Եվ պարզ է, որ այդ ոճով ներկայիս աշխարհում երկար գործել անհնար կլինի։ Ուստի, ի հակադրումն անիրավական բեւեռի, անհրաժեշտ է քայլեր կատարել իրավական բեւեռի ստեղծման ուղղությամբ։ Ըստ որում, մեր օրերում իրաքյան ճգնաժամի կապակցությամբ տեղի ունեցող ոչ ստանդարտ քայլերը որոշ երկրների կողմից, հավանաբար, վկայում են ցանկալի գործընթացի ծագման օգտին։ Միանշանակ պետք է լինել այդ քայլերը կատարողների կողքին, քանի որ ԱՄՆ-ն գործի է դրել անիրավական աշխարհի բոլոր օրենքները։ Հակադրելով խաղաղ գոյակցման միեւնույն նպատակը հետապնդող անհակասական տարբեր սկզբունքներ՝ ներառյալ ինքնորոշման եւ ամբողջականության կամ մարդու իրավունքների հարգման եւ ներքին գործերին չմիջամտելու սկզբունքները, այդ աշխարհը պարբերաբար ժողովուրդներին «ապացուցում» եւ մատուցում է իր գլխավոր օրենքը, ըստ որի, արգելված չէ միջազգային իրավունքով արգելված երկակի ստանդարտների քաղաքականությունը, ընդհուպ մինչեւ միջազգային իրավունքով մարդուն տրված աշխատանքի եւ կյանքի իրավունքների հարցերում։ Այսպես, օրինակ, կոնգրեսում ունեցած ԱՄՆ նախագահի միայն վերջին երկու ելույթների միջեւ ընկած ժամանակահատվածում 100 հազարից ավելի ամերիկացիների զրկել են աշխատանքից, մատուցելով միջազգային իրավունքին հակասող այդ փաստը որպես բնական երեւույթ, այլ ոչ թե գերշահույթներից չզրկվելու միջոց։ Այնպես որ, հարկ չկա զբաղվել միջազգային իրավունքում առկա անփույթ ձեւակերպումների, ինչու չէ, նաեւ հակասությունների եւ այլ ոչ ձեռնտու խնդիրների լուծմամբ։ Նրանք պատրաստ են վերացնել նույնիսկ սեփական նախագահին, եթե վերջինս փորձի գործել իրավական դաշտում։ Ձեւակերպենք այդ աշխարհի եւս մի քանի օրենքներ. «Պատերազմը արգելված չէ որպես միջազգային իրավունքով արգելված վեճերի կարգավորման միջոց» կամ՝ «Քուրդ ժողովուրդը սեփական պետություն ստեղծելու իրավունք չունի որպես ինքնորոշման իրավունքի կրող» եւ այլն։ Ակնհայտ է, որ միայն իրավական բեւեռի ստեղծմամբ նորագաղութատիրական ձգտումները կասեցնելով՝ կունենանք ապագա։ ՍՈՍ ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել