Լրահոս
Օրվա լրահոսը

Իրաքի վերջին զիջումը

Մարտ 05,2003 00:00

Իրաքի վերջին զիջումը Փորձելով օգտագործել խաղաղ ելքին հասնելու վերջին հնարավորությունը, Իրաքը մարտի 1-ից տեսուչների պահանջով սկսեց ոչնչացնել 150 կիլոմետրից ավելի հեռահարություն ունեցող հրթիռները։ Շատերին թվաց, որ այդ քայլը կարող է կանխել պատերազմական զարգացումը։ Իրաքյան զինվորականների վկայությամբ, եթե այդ հրթիռների վրա տեղադրվեն մարտական գլխիկներ եւ անհրաժեշտ սարքավորումներ, ապա դրանք 150 կմ-ից ավելի թռչել չեն կարողանա։ Սակայն Իրաքը ընդունեց տեսուչների եւ այդ պահանջը՝ աշխարհին ցույց տալու նպատակով իր համագործակցելու եւ զիջումների գնալու պատրաստակամությունը։ Հիշեցնենք, որ տեսուչները փաստորեն ոչ մի լուրջ խախտում Իրաքի կողմից այդպես էլ չհայտնաբերեցին, իսկ ԱՄՆ-ի բերած «փաստարկները» մեկը մյուսի հետեւից փուչ դուրս եկան։ Իրաքը կատարեց տեսուչների եւ Անվտանգության խորհրդի բոլոր (բավականին խիստ) պահանջները եւ որպես պատերազմ սկսելու պատրվակ՝ մնացել էին այդ չարաբաստիկ հրթիռները։ Դրանց ոչնչացումից հետո ԱՄՆ-ն չփորձեց Անվտանգության խորհրդի դռնփակ նիստում քվեարկության դնել Իրաքի վերաբերյալ ՄԱԿ-ի նոր բանաձեւը, որն իրավունք է վերապահում Իրաքի դեմ «ավտոմատ կերպով» ռազմական ուժի կիրառումը։ Պարզ էր, որ խորհրդի վերաբերմունքը բացասական կլինի։ Բազում մեկնաբաններ եզրակացրին, որ պատերազմը առնվազն հետաձգվում է անորոշ ժամանակով։ Սակայն ընդամենը երկու օր հետո ԱՄՆ-ի բարձրաստիճան պաշտոնյաները հայտարարեցին, որ իրավիճակը սկզբունքորեն չի փոխվել, որ Իրաքը վաղուց սպառել է համագործակցելու եւ զինաթափվելու իր ժամանակը տեսչական խմբի հետ։ Իրաքն էլ իր հերթին հայտարարեց, որ եթե պատերազմը բոլոր դեպքերում անխուսափելի է՝ հրթիռների ոչնչացումը պետք է կանգնեցվի, քանզի իրաքյան բանակը պատերազմական գործողությունների շեմին զրկվում է էֆեկտիվ պաշտպանվելու հնարավորությունից։ Համենայնդեպս, Իրաքի ղեկավարության դատողությունները շատ ավելի տրամաբանական են, քան ամերիկյան ղեկավարներինը։ Վերջիններս փաստորեն ասում են, որ սկսելու են պատերազմը՝ ոտնահարելով միջազգային հանրության եւ պետությունների մեծամասնության կարծիքը, որովհետեւ դա իրենց ձեռնտու է եւ որովհետեւ ռազմական մեքենան արդեն մեծ թափ է առել եւ հնարավոր չէ այն կանգնեցնել։ Բրիտանական մամուլը ուղղակիորեն գրում է, որ հավաստի տվյալներով, պատերազմը սկսվելու է տասն օրից ոչ ուշ։ Մինչ այդ ԱՄՆ-ն կդնի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում քվեարկության իր կոշտ բանաձեւը, նախապես մեծ ճնշում գործադրելով խորհրդի անդամ երկրների վրա։ Ամերիկացիները համոզված են, որ իրենց կհաջողվի հավաքել անհրաժեշտ ինը ձայնը եւ որ Ռուսաստանը, Ֆրանսիան եւ Չինաստանը չեն գործադրի իրենց վետոյի իրավունքը, չցանկանալով վերջնականապես խզել հարաբերությունները ԱՄՆ-ի հետ։ Իսկ եթե ո՞չ, թվում է, որ ԱՄՆ-ն եւ Մեծ Բրիտանիան միեւնույն է, կսկսեն պատերազմը՝ վտանգելով բազում երկրների տնտեսական կայունությունը եւ միջազգային իրավունքի ողջ համակարգը։ ՀՀ նախագահի ընտրությունները եւ Իրաքի շուրջ իրավիճակը շեղեցին ուշադրությունը մի այլ՝ մեզ համար հույժ կարեւոր իրադարձությունից։ Փետրվարի 23-ին Ռուսաստանի, Ուկրաինայի, Ղազախստանի եւ Բելառուսի նախագահները լուրջ փաստաթղթեր ստորագրեցին իրական տնտեսական ինտեգրացման վերաբերյալ (ինչ-որ տեղ շրջանցելով նախկինում ստեղծված բոլոր քաղաքական եւ տնտեսական համագործակցության կառույցները)։ Հատկանշական է, որ այս դեպքում նախաձեռնությունը պատկանում էր Ուկրաինային, որն առաջ սովորաբար դիտորդի դեր էր ստանձնում։ Թվում է, Հայաստանը, որը կորցրեց Եվրասիական տնտեսական համագործակցությանը անդամակցելու ժամանակը, այս դեպքում պարտավոր է ամեն ջանք գործադրել՝ դառնալու նոր տնտեսական կառույցի հինգերորդ անդամը։ Անկախ նրանից, թե ով կընտրվի նախագահ, քանզի այդ քայլը բխում է Հայաստանի տնտեսական եւ ազգային անվտանգության շահերից։ ԱԼԵՔՍԱՆԴՐ ԱՂԱՄԱԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել