Լրահոս
Օրվա լրահոսը

ԼԻՆԱՐԵՍՈՒՄ ՍԿՍՎԵԼ Է ՎՃՌԱԿԱՆ ՓՈՒԼԸ

Մարտ 05,2003 00:00

ԼԻՆԱՐԵՍՈՒՄ ՍԿՍՎԵԼ Է ՎՃՌԱԿԱՆ ՓՈՒԼԸ Լինարեսում ընթացող 20-րդ կարգի շախմատային գերմրցաշարը յոթ գրոսմայստերների մասնակցությամբ թեւակոխել է վճռորոշ փուլ։ Մասնագետների ակնկալած սուր ու անչափ գրավիչ պայքարը, եթե կարելի է ասել, իրոք, գործողության մեջ է։ Առաջին շրջանից հետո գրանցված արդյունքները բավականաչափ կանխատեսելի էին, թեեւ եղան նաեւ սենսացիոն բացառություններ, որոնցից ամենանշանակալին վերջին 18 տարիների աշխարհի ուժեղագույն գրոսմայստեր Գարրի Կասպարովի ոչ այնքան հաջող մեկնարկն էր ու երկրորդ տուրում սպիտակներով երիտասարդ Ռաջաբովից կրած պարտությունը։ Սակայն Կասպարովն աստիճանաբար վերագտավ իր խաղը եւ առաջին շրջանի ավարտին սկսեց ցուցադրել այն, ինչ իրականում բնորոշ է իրեն ու ինչ սպասում էին նրա երկրպագուները։ Հիմա մրցաշարի մասնակիցները թեւակոխել են երկրորդ շրջան եւ այս փուլում յուրաքանչյուր միավորի արժեքն անհամեմատ ավելի է մեծացել։ Ու թերեւս դա է պատճառը, որ ութերորդ տուրում մեր ժամանակների չորս ուժեղագույն շախմատիստները միմյանց հետ զույգեր կազմելով որոշեցին ավելորդ ռիսկի չդիմել ու հաշտության դաշն կնքեցին՝ Կասպարովը՝ Կրամնիկի, Պոնոմարյովը՝ Անանդի հետ։ Միայն հավակնորդների մրցաշարի հաղթող Պետեր Լեկոն առավելության հասավ տակավին պատանի Ռաջաբովի նկատմամբ։ 9-րդ տուրում բոլոր երեք զույգերը՝ Ռաջաբով-Կասպարով, Կրամնիկ-Պոնոմարյով, Անանդ-Վալյեխո, բաժանեցին միավորը։ Այստեղ, թերեւս, ամենահետաքրքիրը առաջին զույգի արդյունքն էր։ Թվում էր, թե Կասպարովը պետք է ինչ գնով էլ լինի ձգտեր վերադարձնել Ռաջաբովին առաջին շրջանում կրած պարտության պարտքը։ Սակայն մրցաշարի ամենափորձված ու ամենաանփորձ մասնակիցների պայքարը Լինարեսում ավարտվեց երկու հանդիպումների արդյունքում Ռաջաբովի առավելությամբ։ 9 տուրից հետո մրցաշարային աղյուսակը 5.0 միավորով գլխավորում է Վլադիմիր Կրամնիկը։ Լեկոն, որն այդ օրն ազատ էր, Կասպարովն ու Անանդը վաստակել են 4,5-ական միավոր։ Ռաջաբովն ու Պոնոմարյովն իրենց անվան դիմաց գրանցել են 3.0-ական միավոր։ Իսկ մրցաշարային աղյուսակը 2,5 միավորով եզրափակում է տանտերերի ներկայացուցիչ Ֆրանսիսկո Վալյեխոն։ Երեկ մրցաշարում երկրորդ եւ վերջին հանգստյան օրն էր։ Այսօր 10-րդ տուրում հանդիպելու են Վալյեխո-Կրամնիկ, Պոնոմարյով-Ռաջաբով, Կասպարով-Լեկո զույգերը։ Անանդը ազատ է տուրից։ Ա. ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել