Լրահոս
Օրվա լրահոսը

Մեր կռիվն աթոռը չէր

Մարտ 07,2003 00:00

Մեր կռիվն աթոռը չէր Պարզվում է, որ նախագահական ընտրություններին թեկնածուի կարգավիճակով մասնակցելը հնարավորություն է տալիս լուծել ամենատարբեր խնդիրներ։ Եթե 11 թեկնածուների մեծ մասը որոշել էր օգտվել հնարավորությունից ու տարբեր մակարդակների տեղեր գրավել քաղաքական հարթակում (որին հետեւելու էր տնտեսականը), ապա մի մասն էլ նախագահի թեկնածու էր դարձել, որպեսզի լուծեր իր համար առավել արդիական այլ խնդիրներ՝ կրթական, տեղեկատվական, հետազոտական եւ այլն։ Հենց սրանով էլ պետք է բացատրել նրանց անհամեմատ պասիվ մասնակցությունը նախընտրական, ընտրական ու հետընտրական թոհուբոհին։ Այսպես, օրինակ, «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ, մաթեմատիկոս Արամ Հարությունյանը երկրի նախագահի թեկնածու էր գրանցվել, որպեսզի ազգիս բացատրի ու բացահայտի, թե ինչ ասել է «նախագահական ընտրություններ»։ «Մենք դիտում ենք նախագահական ընտրությունները որպես գաղափարական մրցակցություն, հետեւաբար ես ընդունում եմ ողջ հայ ժողովրդին որպես իմ վստահված անձինք»,- դեռեւս մինչեւ փետրվարի 19-ը ասաց նա, իսկ փետրվարի 24-ին հայտարարեց. «Քանի որ ոչ մի ընտրող մեզ չզանգեց, իսկ ընտրությունների արդյունքները խիստ կասկածելի էին բողոք չստանալու համար, հետեւաբար ես կարծում եմ, որ վստահված անձանց ինստիտուտն անկողմնակալ չէ»։ Իրեն նախագահացուների լավագույն քառյակի մեջ տեղավորած մաթեմատիկոսը մի առանձնահատուկ մաթեմատիկական հնարքով պարզել է, որ 1-ին փուլում իր օգտին հաշվված 1270 ձայնը փոքրացված է անվերջ անգամ։ Չնայած դրան, Արամ Հարությունյանը մխիթարված է այն բանից, որ անվերջ անգամ փոքրացված այդ թվի հետեւում կանգնած են մարդիկ, որոնք հասկացել են, որ նախագահական ընտրությունները պետք է դիտել միայն որպես գաղափարների մրցակցություն։ Ոչինչ, որ այդ թվի մեջ կարող են ամենամեծ տեղը գրավել հարազատ կուսակիցներն իրենց բարեկամներով, պետհամալսարանի նույնքան հարազատ իր ուսանողները եւ այլ հարազատներ։ Ինչեւէ, ՀՀ նախագահի նախկին թեկնածուն պատրաստվում է ապագա ԱԺ ընտրություններին, այս անգամ՝ նոր ստրատեգիայով. «Վստահված անձանց ինստիտուտը չաշխատե՞ց, ոչինչ, հիմա ուրիշ ձեւով կանենք, աջից ձախ չստացվեց՝ կանենք ձախից աջ»,- բազմանշանակ ասաց Արամ Հարությունյանը զրույցի վերջում։ Ինչ վերաբերում է Ռ. Քոչարյանի վերընտրմանը իր վերաբերմունքին, ապա այս հարցում պարոն Հարությունյանի կարծիքն ավելի քան «օրիգինալ» էր. «Ինչ տարբերություն, թե ով է ընտրվել։ Նախագահները կգան ու կգնան, կյանքում մի ընտրություն է կարեւոր, դա էլ՝ ամուսնության ժամանակ»։ Երկրի քաղաքական դաշտում նորահայտ աստղ էր «Միավորված հայեր» կուսակցությունից առաջադրված իրավաբան Ռուբեն Ավագյանը։ Նրա քարոզչության մեխն իր ընտրությունը չէր, այլ՝ հասարակության իրավական գիտակցության բարձրացումը։ «Մենք ընդդիմություն չենք, մենք իշխանություն չենք, մենք երրորդ ուժ ենք, որը ձգտում է երկրում օրենքի գերակայության»,- ի սկզբանե ու մինչեւ վերջ հայտարարում էր նա։ Պարոն Ավագյանի կարծիքով, ընտրությունները դարձան աթոռակռիվ, գործող նախագահը չհասկացավ, որ արդար ընտրությունների անցկացումը պետք է հենց առաջին հերթին իրեն, որպեսզի վերականգնի ժողովրդի հավատը երկրում արդարության նկատմամբ։ Ընտրակեղծիքների առատությունը հասկացնել է տվել «Միավորված հայեր»-ին, որ ԱԺ ընտրությունները նույնպես անցնելու են կեղծիքներով եւ նման պայմաններում իրենց դժվար հաջողվի 5% անհրաժեշտ քվեի ապահովումը։ Պատգամավորական ընտրություններին մասնակցելը հարցականի տակ է, ուստի իրավաբանը միառժամանակ թողել է քաղաքականությունն ու վերադարձել իր հեղինակած «Հայ իրավական մտքի գանձարան» գրքի 3-րդ հատորի վրա աշխատանքին։ ԱԺ ընտրություններին մասնակցելու վրա դեռեւս «մտմտում» է նաեւ ձախ սոցուժերի «Սոցիալիստական Հայաստան» միավորման կողմից առաջադրված թեկնածու Գառնիկ Մարգարյանը։ Ի տարբերություն նախորդների «կրթական» նկրտումների, այս թեկնածուն նպատակ ուներ «սոսնձել» ընդդիմության ուժերը, ու դրա համար նույնիսկ իր 4 եղբայրներին խորհուրդ է տվել ոչ թե իրեն ընտրել, այլ նախ՝ Գեղամյանին, ապա՝ Դեմիրճյանին։ Նախագահական ընտրությունները պարոն Մարգարյանը գնահատեց «խայտառակ, չլսված-չտեսնված խախտումներով», որն եղել է «ընդամենը աթոռների պահպանում»։ Չնայած դրան, նախկին թեկնածուն համարում է, որ իրենք (ընդդիմությունը) հաղթանակել են, քանի որ «Քոչարյանը երկար չի մնա, որովհետեւ շտիկների վրա ստեղծված իշխանությունը Բաբելոնյան աշտարակի պես շուտով քանդվելու է»։ ՌՈՒԶԱՆ ԱՐՇԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել