Լրահոս
Օրվա լրահոսը

ՈՉ-ՈՔԻՆԵՐ՝ ՀՕԳՈՒՏ ԿՐԱՄՆԻԿԻ

Մարտ 07,2003 00:00

ՈՉ-ՈՔԻՆԵՐ՝ ՀՕԳՈՒՏ ԿՐԱՄՆԻԿԻ Լինարեսում ավարտին մոտեցող շախմատի 20-րդ կարգի գերմրցաշարի 10-րդ տուրում բոլոր երեք պարտիաներն էլ՝ Վալյեխո-Կրամնիկ, Պոնոմարյով-Ռաջաբով, Կասպարով-Լեկո, ավարտվեցին խաղաղ արդյունքով։ 10 տուրից հետո մրցաշարային աղյուսակը միանձնյա շարունակում է գլխավորել ռուսաստանցի Վլադիմիր Կրամնիկը՝ 5,5 միավոր։ Սակայն նրա դիրքերը անչափ անկայուն են, քանի որ Գարրի Կասպարովը եւ հունգարացի Պետեր Լեկոն կրնկակոխ հետապնդում են նրան եւ առայժմ ետ են մնում ընդամենը կես միավոր։ Այս մրցակցությունում, անշուշտ, չի կարելի անտեսել նաեւ աշխարհի ներկայիս ուժեղագույն գրոսմայստերներից եւս մեկին՝ հնդիկ Վիշվանաթան Անանդին։ Ընդհանրապես, Լինարեսում ծավալված պայքարն անչափ հետաքրքիր ու դրամատիկ է ընթանում։ Թվում էր, թե այս տարի կայանալիք աշխարհի միասնական չեմպիոնի մրցամարտի չորս մասնակիցները՝ Կասպարովը, Կրամնիկը, Լեկոն եւ Պոնոմարյովը, որոնք մեկ անգամ չէ, որ ապացուցել են իրենց բարձր կարգը, պետք է որ շոշափելի առավելություն ունենային մյուս, ավելի երիտասարդ ու համեմատաբար քիչ փորձառություն ունեցող Վալյեխոյի ու Ռաջաբովի նկատմամբ։ Բայց, ինչպես ցույց է տալիս իրադարձությունների զարգացումը, նրանք էլ ամուր ընկույզ են ու ամենեւին էլ չեն ընկճվում իրենց ավագ ընկերների հեղինակությունից։ Լինարեսում իրեն լավագույն կողմերով է դրսեւորում հատկապես 15-ամյա Թեյմուր Ռաջաբովը, որի խաղը հաճելիորեն զարմացնում է մասնագետներին։ Միայն այն փաստը, որ նա երկու հանդիպումների արդյունքով 1,5։0,5 հաշվով առավելության է հասել վերջին երկու տասնամյակում ամենաբարձր վարկանիշ ունեցող Կասպարովի նկատմամբ, ավելի քան տպավորիչ է։ Մի դիտարկում էլ. որքան մոտենում է մրցաշարի եզրագիծը, մասնակիցների մեջ նույնքան մեծանում է պատասխանատվությունը։ Խոսքը հատկապես վերաբերում է նրանց, ովքեր հավակնում են հաղթողի կոչմանը։ Գուցե դա է պատճառը, որ ոչ ոք չի ցանկանում ավելորդ ռիսկի դիմել, որը կարող է դառնալ նաեւ չարդարացված ու, հավանական է, սպասում է մյուսների ձախողմանը։ Համենայնդեպս, տպավորությունն այդպիսին է։ Ու դա հուշում են նաեւ գրանցվող ոչ-ոքիները։ Երեկ կայացած 11-րդ տուրում Կասպարովն ազատ էր։ Լեկոն հանդիպեց Պոնոմարյովի, Ռաջաբովը՝ Վալյեխոյի, Կրամնիկը՝ Անանդի հետ։ Ա. ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել