Լրահոս
Օրվա լրահոսը

Մենք էլ «սոլիդարնոստ» ունենք

Մարտ 08,2003 00:00

Մենք էլ «սոլիդարնոստ» ունենք «Մեր քայլերը նպատակաուղղված են լինելու մեր երկրի ապագային, արդարությանն ու ազատության հաստատմանը»,- երեկ «Համերաշխություն» կուսակցության կայացած հիմնադիր համագումարում հայտարարեց ՀՀ կապի եւ տրանսպորտի նախարար Անդրանիկ Մանուկյանը։ Վերջինս նորաստեղծ կուսակցության առաջնորդն է եւ Հանրապետական վարչության անդամ։ Կուսակցության Հանրապետական վարչության նախագահը նախկին ԱԻՄ-ական Ներսես Զեյնալվանդյանն է։ Կուսակցությունը, թերեւս, ստեղծվել է Ն. Զեյնալվանդյանի հետ ԱԻՄ-ից հեռացածներով։ Ինչպես բացատրեց Ա. Մանուկյանը՝ «նրանք այդ կուսակցությունում իրենց տեղը չգտան», եւ «ես ԱԻՄ-ը չեմ քանդել։ Այն քանդեցին մարդիկ, ովքեր կուսակցությունն անձնական նպատակների համար էին օգտագործում։ Ես նման խնդիր չունեմ»։ Ա. Մանուկյանը իր ուրախությունը հայտնեց նաեւ, որ «դահլիճն ուսանողներով չենք լցրել, որ թվաքանակ ապահովենք», այլ, ըստ նրա, կուսակցության անդամները քրիստոնեադեմոկրատական գաղափարի շուրջ համախմբվածներ են։ Ինչ վերաբերում է Ա. Մանուկյանի այլեւս հանրապետական չլինելուն՝ «ես հարգում եմ այդ կուսակցությունը, նրա ղեկավարներին, ունենք ջերմ հարաբերություններ, պատրաստ ենք համագործակցել» եւ «մենք սիրով ենք բաժանվել»։ Պարոն Մանուկյանը հատուկ ընդգծեց նաեւ, որ «որեւէ պատվիրակի ներկա գտնվելու համար իմ նախարարական դիրքը եւ պորտֆելը չեմ օգտագործել»։ Իսկ մեր կուսակցականացված հասարակությունում եւս մեկ կուսակցության ի հայտ գալը նախարարն այսպես պարզաբանեց. «Ինձ համար անընդունելի է քաղաքական դաշտի կուսակցությունների այս գործելաոճը»։ Նա նկատի ուներ թե «ինչպես են կուսակցականները ժողովրդին բաժանում եւ թշնամացնում»։ Ուստի այս «աղտոտված եւ անորոշ քաղաքական դաշտում մենք որոշեցինք ստեղծել «Համերաշխություն»։ Մենք պետք է պայքարենք չարության, ատելության, անհանդուրժողականության դեմ»։ Իսկ Ներսես Զեյնալվանդյանը խոսելով «որպես հայ քաղաքացի, հայ մարդ», նկատեց, որ «մենք դատապարտված էինք այս կուսակցությունը ստեղծել, քանզի այս քաղաքական ուժը պետք է իր կազմակերպված ձեւը ստանար»։ Ըստ Ներսես Զեյնալվանդյանի, կուսակցականները համերաշխություն են քարոզելու։ Անգամ «ընդդիմախոսելու ենք համերաշխորեն»։ Համագումարը որոշում ընդունեց նաեւ մայիսի 25-ին կայանալիք ՀՀ ԱԺ ընտրություններին կուսակցության մասնակցության վերաբերյալ՝ դրա հետ կապված բոլոր խնդիրների լուծման իրավունքը վերապահելով Հանրապետական վարչությանը։ Բանախոսներն, իհարկե, չմոռացան պատվիրակներին շնորհավորել հին նախագահի նոր ընտրության առթիվ, որը, ըստ Ա. Մանուկյանի, «երկրորդ փուլում համոզիչ հաղթանակ տարավ»։ Իսկ Ներսես Զեյնալվանդյանը նկատեց, որ «մեզանից յուրաքանչյուրն իր համեստ ներդրումն ունի»։ Ի դեպ, հիմնադիր համագումարին չինովնիկներ ներկա չէին, քանզի նախաձեռնողները հարմար չէին գտել։ Իրենց ներկայությամբ պատվել էին որոշ հրավիրյալ կուսակցականներ։ Ն. ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել