Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԵՂԱՎՈՐԸ ՍԵՔՍՆ Է

Մարտ 08,2003 00:00

ՄԵՂԱՎՈՐԸ ՍԵՔՍՆ Է «Ինչ մեծ աչքե՜ր ունես, մեծ ականջներ։ Վա՜յ, պո՞չդ ինչու է այսքան մեծ»,- հարցրեց Կարմիր գլխարկը տատիկի մահճակալին փռված, տատիկի գիշերազգեստով «քողարկված» Գայլին։ «Սա պոչ չէ»,- պատասխանեց վերջինս ու կարմրեց։ Պարզվում է, որ շատ տարածված ու ոչ այնքան համեստ այս անեկդոտը ոմանց համար ստեղծագործելու լուրջ խթան է հանդիսացել։ Մեկը հայ ծաղրանկարիչ Ռուբեն Ալանակյանն է, մյուսը՝ մոսկվացի Ալեքսանդր Մարկելովը։ Ռ. Ալանակյանի մասին «Առավոտն» արդեն գրել է, նրա հեղինակային իրավունքը մեկ անգամ արդեն ոտնահարվել էր «Արգումենտի ի ֆակտի» թերթի կողմից, ինչի մասին տեղյակ ենք պահել ընթերցողին։ Այս անգամ, ըստ Ռ. Ալանակյանի, նման քայլի է դիմել «Վոկրուգ սմեխա» ամսագիրը, ուր եւ տպագրվել է Ռ. Ալանակյանի ծաղրանկարը հիշեցնող Ա. Մարկելովի «Կարմիր գլխարկն ու գայլը» ծաղրանկարը։ Ռ. Ալանակյանը պնդում է, որ ծաղրանկարի «ռուսական վարիանտը» տառացիորեն համընկնում է հայկականի՝ իր աշխատանքի հետ։ Այն դեպքում, երբ ինքը 1999-ին է այն տպագրել հայաստանյան մամուլում, իսկ Ա. Մարկելովը՝ միայն վերջերս՝ «Վոկրուգ սմեխա»-ում։ Գուցե «Վոկրուգ սմեխա»-ի հանդեպ Ռ. Ալանակյանի ունեցած դժգոհությունն ու վիրավորանքը չվերաճեր բուռն զայրույթի, եթե վերջինս, Ալանակյանի խոսքով, այս էլ քանի անգամ, չտպագրեր իր ծաղրանկարների հետ համընկնող ծաղրանկարներ ռուսական ստորագրություններով։ «Ընդհանրությունները ծաղրանկարներում հնարավոր են, եթե դրանք ցցուն նմանություններ չեն»,- կարծում է հայ ծաղրանկարիչը։ «Վոկրուգ սմեխա»-ն տպագրել է նաեւ մեկ ուրիշ ծաղրանկար՝ Ի. Ռեվյակինի ստորագրությամբ՝ ապահով սեքսի թեմայով։ Ռուսական տարբերակում լսափողի վրա պահպանակ անցկացրած տղամարդը գոռում է. «Դո՞ւք եք պատվիրել սեքս՝ հեռախոսով»։ Ռ. Ալանակյանի տարբերակում, որը նա «Վոկրուգ սմեխա»-ից մեկ տարի առաջ արդեն տպագրել էր «Կին եւ տղամարդ» թերթում, դարձյալ պատկերված է կին, որը նույնպես պահպանակ է «հագցրել» լսափողի վրա ու հեռախոսի մյուս ծայրում գտնվողին հայտարարում է. «Ես կողմնակից եմ ապահով հեռախոսային սեքսին»։ Ըստ Ռ. Ալանակյանի, «սեքսի թեմայով» ծաղրանկարների հայկական եւ ռուսական տարբերակներում տարբերությունները չնչին են, ընդհանրությունները՝ բավականին շատ, ինչը եւս հավաստումն է այն բանի, որ իր մտահղացումը գողացվել է։ Ինչեւէ, Ռ. Ալանակյանը մտադիր է դիմել «Վոկրուգ սմեխա»-ի խմբագրությանը եւ իր զարմանքը հայտնել տարօրինակ զուգադիպությունների վերաբերյալ։ Հետո, եթե հարկ լինի, պատրաստ է նաեւ դատի տալ այդ ամսագրին։ Տարօրինակ է, որ ծաղրանկարիչը (որը մասնագիտությամբ ֆիզիկոս է) իր «դժբախտությունների» համար մեղավոր է համարում չար ուժերին կամ էլ, իր խոսքով՝ «դրանք Երեւանում գործող սատանիստների արած թուղթուգրի հետեւանք են»։ ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել